Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ասել է ու կրակն ընկել

Մայիս 20,2009 00:00

\"\"

Որքան էլ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ տեղական կարտոֆիլը շատ առողջ է, եւ ոչ մի հիվանդությամբ չի տառապում, այնուամենայնիվ, դա Վրաստանի իշխանություններին հավատ չի ներշնչում:

Երեկվանից Վրաստանը դադարեցրել է Հայաստանից կարտոֆիլի ներկրումը: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը: Panorama.am-ի փոխանցմամբ, Վ. Գյուլզադյանը տեղեկացրել է, որ «Վրաստանը երկրի ներսում հայտնաբերել է կարտոֆիլի ցեց կոչվող վնասատու, որը համարվում է կարանտին վնասակար օրգանիզմ»: Տեսչության պետի ներկայացմամբ, վրացիներն արգելել են կարտոֆիլի ներմուծումն իրենց երկիր բոլոր պետություններից, այդ թվում՝ Թուրքիայից: Պաշտոնյայի կարծիքով, նման վնասատու չկա ոչ Հայաստանում, ոչ Վրաստանում. «Վրաստանի կողմից այս քայլը պարզապես պատրվակ է: Նրանք այդ ամենը կազմակերպել են ներքին շուկան պաշտպանելու համար»: Նշենք, որ Հայաստանից Վրաստան կարտոֆիլի արտահանում վերջին անգամ գրանցվել է մարտի 19-ին, ընդհանուր առմամբ 1760 տոննա, իսկ անցյալ տարի՝ 4500 տոննա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ագրարագյուղացիական միություն» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ արդեն 2 ամիս Վրաստանը թույլ չի տալիս կարտոֆիլ ներմուծել իր երկիր, պատճառաբանելով, թե գյուղմթերքը վարակված է վնասատու միջատներով, սակայն, ըստ նրա, իրականում պատճառը դա չէ, այլ այն, որ մեր նախարարներից մեկը կարտոֆիլի վաճառքի վերաբերյալ հեռագիր է ուղարկել Վրաստանի պաշտոնյաներից մեկին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի վերջիններս հրաժարվեն հայկական կարտոֆիլից: Թե ո՞ր նախարարի մասին է խոսքը եւ թե ի՞նչ բնույթի հեռագիր է ուղարկվել վրաց պաշտոնյային, «Առավոտը» փորձեց ճշտել պարոն Բերբերյանից: Սակայն Հ. Բերբերյանն իր գործավարուհու միջոցով մեզ փոխանցեց, որ ասվածի առնչությամբ որեւէ պարզաբանում չի ցանկանում տրամադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել