Այսուհետեւ բոլոր տնտեսվարողները, հաշվետվություններ ներկայացնելիս, կարող են խուսափել հարկայինի մասնաճյուղերում հերթ կանգնելուց եւ անտեղի քաշքշուկների մեջ ընկնելուց: Կառավարությունը հավանության է արժանացրել Պետեկամուտների կոմիտեի՝ էլեկտրոնային համակարգի ներդրման օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Այն թույլ է տալիս տնտեսվարող սուբյեկտներին հարկային հաշվետվություններ ներկայացնել «on-line» ռեժիմով: Հարկային մարմինների հետ համապատասխան պայմանագրի կնքումից հետո, հարկատուները 1 օրվա ընթացքում կստանան մուտքաբառ եւ գաղտնաբառ, ապա նաեւ էլեկտրոնային ստորագրություն՝ համակարգից օգտվելու համար: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, 2009-ի հոկտեմբերին, այսինքն՝ առաջին փուլում, էլեկտրոնային համակարգի սպառողներ կդառնան բանկերը, վճարահաշվարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարին եւ ապահովագրական ընկերությունները: Իսկ երկրորդ փուլում, 2010 թվականի տարեսկզբին՝ պետական կառավարման հաստատությունները, պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնց տարեկան շրջանառությունը 100 միլիոն դրամից ավելի է: Մյուս հարկատուները այս ծրագրից կարող են օգտվել 2010-ի ամռանը: Նշենք նաեւ, որ էլեկտրոնային տարբերակով, առաջին անգամ հաշվետվություն ներկայացնելիս, հարկատուն կծախսի մոտ 10 հազար դրամ, իսկ հետագայում արդեն յուրաքանչյուր ամսվա համար հարկ կլինի վճարել ընդամենը 5 հազար դրամ:
Ծրագրի ներդրման համար կառավարությունը հատկացրել է 180 մլն դրամ: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, նման գործելակերպ կներդրվի նաեւ Մաքսայինում: