Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆԻԿՈՒՄՆ» ՈՒ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

Մայիս 20,2009 00:00

Բնակիչները մտածում են փոխել ջրի հունը

\"\"Երբ անձրեւները վարարում են ու սկսվում է ոռոգման շրջանը, Հարավ-արեւմտյան թաղամասին եւ ՍՊԻԴ-ի բուժման՝ «Արմենիկում» հայտնի կենտրոնին հարող հատվածի բնակիչները սկսում են անհանգստանալ. պատճառը հարեւանությամբ անցնող եւ Արմավիրի մարզի հողատարածքները ոռոգող ջրատարն է, որի վթարված, ճաքճքած հիմնապատերից ջուրը լցվում է մարդկանց կացարանները, նկուղները: Հատկապես վարար անձրեւների ժամանակ իրավիճակը դառնում է ավելի վտանգավոր, քանի որ ջուրը դուրս է գալիս ջրատարի ափերից, իսկ տարիներով կուտակված ու չմաքրված աղբը տեղ-տեղ խոչընդոտում է ջրի ընթացքը, ամբարվելով դուրս է գալիս ջրատարից՝ սպառնալիք դառնալով ոչ միայն բնակիչների, այլ նաեւ «Արմենիկում» կենտրոնի համար, որը միջազգային վարկանիշ ձեռք բերելու հավակնություն ունի: Նման իրավիճակներ առաջանալու դեպքում մարդիկ միանգամից վերցնում են բոլոր թասերը եւ լծվում ջրահեռացման աշխատանքներին, իսկ ջրի՝ առավել ուժեղ հոսքերի դեպքում աշխատում են ջրի հունը փոխել՝ հողը փորելով կամ խողովակներ տեղադրելով: Ոմանք էլ փորձում են ջրի ճանապարհը բետոնապատելով փակել: Այդուհանդերձ, տեղի բնակիչները կարծում են, որ նշյալ տարբերակներից եւ ոչ մեկը փրկություն չէ, քանի որ հոսքերն օրեցօր ավելի են մեծանում: «Ջուրը միշտ իր ճանապարհը գտնում է՝ հողը քշելով, քարը ծակելով, հատկապես տվյալ դեպքում՝ տարածքի թեքության պարագայում»,- ասաց տեղացիներից մեկը:

Տեղաբնակները գտնում են, որ միակ ելքը ջրատարը ժամանակավորապես ջրազրկելն է եւ գոնե այդ հատվածի հիմնապատերը հիմնավորապես ամրացնելը:

Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ պետությունը նախորդ տարի հիմնապատերի ամրացման խնդրով մտահոգ՝ մի կլորիկ գումար էր հատկացրել այդ նպատակով: Նշյալ աշխատանքները վստահվել էին մի ընկերության, որի բաժնետերերից մեկը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է («Ճոյտ» մականունով): Սակայն ծրագիրը մեկնարկել, բայց այդպես էլ ավարտին չէր հասցվել: Գումարների մի մասը փոշիացվել էր, մյուս մասն էլ «նպատակային» ծախսվել, բայց կատարված աշխատանքն անորակ էր եղել. հիմնապատերը քանդվել էին: Ի դեպ, այդ մասին բարձրաձայնեց նաեւ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Այժմ խնդիրն ավելի է սրվել, իսկ պետությունը դեռ հանգիստ մտածում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել