Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայ վարպետը՝ թուրք մզկիթին

Մայիս 20,2009 00:00

\"\"

Ստամբուլի Սկյուտար թաղամասում տեղի է ունեցել Սեմիհա Շաքիր Վաքըֆի կողմից կառուցված մզկիթի հանդիսավոր բացումը, որին ներկա են գտնվել Ստամբուլի քաղաքապետը, կրոնական գործերի տեսուչը, վարչապետ Էրդողանի կինը եւ Թուրքիայի քաղաքական ու կրոնական գործիչներ: Ըստ «Նոյյան Տապանի», մզկիթի ճարտարապետը Զեյնաբ Ֆաթըլըօղլուն է, ով մզկիթի հատակագծի հեղինակ առաջին կին ճարտարապետն է:

Մզկիթի շինարարության ու ձեւավորման մեջ իր մեծ ներդրումն է ունեցել ստամբուլահայ պղնձագործ, երկաթագործ վարպետ Գարեգին Գալայջը, ով թուրքական շրջանակներում հայտնի է Գայա Գալայջ անունով: Նա է պատրաստել Թուրքիայի ամենաբարձր գմբեթի գագաթի կիսաշրջանակաձեւ մահիկը եւ մզկիթի երկու սրածայր մինարեթների մահիկները՝ ծեծված բրնձից: Մուտքի գմբեթաձեւ կանթեղները նույնպես պատրաստվել են բրնձով: Գմբեթների վրա պողպատյա մատիտով փորագրված են տողեր Ղուրանից ու իսլամական աղոթքներից: Գրերն ու պատկերները ուռուցիկ են, ներսից հղկված ու փայլուն: Իսկ մզկիթի արտաքին մասի գմբեթի չորս կողմերին պատկերված են սելջուկյան թեմաներ՝ սարդոստայնի նման բարակ թելերի միահյուսումով: Այդպես են պատրաստված նաեւ բակի 24 պատուհանները՝ երկու մետր բարձրությամբ եւ լայնությամբ: Մզկիթի կանանց հատկացված բաժինը նույնպես զարդարված է այդ մոտիվներով: Պարտեզի մեջ էլ կառուցված են յոթ շքեղազարդ սյուներ: Ինչպես փոխանցում է «Մարմարա»-ն, Գարեգին Գալայջն իր դժվարին աշխատանքի համար արժանացել է հանդիսության մասնակից բարձրաստիճան կրոնավորների ու քաղաքական գործիչների բարձր գնահատականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել