Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը սպառնում է հայ ժողովրդի միասնականությանը: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը: Ըստ նրա, միջազգային կառույցներում Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են միասնաբար հանդես գալ ընդդեմ Հայաստանի, հաղորդում է «Նոյյան Տապանը»: Վ. Խաչատրյանը հիշեցրեց նաեւ Թուրքիայի վարչապետի վերջերս արված այն հայտարարությունները, որոնցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է ղարաբաղյան հարցի կարգավորմամբ, ինչպես նաեւ հնչում է Թուրքիայում աշխատող տասնյակ հազարավոր հայերի արտաքսման սպառնալիքը: Իսկ այն փաստարկները, թե նման հայտարարությունները ներքին օգտագործման համար են, ըստ Վ. Խաչատրյանի, համոզիչ չեն թվում: Հայաստանի քայլերը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նպաստում են Սփյուռքի օտարմանը հայրենիքից, ինչի վառ ապացույցներից մեկն էլ, ըստ պատգամավորի, «Եվրատեսիլում» հայ կատարողների օգտին Սփյուռքի քվեարկության պատկերն էր: Կողմ լինելով հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը՝ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը միաժամանակ կոչ արեց չմոռանալ պատմության դասերը: Նա հիշեցրեց, որ 1921 թվականին ստորագրված Կարսի պայմանագրով առանց հայկական կողմի մասնակցության հայկական տարածքները բաժանվեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Այն ժամանակ էլ Թուրքիան ու Ադրբեջանը գործում էին միասնաբար, իսկ ռուսական պատվիրակությունը դրա վրա ուշադրություն չդարձրեց, եւ հայկական շահերը զոհաբերվեցին ռուս-թուրքական գործընկերության հաստատմանը: