Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղում են ջրագծերի վրա

Մայիս 20,2009 00:00

Վերջին շրջանում Գյումրիում մեծ աղմուկ է բարձրացրել այն հարցը, որ 1-ին՝ հին գերեզմանոցի շրջակայքում մահացածներին հուղարկավորում են ջրագծերի վրա՝ վտանգելով 3 խոշոր թաղամասերին՝ «Կազաչի պոստին», Մսի կոմբինատին եւ Բանավանին մատակարարվող ջրի որակը: Ըստ «Շիրակջրմուղկոյուղու» գլխավոր տնօրենի օգնական Ստյոպա Պետրոսյանի, այս պատմությունը սկսվել է երկրաշարժից հետո՝ «անիշխանության տարիներին», երբ մարդիկ երկաթգծի գերեզմանոցից դուրս ինքնակամ գերեզման են հիմնել ու մահացածներին սկսել թաղել ջրմուղի 250 միլիմետրանոց թուջե խողովակների վրա: «Խողովակի շահագործման ժամկետը վաղուց անցել է, այն կառուցվել է 40-50-ական թվականներին, Աստված մի արասցե, եթե խողովակաշարի հետ մի դեպք պատահի, մենք չենք կարող ոչ թաղամասը ջրազրկել, քանի որ մի քանի հազար բնակչություն ունի, ոչ էլ շիրիմները քանդել՝ վթարը վերացնելու համար: Դա բավականին լուրջ խնդիր է: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ծրագիր ենք մշակել, թե ինչպես կարող ենք ջրագիծը ավելի քիչ ծախսերով շրջանցել, հանել շիրիմների տակից: Երեկ երեկոյան սկսել ենք այդ տարբերակներից մեկը, չնայած վստահ չենք, որ դա վերջնական է, որովհետեւ ցանցն այնպիսին է, որ մեզ մոտ՝ փաստաթղթերում, չի երեւում, թե որտեղից է կառուցված, ուր է գնում: Ուղղակի պեղումներ ենք կատարել ու մոտավորապես հասկացել ենք, թե մեր անելիքը որն է, երեկ երեկոյան ջրագիծը կտրել ենք՝ տեսնելու համար, թե որ թաղամասը կամ որ զորամասը կջրազրկվի, որպեսզի նախնական անելիքներս իմանանք»,- ասաց Ս. Պետրոսյանը: Ըստ նրա, բարձրացված հարցը լուծում չի ստանում, իսկ ջրագծերի վրա ամեն օր նոր դիակներ են հայտնվում. «Դա քաղաքապետարանի տարածքը չէ, այն պատկանում է Երկաթգծին, բայց, նորից եմ կրկնում, որ շատ վտանգավոր է, բավականին մեծ ճնշում կա էդ ջրագծում, եւ եթե մի վթար լինի՝ հնարավոր է շիրիմներն ամբողջությամբ հօդս ցնդեն, իսկ մենք չենք կարողանա որեւէ շիրիմ քանդել, ոսկորները տեղափոխել, որ ջրի վթարը վերացնենք, կամ ջրագիծը կտրել, փակել, մի ամբողջ թաղամաս ջրազրկել, դրա համար օր առաջ փորձում ենք այդ հարցը լուծել»: Ըստ նրա, նման խնդիր կա նաեւ Մեծ Քեթիի գյուղով անցնող Հողմիկ-Մարալիկ ջրագծի վրա, որտեղ կառուցվել են անասնագոմ, տներ, Ազատանի գերեզմանոցը եւս աստիճանաբար բարձրանում է դեպի այդ ջրագիծը: Հացիկ, Հովունի գյուղերի գերեզմանոցներն էլ այնքան են ընդարձակվել, որ, ամենայն հավանականությամբ, շուտով կծածկեն մայր ջրագիծը: Ըստ Ս. Պետրոսյանի, եթե իրենց հաջողվի ջրմուղի մշակած առաջին տարբերակով հարցը լուծել՝ մոտավորապես 2,5-3 միլիոն դրամ կպահանջվի. «Իսկ եթե չհաջողվի, ստիպված ենք հեռացնել ջրագիծը՝ ծախսելով 20-25 միլիոն դրամ»:

Ս. Պետրոսյանի խոսքերով, «Մենք առաջիկայում հարցը ներկայացնելու ենք կառավարությանը, չնայած գիտենք, որ ֆինանսական միջոցները սուղ են, բայց պետք է աստիճանաբար կարողանանք շրջանցել այդ ջրագծերը, հեռացնենք գերեզմանոցների, անասնագոմերի, բնակարանների տակից: Պատկերացրեք մի անկանխատեսելի դեպք գիշերը տեղի ունենա, մինչեւ տեղեկանանք, արհեստավորներին հավաքենք, բրիգադ կազմենք՝ բավականին լուրջ խնդիր կունենանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել