Անթալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշարին մասնակցած Հայաստանի վեց մարզիկներից միայն 50 կգ քաշային Մաթեւոս Դավթյանն է մրցանակակիր դարձել՝ արժանանալով «բրոնզե» պարգեւի:
Մեր ազգային հավաքականը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մախաչկալայում, որից հետո Դաղստանի մայրաքաղաքում մասնակցելու է միջազգային ներկայացուցչական մրցաշարի:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարեկան միջոցառումների ծրագրում կարեւոր ու մշտական գրանցում ունի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների համար միջազգային երիտասարդական մրցաշարը, որն արդեն ավանդական է դարձել: Այն այս տարի մեկնարկելու է մայիսի 29-ին, մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում: Թե ո՞ր երկրներն իրենց ըմբիշներին կգործուղեն Երեւան, պարզ կդառնա արդեն մոտ օրերս: