Երեկ մայրաքաղաքում սկսվել է ԱՊՀ անդամ երկրների Արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի նիստը, որը տեւելու է 2 օր:
Նիստի ընթացքում քննարկվելու են ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակի, խորհրդի կողմից նախկինում ընդունված հանձնարարականների կիրառման եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները նվազեցնելու միջոցառումների մշակման հարցերը: Խորհուրդը ստեղծվել է 2003-ին՝ ԱՊՀ երկրների կառավարությունների կողմից: Խորհրդի կազմում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:
Խորհրդի գործունեության հիմնական խնդիրների թվում են նաեւ արժեթղթերի շուկաներում ԱՊՀ անդամ երկրների տնտեսական ինտեգրմանը, արժեթղթերի շուկայում ներդրողների իրավունքների եւ շահերի պաշտպանության ապահովմանը եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր: