Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՇՆՈՐՀԱԿԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ»

Մայիս 20,2009 00:00

Հայաստանի ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմնի պատասխանը «Առավոտ» օրաթերթի 2009 թ. մայիսի 12-ի խմբագրականին

«Առավոտ» օրաթերթի խմբագիրը, 2009 թ. մայիսի 12-ի համարի «Չգործող մեխանիզմներ» խմբագրականում, անդրադառնալով Հայաստանի ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմնի գործունեությանը եւ, մասնավորաբար, այս մարմին՝ «Առավոտ» եւ «168 ժամ» օրաթերթերի ներկայացրած բողոքին, դժգոհություն էր հայտնում այն մասին, թե Հայաստանի ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմինը իր բողոքի կապակցությամբ որեւէ եզրակացության չի եկել:

Իսկապես, Էթիկայի վարքականոնը ստորագրած ԶԼՄ-ներից մեկը «Առավոտ» եւ «168 ժամ» օրաթերթերի մասին ճշմարտությանը չհամապատասխանող տեղեկություններ էր հրապարակել 2008 թ. մարտի 11-ին, եւ այս թերթերը դիմել էին Հայաստանի ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմնին մարտի 13-ին, ու մինչեւ «Առավոտ» թերթի մայիսի 12-ի «Չգործող մեխանիզմներ» վերնագրով խմբագրականը՝ Դիտորդ մարմինը բողոքի մասին որոշում չէր կայացրել:

Մեզ համար զարմանալի եւ տարակուսելի է «Առավոտ» օրաթերթի դժգոհությունը մի շարք պատճառներով:

Խմբագրին վաղուց հայտնի էր, որ Հայաստանի ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմինը կամավոր հասարակական հիմունքներով գործող, առայժմ որեւէ իրավական կարգավիճակ չունեցող էքսպերիմենտալ մարմին է: Այս մարմնի անդամ 7 հոգին բազմազբաղ մարդիկ են, չափազանց ծանրաբեռնված հիմնական աշխատանքով ԶԼՄ-ներում եւ հասարակական կազմակերպություններում, գործի բերումով ստիպված են հաճախ ճամփորդել եւ իրենց համար դժվար է հաճախակի կազմակերպել հանդիպումներ, ապահովելով բոլորի մասնակցությունը: Սակայն նրանք պատրաստակամությամբ արդեն մոտ երկու տարի անշահախնդիր ծառայություններ են մատուցում մասնագիտական էթիկայի Վարքականոնին միացած ԶԼՄ-ներին եւ իրեն դիմող քաղաքացիներին: Ընդ որում, Դիտորդ մարմինը բազմաթիվ երկրներում գործող այս կարգի կազմակերպություններից միակն է, որ իր հիմնադիր լրատվամիջոցներից չի ակնկալում եւ չի ստանում որեւէ նյութական աջակցություն, հետեւապես իրավունք ունի վերջիններիս կողմից արժանանալու ավելի ըմբռնող եւ շնորհակալ վերաբերմունքի, քան այն դրսեւորվել է տվյալ պարագայում «Առավոտ» օրաթերթից:

Խմբագրին հայտնի է նաեւ, որ Դիտորդ մարմինը միջին հաշվով 40 օրը մեկ անգամ նիստ է գումարում, կաշկանդված չէ օրացուցային ժամկետներով եւ, գտնվելով կազմավորման փուլում, ավելին չի կարող անել:

Խմբագիրը տեղյակ էր նաեւ, որ «Առավոտ» ու «168 ժամ» թերթերի բողոքը ստանալուց 2 շաբաթ անց Դիտորդ մարմինը մեկ անգամ այն քննարկել էր արդեն, կազմել էր եզրակացության նախագիծ, հետաձգելով նրա հրապարակումը որոշ փաստերի ճշտման անհրաժեշտության պատճառով: Այս զարգացումներին լավատեղյակ էր «Առավոտ» օրաթերթի ընթերցողների օմբուդսմենը, եւ, ամենագլխավորը, խմբագիրը տեղյակ էր, որ իր խմբագրականի լույսընծայման օրը տեղի էր ունենալու Դիտորդ մարմնի նիստը, ուր քվեարկության էր դրվելու իր բողոքի մասին եզրակացության վերջնական տեքստը: Բացի այդ, խմբագիրը տեղյակ էր, որ Դիտորդ մարմինը այս գործով գրավոր եզրակացություն էր ունենալու ցանկացած դեպքում եւ պարտադիր գրավոր պատասխանելու էր «Առավոտ» ու «168 ժամ» թերթերին: Նախկինում էլ Դիտորդ մարմինը մի քանի բողոք է քննել, երբ քննությունը ցանկալիից երկար է ձգվել եւ տեւել է 2-3 ամսից ավելի, բայց բոլորի համար էլ հստակ է եղել, որ դրա պատճառները միայն տեխնիկական են եղել: Ընդսմին, բողոք ներկայացրած անձինք միշտ էլ հնարավորություն են ունեցել համոզվելու, որ եզրակացության ուշացումն օբյեկտիվ հիմքեր ունի: Նույն հնարավորությունն ուներ նաեւ «Առավոտ» օրաթերթի խմբագիրը, եւ նույնիսկ, պիտի որ տեղյակ լիներ եզրակացության ուշացումը պայմանավորող որոշ հանգամանքների մասին:

Թե ինչու այս ամենին տեղյակ խմբագիրը որոշեց նման խմբագրական գրել, մեզ համար մնում է անհասկանալի:

Համարում ենք, որ Հայաստանի ԶԼՄ էթիկայի Վարքականոնը եւ Դիտորդ մարմինը ընդհանուր առմամբ կատարում են իրենց առաքելությունը հնարավորությունների սահմաններում եւ նրանց համեմատությունը բազմաթիվ այլ չգործող կառույցների ու մեխանիզմների հետ տեղին չէ: Միաժամանակ, մենք էլ ենք գտնում, որ այս մարմնի աշխատանքը կարող է ավելի հրատապ եւ հետեւողական լինել: Բայց դա կախված է լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգի հետագա ինստիտուցիոնալացումից, որին պետք է նպաստեն հենց իրենք՝ նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները: «Առավոտը» այդ գործընթացի սկզբից եղել է նրա հիմնական մասնակիցներից մեկը, եւ ցավալի է, որ տվյալ դեպքում թերթի խմբագիրը որոշել է «կողքից քննադատողի» դեր ստանձնել:

ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԻՄԱՆՈՒԻԼ ՄԿՐՏՉՅԱՆ

ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆ

ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հայաստանի ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմնի անդամներ

Հարգարժան գործընկերների հետ բանավեճի մեջ չմտնելով, պարզապես հայտնենք, որ Դիտորդ մարմնի խնդրո առարկա եզրակացությունը «Առավոտն» առայսօր չի ստացել՝ չնայած ԵՄԱ ամփոփագրից տեղյակ ենք, որ նման եզրակացություն կա: Սակայն առավել կարեւորն այն է, որ եզրակացությունն առայսօր չի հրապարակել այն թերթը, որի հոդվածը դարձել է մեր բողոքի պատճառը: Իսկ եզրակացության հրապարակումը, մեր կարծիքով, ինքնակարգավորման մեխն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել