Ռուսական օդանավակայաններում ոչնչացնում են Հայաստանից, Ուզբեկստանից եւ Տաջիկստանից ժամանող ուղեւորների մոտ եղած կենդանական ծագում ունեցող բոլոր մթերքները: Հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, այս մասին գրում է «Tert.am»-ը: Աղբյուրի հավաստմամբ, ոչնչացվել է մոտ 50 կգ կաթնամթերք, 14 կգ մսամթերք եւ երկու տասնյակ հավկիթ: Համաձայն հաղորդագրությունների՝ նման քայլերի հիմքը Ռուսաստանի Դաշնության տարածք կենդանական ծագման ցանկացած տեսակի մթերք ներմուծելն արգելող օրենքն է:
Թե ինչու է այդ օրենքը վերաբերում հատկապես Հայաստանից ներկրված գյուղմթերքներին, «Առավոտը» փորձեց պարզել գյուղատնտեսության նախարարությունից: Ի պատասխան մեր հարցին, նախարարությունից տեղեկացրին, որ իրենք երեկվա դրությամբ նման ինֆորմացիայի չեն տիրապետում, եւ հարցը ուսումնասիրելուց հետո՝ կպարզաբանեն: