Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՊԱԿ-ները կարեւոր են

Մայիս 20,2009 00:00

Գլխավոր դատախազը կարծում է, որ իրավապահ մարմիններն ի վիճակի չեն բացահայտել բոլոր հանցագործությունները

2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության տարբեր մարզերում սկսեցին ձեւավորվել Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոններ (ՇՊԱԿ), որոնք, ըստ էության, հակակոռուպցիոն կազմակերպություններ են: Լոռու մարզում նույնպես գործում է հակակոռուպցիոն կենտրոն՝ «Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ուժերով:

«Երբ այլեւս տարբերակ չկա խնդիրը լուծելու, դիմում են մեզ: 3-4 տարի առաջ բողոքներն ավելի քիչ էին: Այսօր մարդիկ ահազանգում են եւ դա այնքան էլ ծրագրով չէ պայմանավորված, ինչ-որ մի բան փոխվել է: Ճիշտ է՝ հեռախոսազանգերն ավելի շատ են լինում, բայց հետո ընթացք չեն տալիս, չեն ներկայանում գրասենյակ»,- ասում է Լոռու մարզի ՇՊԱԿ ղեկավար Արթուր Սաքունցը: Փոխարենը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է մայիսի 15-ին այցելել Վանաձոր՝ տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը:

«Բոլոր գործընթացները՝ կապված քաղաքացիական հասարակության ձեւավորման հետ, մեզ թելադրում են նման կառույցներ ձեւավորել, որոնք պիտի լինեն հերթական կամուրջներից մեկը, որի միջոցով հանրությունը կկարողանա կապվել իրավապահ մարմինների հետ, վստահ լինելով, որ այս կամ այլ հարցի վերաբերյալ կա հասարակական վերահսկողության ինչ-որ մեխանիզմ»,- հայտարարել է գլխավոր դատախազը: ՇՊԱԿ կա նաեւ Իջեւանում, սակայն իրավապահ մարմինները կենտրոնից որեւէ դիմում-բողոք չեն ստացել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ: «Այնտեղ կենտրոնը կարծես դարձել է իրավաբանական օգնություն ցուցաբերող կազմակերպություն, քանի որ դիմումները հիմնականում քաղաքացիա-իրավական բնույթի էին»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Վանաձորում վիճակը այլ է: «Վանաձորում էլ փոքր-ինչ կարծես թե խառնված է քաղաքացիական ասամբլեայի գործունեությունը ՇՊԱԿ-ի հետ: Հնարավոր չի լինում տարբերակել, թե որն է ՇՊԱԿ-ի գործունեության արդյունքում ձեւավորված հաղորդումը, որն է գրասենյակի հաղորդումը: Չնայած այս երկուսը միմյանց չեն հակասում, սակայն ՇՊԱԿ-ը պետք է առանձին գործի»,- հայտարարել է Սոնա Տռուզյանը: Իսկ Աղվան Հովսեփյանի առաջարկով եւ առավել արդյունավետ համագործակցության նպատակով ՇՊԱԿ-ները եռամսյակը մեկ գլխավոր դատախազությանը կներկայացնեն տեղական իրավապահ մարմինների ստացած հաղորդումների եւ ընթացքի մասին տեղեկատվություն՝ արդյունավետ համագործակցության նպատակով:

Վերջում լրագրողներից մեկի այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Լոռու մարզը հայտնի է իբրեւ «կրիմինալ» մարզ, որտեղ կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ, մասնավորաբար՝ մարզի դատախազի սպանությունը, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես չէի ասի, թե Լոռու մարզն առանձնանում է «կրիմինալ» հատկանիշներով: Այս մարզն ավելի մեծ բնակչություն ունի եւ եթե համեմատելու լինենք հանցագործությունների թիվը, չեմ կարծում, որ մարզը առանձնանում է հանրապետությունում: Ինչպես Լոռիում, այնպես էլ այլ մարզերում կան հանցագործություններ, այդ թվում՝ նաեւ ծանր, որ բացահայտված չեն: Իրավապահ մարմիններն ի վիճակի չեն բացահայտել բոլոր հանցագործությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել