Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԵՆ

Մայիս 20,2009 00:00

\"\"Մի խումբ ակտիվիստներ մայիսի 18-ին նամակ են հղել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ուշադրություն հրավիրելով «Եվրատեսիլի» մրցույթում Ադրբեջանի ներկայացրած տեսահոլովակի վրա. իբրեւ ադրբեջանական ճարտարապետական գործ՝ այնտեղ ներկայացված է ԻԻՀ Թավրիզ քաղաքի «Պոետների դամբարանը»:

\"\"Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մեզ մեղադրեցին ուրիշի «հողն ու ունեցվածքը սեփականաշնորհելու» մեջ՝ վկայակոչելով մեր հոլովակում ներկայացված Սարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողը: Բայց, ուրիշի ունեցվածքը սեփական անվան տակ ներկայացնելը հենց ադրբեջանցիներին է հատուկ եւ հենց այն պարզ պատճառով, որ այդ ազգը սեփական անցյալ չունի: Իսկ նյարդային շարժումներով ու բարձրաձայն աղաղակելով, սրա-նրա ականջին նստելով՝ մեծ հաշվով հարց չի լուծվում: Եթե մի որեւէ երգի մրցույթի ներկայացված հոլովակում մի որեւէ հանձնաժողով սրբագրումներ արեց, դրանով հայ ճարտարապետի հեղինակած եւ մեր պատմական հողում գտնվող հուշակոթողը տեղից չշարժվեց: Ի դեպ, հուշակոթողը պատկերող նկարներով զարդարված է ոչ միայն «Եվրատեսիլի» մրցույթում «Հայաստանի միավորները ներկայացնող աղջկա թղթապանակը կամ հետեւի պատը», ինչպես նշում են ադրբեջանցի մեր գործընկերները, այլեւ Հայաստանի շատ տեսարժան վայրեր:

Իսկ ահա ադրբեջանցիները բառացիորեն գողացել են Թավրիզի հուշակոթողը: Այս մասին պարզաբանում ստանալու ակնկալիքով «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» «թեժ գիծը» դիմել է Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն: Հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու պարոն Արդեշիր Ջավադին, մեկնաբանելով ադրբեջանցիների այս քայլը, նախ հաստատել է, որ հուշակոթողը Թեհրանինն է եւ հայտնել է, որ իրենք այս հարցով դիմել են Թեհրան. «Այս պահին քննարկվում է՝ արդյո՞ք ադրբեջանցիների այդ քայլը ԻԻՀ ազգային անվտանգության համար վտանգ է ներկայացնում»:

Դե, իհարկե, քանի որ մեր հարեւանները սարսափելի աղքատ մշակույթ ունեն, սիրում են վերցնել ուրիշինը, ինչպես Արարատը, որին տարբեր անուններ են տալիս՝ Ագրի, Ագրիդագ, եւ այլ պատմական հուշարձաններ ու կոթողներ, որոնց կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

Հ. Գ. Trend life-ը օրերս հրապարակել է Միխայիլ Բուլգակովի ժառանգների բողոքն առ այն, որ ադրբեջանցի թարգմանիչ Սադայ Բուդագլին ապօրինաբար, առանց Բուլգակովի ժառանգների թույլտվության, թարգմանել է գրողի հայտնի գործը՝ «Վարպետը եւ Մարգարիտան» ու հրապարակել: Հեղինակային իրավունքի միջազգային կոնվենցիայով, որին միացել է նաեւ Ադրբեջանը, նման դեպքերի համար սահմանված են տուգանքներ: Սակայն այս անգամ ժառանգները որոշել են մեծահոգաբար ներել թարգմանչին: Իսկ Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը անցյալ շաբաթ թարգմանչին շնորհել է «Ոսկե խոսք» մրցանակը՝ հենց այս թարգմանության (գողության) առիթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել