Երեկ Երեւանի պետական համալսարանում Թուրքմենստանի դեսպանության եւ ԵՊՀ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կոնֆերանս՝ նվիրված թուրքմեն մեծ պոետ Մախտումգյուլին:
Ինչպես նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի դոցենտ Աշոտ Սողոմոնյանը, թուրքմեն պոետը լավ առիթ է երկու ժողովուրդների հարաբերությունների հետագա բարելավման համար. «Այս գիտական-մշակութային կոնֆերանսը երկու ժողովուրդների հարաբերությունների լավացման ակցիա-միջոցառում է»: Կոնֆերանսը նախնական եւ առաջին քայլերից մեկն է՝ հայ-թուրքմենական պատմամշակութային առնչությունները զարգացնելու ուղղությամբ: «Մենք ցանկանում ենք թուրքագիտության ամբիոնում մտցնել նաեւ թուրքմենագիտությունը, թուրքմեներենի ուսումնասիրությունը, ինչպես նաեւ ադրբեջանագիտությունը: Այսօր կոնկրետ աշխատանքներ տարվում են թուրքմենագիտությունը մտցնելու ուղղությամբ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Աշոտ Սողոմոնյանը:
Կոնֆերանսին ներկա էր նաեւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային խորհրդական Մուհամադ Շաքիբան, որը ավելի ուշ հանդիպեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպման հիմնական թեման իրանական մամուլի 125-ամյակին նվիրված դասախոսությունն էր, որից հետո ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Մուհամադ Շաքիբային:
Ուսանողներին զարմացրեց այն փաստը, որ այստեղ գիտական-մշակութային առնվազն երեսուն էջից բաղկացած ամսագրերը կարելի է ձեռք բերել ընդամենը 50-150 դրամով: Սակայն Մուհամադ Շաքիբան շտապեց բացատրել. «Բանն այն է, որ Իրանում այդ ամսագրերը եւ թերթերը ֆինանսավորվում են պետության կողմից եւ հարկեր չեն վճարում»: Իսկ այն հարցին, թե ինչքա՞ն են վաստակում լրագրողները Իրանում, Մ. Շաքիբան պատասխանեց. «Միջին աշխատավարձը 600 դոլար է (600.000 թուման): Մի մոռացեք, մեր երկիրը նավթի երկիր է»: