Թե ուր են գնում ՀԹԳՄ նախաձեռնությամբ անցկացված միջոցառումների փողերը
Վերջին շրջանում թատերական գործիչներից ոմանք հրապարակավ խոսում են այն մասին, որ Հայաստանի թատերական գործիչների միությունում (ՀԹԳՄ) փողեր են լվացվում, որ միության կողմից անցկացվող փառատոները դարձել են միջոց՝ մի քանի հոգու անձնական բարօրությունն ապահովելու համար: Ասում են՝ ծուխն առանց կրակ չի լինում: Ու հենց դա է պատճառը, որ մեզ հետաքրքրեցին այս տարի կայացած ՀԹԳՄ-ի ավանդական «Արտավազդ» մրցանակաբաշխության ֆինանսական հոսքերը, որոնց մասին ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը մինչ օրս որեւէ հրապարակային մեկնաբանություն ու բացատրություն չի արել:
Ինչպես հայտնի է, «Արտավազդ-2009»-ը անցկացվեց ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո եւ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հասկանալի է, որ «հովանավորություն» եւ «աջակցություն» բառերը միայն բարոյական իմաստ չունեն: Ներդրումներ է արել նաեւ «Հովնանյան ինտերնեյշընլ» կազմակերպությունը»՝ ի դեմս Վահագն Հովնանյանի, ըստ մեր տեղեկությունների՝ 8 մլն դրամի չափով: Սրանով, անշուշտ, կարելի էր իսկապես ճոխ ու շքեղ հանդիսություն կազմակերպել, ինչի ականատեսը չեղանք: Մրցանակների համար (եղել է 16 մրցանակակիր) հատկացվել է 1 մլն 200 հազար դրամի չափով գումար (յուրաքանչյուրին 50000-ական դրամ), գումարած «Արտավազդների» պատրաստման ծախսը (յուրաքանչյուրը՝ 15 000 դրամ): Ամենամոտավոր հաշվարկներով ու բարի ցանկությամբ, այս ծախսերը չեն անցնում 3 մլն դրամից: Գումարենք նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի վարձակալման գումարը: Իսկ ի՞նչ եղավ մնացած շուրջ 5 մլն դրամը: Այս մասին որեւէ բացատրություն չկա: Ըստ որոշ տեղեկությունների, «Հովնանյան ինտերնեյշընլի» տրամադրած գումարից 3 միլիոնը ծախսվել է «Արմմոնո» փառատոնի կապանյան փուլի համար: Եթե դարձյալ մոտավոր թվաբանական հաշվարկ անենք, գումարենք ու հանենք այս ծախսերը, ապա դարձյալ 2 մլն դրամի «ավելցուկ» է առաջանում: Քաղաքակիրթ երկրներում ընդունված կարգ է, որ հովանավորների ներդրումների չափի մասին արվեն հայտարարություններ, հաշվետվությունները տպագրվեն մամուլում: Ի դեպ, ֆինանսական «մասով» ոչ մի խոսք չի ասվում նաեւ ՀԹԳՄ նախագահության նիստերում:
Կապվեցինք ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ: Նա իրեն ոչ հաճո բոլոր լուրերը փուչիկ որակեց, խոստանալով, որ հաշվետվությունները մի օր կհրապարակվեն: Նաեւ հավելեց, որ գումար է ծախսվել պատվոգրեր տպագրելու, հյուրերի ճանապարհածախսի եւ այլնի վրա: Ինչ վերաբերում է «Արմմոնոյին», Հ. Ղազանչյանի խոսքերով, իրենց ֆինանսապես աջակցել է նաեւ Կապանի քաղաքապետարանը: Թե որքան գումարով՝ դարձյալ չհրապարակեց: