Մայիսի 16-ին Հայաստանի թանգարանները միացել են «Թանգարանային գիշեր» միջոցառմանը, որի շրջանակներում թանգարանները անգամ գիշերով բաց են լինում այցելուների համար: Ակցիային միացել է նաեւ Կապանի միակ՝ Երկրագիտական թանգարանը, որն այսօր օգտագործման համար պիտանի տարածք չունի եւ ցուցանմուշները ներկայացրել է բաց երկնքի տակ: Արդեն մեկ տարի է՝ ինչ Կապանի երկրագիտական թանգարանը տեղափոխվել է նոր տարածք եւ, ինչպես մեզ տեղեկացրեց թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, տարածքը շատ հարմար է, բայց հիմնանորոգման կարիք ունի:
Նախագծա-նախահաշվային աշխատանքները ավարտված են, սակայն անհրաժեշտ գումարը դեռ չի հատկացվել եւ նորոգումը ձգձգվում է: «Թանգարանային գիշերվա» բացօթյա տարբերակը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր եւ հետաքրքրասերների ուշադրությանն են ներկայացվել ազգագրական, հնագիտական արժեքավոր նյութեր, 1906 թվականի հայ-թաթարական ընդհարումների, Զանգեզուրի գոյամարտերի իրեր՝ դաշույններ, հրացաններ եւ այլն:
Այցելուները հնարավորություն ունեին տեսնելու Կապանի երկրագիտական թանգարանում պահվող արժեքավոր շատ նյութեր՝ կարասներ, գորգեր, կենցաղային իրեր: Թանգարանի տնօրենը ցավում է, որ բացօթյա ցուցադրությունը հնարավորություն չտվեց ներկայացնելու թանգարանի 14000 ցուցանմուշները: Իսկ միջոցառման նպատակն էր մարդկանց հաղորդակից դարձնել թանգարանին, սերտացնել թանգարանի հետ հանրության կապը: