Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՇԱՔԱՐԱԽՏԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՊՐԵԼԱԿԵՐՊ Է

Մայիս 20,2009 00:00

Նման համոզմունք են հայտնում բժիշկները՝ խորհուրդ տալով խուսափել ուշ ժամերին սնվելուց ու հատկապես ճարպոտ սնունդ օգտագործելուց:

«Հիվանդներից շատերը չգիտեն իրենց հիվանդության մասին եւ միայն բժշկական օգնության ժամանակ է շատերի հիվանդությունը բացահայտվում: Շաքարային դիաբետի առկայության ժամանակ մարդկանց բերանը հաճախակի չորանում է, նկատվում է քաշի պակասում, սկսում են շատ ջուր խմել, հաճախակի միզել: Սրանք հիվանդության նախանշաններն են: Իհարկե, դիաբետի առաջացման առաջնային պատճառը ժառանգական նախատրամադրվածությունն է, ճարպակալումը, քիչ շարժունակությունը: Կարող են ազդեցություն ունենալ նաեւ սուր վարակիչ հիվանդությունները, որոնք կարող են խթանիչ գործոն հանդիսանալ դիաբետի զարգացման համար: Սա, իհարկե, առաջին տիպի դիաբետիկներին է վերաբերում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց թիվ 17 պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Իրինա Հայրապետյանը: Ըստ բժշկի, այս հիվանդությունը մեր երկրում տարեցտարի դինամիկ զարգանում է ու տարածվում: Թիվ 17 պոլիկլինիկայի սպասարկման ենթակա միայն մեկ թաղամասում կա 35-40 դիաբետիկ հիվանդ: Սա, ըստ բժշկի, արդեն իսկ ահռելի ցուցանիշ է:

Ի. Հայրապետյանի համոզմամբ, հայերը շատ են օգտագործում ճարպոտ սնունդ, հաճախակի սնվում են ուշ ժամերին եւ ավելի քիչ են օգտագործում ձկնեղեն ու բանջարեղեն, հյութալի մրգեր, ինչի հետեւանքով էլ առողջական լուրջ խնդիրներ են ունենում: Բժշկի տվյալներով՝ յուրաքանչյուր եռամսյա ստուգումների ժամանակ արձանագրում են, որ հիվանդների թիվն աճել է. «Հիվանդությունը վաղ շրջանում ախտորոշելու դեպքում այն կարելի է կանխել ճիշտ սննդակարգով, որը պահպանելու եւ հետեւողական լինելու դեպքում հիվանդի վիճակը կարելի է ստաբիլ պահել տարիներ շարունակ, եթե նաեւ չլինեն հիվանդության այնպիսի խթանիչ գործոններ, ինչպիսիք են սթրեսները, վատ սնվելը, նույնիսկ վարակիչ հիվանդությունները, քանի որ այս դեպքում հիվանդների դիմադրողականությունը շատ ցածր է լինում եւ յուրաքանչյուր հիվանդություն ավելի է թուլացնում հիվանդին ու իր հերթին խթանում դիաբետի զարգացումը, օրինակ՝ հարբուխը եւ այլն»: Բայց, ինչպես հավաստում է էնդոկրինոլոգը, ոչ բոլոր հիվանդներն են լսում բժշկի խորհուրդներն ու հետեւում իրենց սննդակարգին:

«Ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ բոլորն են ի վիճակի հետեւել իրենց սննդակարգին, քանի որ դա ֆինանսական ապահով դրություն է պահանջում: Հենց վիճակը մի փոքր սկսում է լավանալ, նրանք կրկին անցնում են իրենց հին առօրյային ու հին սննդակարգին: Այդ պատճառով էլ մենք չենք հասնում ցանկալի արդյունքի եւ հիվանդի վիճակն էլ գնալով սրանում է: Շաքարային դիաբետը այն հիվանդությունն է, որը դանդաղ, բայց ուղղակիորեն քայքայում է առողջությունը. վատանում է մարդկանց տեսողությունը, մարսողությունը, երիկամների գործունեությունը, հաճախակի գլխացավ կամ գլխապտույտ են ունենում, վերջույթների ցավ են զգում եւ այլն,- ասաց Ի. Հայրապետյանը:- Ես միշտ իմ հիվանդներին բացատրում եմ, որ դիաբետը հիվանդություն չէ, այն վատ սովորություն է, սխալ ապրելակերպ, եւ եթե մարդիկ կարողանան ճիշտ սնվել, ճիշտ ապրելակերպ վարել, ինչ-որ կերպ խուսափել բոլոր այն բացասական գործոններից, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը, ապա կարելի է ադապտացնել այդ հիվանդությունը եւ թույլ չտալ զարգանալ ու քայքայել առողջությունը: Պարզապես պետք է ինֆորմացված լինել»:

Բժիշկը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում ուտել քիչ-քիչ, բայց շուտ-շուտ, խուսափել սպիտակ հացի եւ յուղալի սննդի չարաշահումներից, քաղցրեղենից, բանանից, ծիրանից, մայոնեզից, օրվա ընթացքում 2 անգամից ավելի սուրճ չխմել: Շատ օգտագործել հանքային ջրեր, ուտել լավաշ, ձկնեղեն, կաթնաշոռ, շաբաթական 2 անգամ օգտագործել ձու, մրգերից հիմնականում ուտել խնձոր, նարինջ, թուրինջ, բալ, աղի եւ պահածոյացված բանջարեղեն: Եվ հատկապես խուսափել երեկոյան ժամերին սնվելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել