Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԸ՝ ԿՅԱՆՔԻ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ

Մայիս 20,2009 00:00

\"\"Պետական կառույցների անտարբերության արդյունքում խաշթառակցի Արտակ Ոսկանյանի անձը հաստատող միակ փաստաթուղթը գոյություն չունեցող պետության անձնագիրն է:

«Իտալացիների անհավատալի արկածները Ռուսաստանում» ֆիլմում ինչ զրկանքներ ասես, որ չի կրում Ռուսաստան մեկնող բժիշկը, ում անձնագիրը գողացել էին օդանավում: Առանց «անձը հաստատող հիմնական փաստաթղթի»՝ կյանքը դժոխք էր դարձել ու սահմանափակվել նույն ինքնաթիռի սրահով:

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 34-ամյա բնակիչ Արտակ Ոսկանյանն էլ նման վիճակում է՝ անձնագիր չունի: Խորհրդային Միությունը 18 տարի առաջ փլուզվել է, սակայն Արտակի գրպանում գոյություն չունեցող երկրի կարմիր անձնագիրն է: Մեր պատմության հերոսը բնակվել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում, մորական պապի տանը: Այս գյուղում էլ ավարտել է 7-րդ դասարանը, հետո մեկնել Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում բնակվող ծնողների մոտ: 1991 թվականին վերադառնալով Հայաստան՝ դեկտեմբերի 23-ին Իջեւանի ՆԳ բաժնից ստացել է խորհրդային նմուշի XII-CL սերիայի թիվ 604479 անձնագիրը: Նույն թվի դեկտեմբերի 23-ից մինչ օրս հաշվառված է Խաշթառակ գյուղում: 1992թ. նոյեմբերի 11-ին սրտի հիվանդությունից 35 տարեկան հասակում մահացել է Արտակի մայրը՝ Սեդա Սարհատյանը: 2000 թվականին մահացել է Արտակի հայրը՝ Դմիտրի Ոսկանյանը: 25 տարեկանում Արտակն առանց ծնողների է մնացել:

Արտակը պատմում է, որ 19 տարեկանում կամավոր ներկայացել է Իջեւանի զինկոմիսարիատ, որպեսզի իրեն զինվորական հաշվառման վերցնեն: Ինչը, սակայն, չի արվել: Երբ հանրապետությունում սկսել են նոր՝ ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնել, նա կրկին գնացել է Իջեւանի զինկոմիսարիատ եւ ՆԳ Իջեւանի բաժին՝ նոր, հայկական անձնագիր ստանալու համար: Սակայն կրկին նույն պատճառաբանությամբ (Արտակը Իջեւանի զինկոմիսարիատում զինվորական հաշվառվում չուներ) մերժել են նրան հայկական անձնագիր տրամադրել: Արտակ Ոսկանյանն ասում է, որ Խաշթառակ համայնքի բոլոր ղեկավարներն էլ տեղյակ էին իր խնդրին: Անցած 18 տարում Արտակը Իջեւանի տարածաշրջանից չի բացակայել, ժամկետային զինվորական ծառայությունից չի խուսափել, այդ պատճառով հետախուզման մեջ չի գտնվել, ինչը հաստատվում է նաեւ այն բազմաթիվ նամակներով, որ Արտակը հասցեագրել է տարբեր պաշտոնյաների ու պատասխաններ ստացել: 2008 թվականի հունիս 14-ին, հոկտեմբերի 29-ին, 2009-ի փետրվարի 16-ին նա դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Դիմել է նաեւ հանրապետության վարչապետին եւ այլոց: Ի պատասխան իր բազմաթիվ դիմումների՝ գրեթե նույն պատասխանն է ստացել: Ահա թե ինչ է անցյալ տարվա փետրվարի 26-ին Արտակ Ոսկանյանին գրել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Կ. Քոչունցը. «Ձեր զինվորական հաշվառման հարցի վերաբերյալ դիմումը՝ հասցեագրված ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին, ուսումնասիրվել է ՀՀ զինվորական կոմիսարիատում: Ուսումնասիրության արդյունքում հայտնում եմ, որ Ձեր զինվորական հաշվառման հարցն անհրաժեշտ է լուծել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում»: Նույն գրության մեջ, որի պատճենը ուղարկվել է Իջեւանի զինվորական կոմիսարին, ՀՀ զինկոմը Իջեւանի զինկոմին հրահանգել է. «Ձեզ անհրաժեշտ է հրավիրել Ա. Ոսկանյանին զինվորական կոմիսարիատ, պարզաբանել վերը նշված օրենքի պահանջները եւ անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով փաստաթղթերը եւ անձնական գործը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը»: ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանն էլ 2008թ. նոյեմբերի 14-ին պարզաբանել է. «Դուք ՀՀ քաղաքացու անձնագրով կարող եք փաստաթղթավորվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի անձնագրային ծառայությունում՝ Իջեւանի զինկոմիսարիատում զինհաշվառման կանգնելուց հետո»: Խնդիրն ավելի պարզ է դառնում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանի գրությունից. «Օրենքի խախտմամբ հետագայում տարկետման իրավունք ձեռք բերած ՀՀ քաղաքացիները մինչեւ 35 տարեկան դառնալը կարող են հաշվառվել տարածքային զինկոմիսարիատներում միայն ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ: Ձեր անձնական գործը մի քանի անգամ ուղարկվել է միջգերատեսչական հանձնաժողովին, սակայն սահմանված գումարը չմուծելու պատճառով որոշում չի կայացվել»: Սահմանված գումարը այս դեպքում կազմում է 1 միլիոն 800 հազար դրամ: Պաշտոնյաները իրենց պատասխաններում պարտադիր ընդգծել են «օրենքի խախտմամբ» արտահայտությունը, սակայն իրականում ո՞վ է խախտել օրենքը: Ահա թե ինչ է գրում Արտակ Ոսկանյանը ՀՀ նախագահին ուղարկված դիմումում.

«Ո՞վ է խախտել օրենքը՝ օրենքը պահպանելուն կոչված պաշտոնյա՞ն, թե՞ որբացած, թափառական կյանքով ապրել սկսած պատանին, որը ոչ սեփականություն ունի, ոչ կրթություն է ստացել, որն ընդամենը մնացել է հարազատների տված օթեւանին, որ փողոցում չգիշերի, իսկ հանապազօրյա հացը վաստակում է չարքաշ բանվորությամբ՝ նախկինում ֆիզիկապես առողջ, այժմ կեսմարդ դարձած: Տեր չեմ ունեցել, որ ինձնով զբաղվեր, զինկոմիսարիատի ուշադրությունից դուրս եմ մնացել՝ չնայած 1991 թվականից գրանցված եմ Խաշթառակ գյուղում, հաշվառված եմ որպես Խաշթառակի բնակիչ, ընկերներս ծառայությունն ավարտած՝ հերթով վերադարձել են, իսկ ես անձամբ զինկոմիսարիատ ներկայացած՝ որպես մարդ էլ հաշվի չեմ առնվել. ի՞նքս ինձ ՀՀ զինված ուժերում պիտի գրանցեի, հաշվառեի, ապա զորակոչեի բանակ…»:

Զավեշտալի է ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ, փոխգնդապետ Սամվել Գալստյանի պատասխանը, որը Արտակ Ոսկանյանը ստացել է 2008 թվականի ապրիլի 7-ին. «Ձեր զինհաշվառման չվերցնելու պատճառը ճշտելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժնի կողմից հարցում է արվել Իջեւանի զինկոմիսարիատ: 24.12.2007թ. 4/736 գրությամբ ստացվել է պատասխան, համաձայն որի Դուք Իջեւանի զինկոմիսարիատում հաշվառված չեք»:

Այ թե «գտել են» չհաշվառելու պատճառը եւ մեղավորին: Իջեւանի զինկոմիսարիատը հո իրեն մեղավոր չէր ճանաչի, որ այդքան տարի չի հաշվառել եւ զորակոչել Արտակ Ոսկանյանին: Վերջինս անձնագիր եւ զինգրքույկ չունենալու պատճառով չի կարողանում աշխատանք գտնել, այժմ նա մոտ 200 հազար դրամ պարտք ունի: Լյարդի եւ ստամոքսի հիվանդությամբ է տառապում, սակայն կրկին անձնագրի պատճառով չի կարողանում Երեւանում հետազոտման ենթարկվել: 3 տարի առաջ Արտակ Ոսկանյանն ամուսնացել է, այժմ մի տարեկան որդի ունի, սակայն դարձյալ չարաբաստիկ անձնագրի պատճառով փոքրիկ Նարեկը ծննդյան վկայական չունի: Անձնագիր, աշխատանք, տուն չունենալով՝ Խաշթառակի գրանցում ունեցող 34-ամյա երիտասարդը ընտանիքի հետ բնակվում է Իջեւան քաղաքում՝ երկրորդ խմբի հաշմանդամ աներոջ եւ երրորդ խմբի հաշմանդամ զոքանչի հարկի ներքո: ՀՀ նախագահին ուղղված դիմումի մեջ Ա. Ոսկանյանը նշում է, որ իրեն անձնագիր տրամադրելու համար պաշտոնյաները միայն «դրամական ուղին» են մատնանշում: Մի՞թե խնդիրը «անփող» լուծում չունի՝ երկրի ղեկավարին հարցնում է կյանքի լուսանցքում հայտնված երիտասարդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել