Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի զգալի հատվածը վերաբերում է ոչ թե քաղաքական, այլ բացառապես Երեւանի խնդիրներին:
Այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը որոշեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, հայտարարելով, թե ինքը դրանք դիտարկում է որպես ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, իշխանությունները եւ թեկնածու մյուս ուժերը փորձեցին ընտրությունները ապաքաղաքականացնելուն ուղղված փաստարկներ բերել: Նրանք ասում էին, թե առաջիկա ընտրությունները քաղաքականացնել պետք չէ, որովհետեւ դրանք ընդամենը Երեւանի վարչակառավարման լավագույն ծրագրերի կամ մոդելների ընտրության կամ այլ կերպ ասած՝ մայրաքաղաքի աղբահանության հարց են լուծում: Անցյալ շաբաթավերջին ՀԱԿ-ը փոքրիկ բրոշյուրով հրապարակեց իր նախընտրական ծրագիրը, որտեղ «Քաղաքական ծրագիր» բաժինը ընդամենը մեկ էջ է կազմում, իսկ մնացած 3,5 էջերը նվիրված են Երեւանի խնդիրներին վերաբերող ծրագրային դրույթներին:
Նկատենք, որ ՀԱԿ-ի նույնիսկ «քաղաքական ծրագրերը» այս կամ այն կերպ պայմանավորված են նաեւ առաջիկա ընտրություններով: Բայց քանի որ դրանց մի մասի, այդ թվում՝ Երեւանում մալուխային հեռուստաընկերություն ստեղծելու, Երեւանի վարչական ռեսուրսը, այդ թվում նաեւ՝ ընտրությունների ժամանակ, որեւէ քաղաքական ուժի նպատակների համար օգտագործելը բացառելու, մայրաքաղաքում «հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ հավաքներ անցկացնելու բոլորի իրավունքները՝ առանց խտրականության» վերականգնելու մասին Կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարել են նաեւ իրենց հանրահավաքների ժամանակ, ուստի՝ դրանց մենք չենք անդրադառնա: Խոսենք բացառապես Կոնգրեսի՝ Երեւանին վերաբերող ծրագրերի մասին, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը գրեթե չի խոսում ո՛չ քարոզարշավի, ո՛չ էլ համապետական հանրահավաքների ժամանակ:
Կոնգրեսի նախընտրական ծրագրի՝ Երեւանին վերաբերող հատվածը մի քանի բաժիններ ունի, որոնք առնչվում են ինչպես երեւանցիների սեփականության ու օրինական շահերի պաշտպանությանը, այնպես էլ քաղաքաշինությանն ու տրանսպորտին, բնապահպանությանը, կանաչապատմանն ու մայրաքաղաքի բարեկարգմանը, սոցիալական եւ առողջապահական ոլորտներին, Երեւանի ենթակառուցվածքներին, գործարարության աջակցությանն ու երիտասարդության, մշակույթի եւ սպորտի բնագավառներին:
Օրինակ, ՀԱԿ-ը խոստանում է սեղմ ժամկետում ձեւավորել երեւանցիներին ծառայելու ու նրանց պաշտպանելու, մայրաքաղաքում օրինականություն, կարգուկանոն հաստատելուն կոչված մունիցիպալ ոստիկանություն, որը «կապահովի նաեւ քաղաքացիների համակեցության կանոնները, երեւանցիները կձերբազատվեն պետական չինովնիկների, օլիգարխների եւ նրանց մերձավորների, ինչպես նաեւ տարբեր տեսակի «զորքերի» կամայականությունից»: Կամ՝ «համատիրություններին աջակցելու եւ պատշաճ վերահսկողություն իրականացնելու միջոցով կվերանորոգվեն բնակելի շենքերի տանիքները, վերելակները, ընդհանուր օգտագործման տարածքները: Կիրականացվի բակերի կառուցապատման համալիր ծրագիր, կստեղծվեն պուրակներ, հանգստյան գոտիներ, ջրավազաններ, մանկական տարբեր խաղահրապարակներ: Մայրաքաղաքում խստորեն կկիրառվեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջները: Մայրաքաղաքի տրանսպորտային երթեւեկությունը կարգավորելու համար կներդրվի կարգավորման ավտոմատ կառավարման համակարգ, որը կթեթեւացնի երթեւեկության ծանրաբեռնվածությունը: Կավարտվի մետրոպոլիտենի Բարեկամություն-Աջափնյակ հատվածը, ինչպես նաեւ կնախաձեռնվի Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս-Մալաթիա-Չարբախ երթուղու կառուցումը: Քաղաքաշինական ծրագրերի իրականացման ընթացքում կկառուցվեն հաշմանդամների կարիքները բավարարող հարմարություններ»:
Կոնգրեսը խոստանում է նաեւ անհապաղ վերականգնել «Երեւանի «թոքերը» հանդիսացող տարածքները՝ Նորք, Հրազդանի կիրճ, Դալմայի այգիներ, Հաղթանակ զբոսայգի, Ծիծեռնակաբերդ: Կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար՝ Երեւանի կանաչ տարածքները աստիճանաբար հասցնելով սահմանված չափանիշներին», «այգիներում եւ պուրակներում կբացառվի կապիտալ շինությունների կառուցումը: Կվերակառուցվի Աէրացիայի կայանը»:
Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, որն այսօր առավել սուր դրված հիմնախնդիր է Երեւանում, ապա ՀԱԿ-ը հայտարարում է նաեւ իր պատրաստակամությունը՝ լուծելու նաեւ այդ խնդիրները: Օրինակ՝ «բազմազավակ, կարիքավոր ընտանիքների եւ մանկատների չափահաս սաների համար Երեւանում կստեղծվի սոցիալական բնակարանային ֆոնդ, իսկ երկարատեւ խնամքի կարիք ունեցողների եւ քրոնիկ հիվանդների համար՝ համապատասխան խնամքի կենտրոններ՝ հոսպիսներ, անօթեւան անձանց համար կհիմնվեն «սոցիալական հյուրանոցներ»: Բազմազավակ ընտանիքների համար կիրականացվի առանձին սոցիալական ծրագիր. մասնավորապես՝ նրանց կտրվեն ամսական հավելավճարներ եւ տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցում:
ՀԱԿ-ի՝ երիտասարդությանը վերաբերող ծրագրերում Կոնգրեսը խոստանում է երեւանյան ընտրություններում հաղթելուց հետո ուսանողների համար կառուցել «համապատասխան ենթակառուցվածքներ ունեցող, մատչելի բնակարաններով թաղամասեր: Երեւանի բյուջեի միջոցներով ապահովել համաշխարհային առաջնակարգ կրթահամալիրներում արդար մրցակցության կարգով ընտրված երեւանցի ուսանողների ուսման ծախսերի վճարումը», իսկ «Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մասնագիտացված կրթօջախներում՝ երաժշտական, պարարվեստի, գեղանկարչական եւ այլն, նաեւ մարզադպրոցներում ուսումը սաների համար դարձնել անվճար», «միջոցներ ձեռնարկել մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը՝ ներառյալ մասնագիտականները, պահպանելու, նաեւ համալրելու, գրադարանների կահավորանքը արդիականացնելու ուղղությամբ, ստեղծել Երեւանի վիրտուալ գրադարան»:
Արդյոք սրանք միայն զուտ հռչակագրային բնույթի՞ խոստումներ կամ ծրագրեր չեն, եւ արդյոք Կոնգրեսը այդ խոստումները ամրապնդե՞լ է համապատասխան հաշվարկներով, կամ Երեւանն ունի՞ այն ֆինանսական ռեսուրսը, որոնք կապահովեն ՀԱԿ-ի այդ ծրագրերի կենսագործումը: Մեր այս հարցադրումներին ՀԱԿ համակարգող եւ Երեւանի ավագանու թեկնածու Լեւոն Զուրաբյանը միանշանակ դրական ու կարճ պատասխան տվեց եւ հավելեց. «Ցանկացած մասնագետ, «էլիտար» շինարար, իհարկե, միայն մտերմիկ զրույցի դեպքում, ձեզ կասի, որ այսօր Երեւանում իրականացվող շինարարության արժեքի 10%-ը ստվերային մեխանիզմներով՝ որպես կաշառք, մտնում է Երեւանի քաղաքապետարան: Դա համատարած պրակտիկա է: Մենք ընդամենը անելու ենք հետեւյալը. այդ 10% կաշառքը պարզապես կմտնի Երեւանի բյուջե՝ հաստատվելիք ճկուն հարկերի ձեւով: Հարկերը կգնան ոչ թե պաշտոնյաների գրպանները, ինչպես հիմա, այլ կուղղվեն մեր ծրագրում մատնանշված սոցիալական բնակֆոնդի կառուցմանը: Ինչ վերաբերում է հոսպիսներին եւ անօթեւանների կացարաններին, դրանք կիրականացվեն Երեւանի բյուջեի հաշվին: Երեւանի բյուջեում կան բավարար միջոցներ այդ խնդիրները հոգալու համար: Դրանք գրպանելու փոխարեն պարզապես պետք է ուղղել նպատակային ծրագրերի իրագործմանը: Իսկ դրա համար կամք ու ցանկություն է պետք, որը մեր թիմն ունի»: