Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ծաղկազարդ կամուրջներ՝ Երեւանում

Մայիս 20,2009 00:00

Այս գարնանը Երեւանում ծաղկապատվել են ոչ միայն սիզամարգերը, այլեւ կամուրջները: Մայրաքաղաքի կամուրջների ծաղկային ձեւավորման նախաձեռնությունը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանինն է: Ծրագրի արդյունքում ծաղկապատվել են Հաղթանակի եւ Կիեւյան, Մյասնիկյան եւ Իսակովի պողոտաների 2-ական կամուրջները, Խանջյան-Չարենց-Կորյուն խաչմերուկում գտնվող երկու վերգետնյա անցումները: Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի տեղեկացմամբ, քաղաքապետի այս նախաձեռնությանը արձագանքել են 5 մասնագիտացված ընկերություններ, որոնց առաջարկներն ու նախագծերը քաղաքապետարանի կողմից հաստատվելուց հետո սկսվել են ձեւավորման աշխատանքները: Քաղաքապետարանի պատասխանատուների ներկայացմամբ, ծաղկատեսակները ներկրվել են Հոլանդիայից:

Երեւանի բնակիչ Հասմիկ Կարապետյանի խոսքերով. «Ես եղել եմ մի քանի եվրոպական քաղաքներում եւ պարզապես հաճույք եմ ստացել տեղի ծաղկային ձեւավորումներից: Անչափ ուրախացա, երբ տեսա, որ մենք էլ արդեն հպարտանալու առիթ ունենք: Երեւանի ծաղկազարդ կամուրջներն ինձ անակնկալի բերեցին»:

Անուշիկ Սիմոնյանն էլ երեւանաբնակներին կոչ արեց պահպանել մայրաքաղաքին գեղեցիկ տեսք հաղորդող ծաղիկները. «Նկատել եմ, որ ծաղիկների տեղադրումից անմիջապես հետո, որոշ մարդկանց թեթեւ ձեռքով ծաղիկներն օրեցօր պակասում են»: Ծաղիկների խնամքով զբաղվում են Երեւանի թաղային համայնքների կանաչապատման ընկերությունների մասնագետները: Դրանք ջրելու եւ ընդհանրապես խնամելու համար օգտագործվում են մասնագիտացված տեխնիկական միջոցներ: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ծաղիկների համար պատասխանատու կառույցներին հորդորել է՝ ծաղիկների պահպանման ամենօրյա խնամք իրականացնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել