Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ընդդեմ խաժամուժի

Մայիս 20,2009 00:00

Մեջբերում երեկ «Էրեբունի» բիզնես-կենտրոնում կանանց հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի ելույթից:

Ես ուզում եմ ձեզ ընթերցել շատ հետաքրքիր եւ, վստահ եմ, դեռեւս ոչ մեկիդ կողմից չլսված մեջբերում: Խոսքը քաղաքական խաժամուժի մասին է. «Մարդիկ քաղաքական խաժամուժ են դառնում, երբ ստանձնում են պետական գործ՝ դրդված լինելով ոչ թե քաղաքական իրավագիտակցությամբ, այլ մասնավոր շահ հետապնդելով, եւ հենց այդ պատճառով նրանք չեն որոնում լավագույն մարդկանց եւ իշխանությունը նրանց փոխանցել չեն ցանկանում: Խաժամուժի թվին կարող է պատկանել ցանկացածը՝ ե՛ւ հարուստը, ե՛ւ աղքատը, ե՛ւ տգետը, ե՛ւ մտավորականը: Խաժամուժի համար հատկանշական է շահադիտական կամքն ու թշվառ իրավագիտակցությունը, եւ շրջադարձային ժամանակ դրան է գումարվում քաղաքական հավակնոտությունը: Պետական իշխանությունը նրա համար միայն հարմար միջոց է, որ ծառայում է անձնական կամ խմբակային նպատակներին:

Հանրային եւ մասնավոր ոլորտների տարբերությունը, ընդհանուր բարօրության գերակայությունը մասնավորի նկատմամբ, հասարակական արդարության սրբությունը – այս ամենը խաժամուժի համար անհասկանալի են: Եվ հենց այդ պատճառով այն դարից դար կաշառք է ստանում ու բաժանում, թալանում եւ մսխում պետական գործը, ամեն գնով խուսափում ծանր պարտականություններից, անտարբեր լինում հասարակական տագնապների պահին, իսկ անկայուն ժամանակներում ըմբոստանում եւ թալանում՝ հեշտությամբ փոխելով դրոշն ու առաջնորդին:

Խաժամուժը չի հասկանում ո՛չ պետության նշանակությունն ու իմաստը, ո՛չ էլ այն ղեկավարելու ձեւը. նա չի գիտակցում, թե ինչ է ընդհանուր շահը եւ համախմբվածությունը: Եվ հենց այդ պատճառով խաժամուժին խորթ են կազմակերպվածությունը եւ կարգապահությունը: Իրավունքը խաժամուժի համար զոռի, ճարպկության եւ բախտի հարց է, եւ հենց այդ է պատճառը, որ եթե ուժն իր կողմն է՝ նա դառնում է ամբարտավան եւ լկտիանում է: Բայց շփոթված իրավիճակում երերում եւ քծնում է:

Խաժամուժն ատում է պետական իշխանությունը, քանի այն իր ձեռքում չէ, բայց ատելով՝ ենթարկվում է վախից: Բայց իր դրածո իշխանությանը ո՛չ հարգանք է կարողանում ապահովել, ո՛չ վստահություն, ո՛չ էլ հասարակական աջակցություն»: Այս բառերն ասել է շատ վաղուց մի փիլիսոփա, մեզնից շատ հեռու երկրում, բայց ես կարծում եմ՝ մեկ առ մեկ կրկնում է մեր երկրի վիճակը վերջին տասնամյակներին:

Այսօր ես փորձում եմ ձեզ կոչ անել՝ հերի՛ք է, որ խաժամուժը կարողանա անել այն ամենը, ինչն այստեղ նկարագրեց փիլիսոփան: Եվ վերջապես եկեք նայենք՝ ով ում է առաջադրում, ով ում է առաջ բերում: Այստեղ նշված բոլոր ողբերգական արարքները, խաժամուժ լինելու պատճառով առաջացած գործելաոճը բացարձակապես երբեք ու երբեք չեք տեսնի Դաշնակցության կողմից՝ ո՛չ 120 տարի, ո՛չ 90 տարի, ո՛չ 20 տարի առաջ, ո՛չ էլ հիմա, որովհետեւ այստեղ ասված է՝ կազմակերպվածություն եւ կարգապահություն: Ուրիշները չունեն, իրար մռութ են կոտրում: Մեզանում նման բան չկա, շահադիտական նպատակների շուրջ չենք միավորվել: Որովհետեւ գաղափար կա տակը: Որովհետեւ չի կարող ասել՝ շահադիտական նպատակներով է մտել Դաշնակցություն այն մարդը, որը ղարաբաղյան պատերազմում զոհվել է կամ կորցրել ձեռքը կամ ոտքը: Ոչ ոք չի կարող ասել, որ դաշնակցականները այս երկրում եւ ուրիշ երկրներում իրենց գաղափարների համար գնացել են բանտ՝ ունենալով շահադիտական նպատակներ կամ տկար իրավագիտակցություն: Իրավագիտակցությունն է, որ մեր ընկերների մեջ բարձր է, որովհետեւ, ի վերջո, մենք նպատակ ունենք նորմալ երկիր ունենալու: Հայաստանը նորմալ երկիր դարձնելու խնդիր ունենք: Խաժամուժը ժամանակի հիվանդություն է, մեր հասակի հիվանդություն է եւ կգնա ու կգնա: Բայց ձեզանից է կախված՝ որքան շուտ կգնա: Չե՞ք զզվել, դուք չե՞ք հոգնել այն ամենից, ինչ որ այստեղ նկարագրվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել