Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԻՆ ՉԵՆ ՔԱՇՔՇԵԼ

Մայիս 20,2009 00:00

Արձագանքելով հրապարակված տեղեկություններին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիլիկյան թաղամասում գտնվող նախընտրական շտաբի մոտ մայիսի 18-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի անդամների միջեւ, որի ընթացքում տուժել է նաեւ Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը՝ Աջափնյակի թաղապետարանից «Առավոտին» հերքեցին թաղապետի անմիջական մասնակցությունը տեղի ունեցած միջադեպին եւ հայտնեցին. «Սիլիկյան թաղամասում ստեղծվել էր ավտոմեքենաների ու մարդկանց կուտակում, ինչն անհանգստություն էր պատճառել բնակիչներին: Բնակիչներից ստացված ահազանգի հիման վրա թաղապետարանի ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր՝ պարզելու կուտակումների պատճառը: Ընթացքում հրմշտոց է սկսվել, իսկ Աջափնյակի թաղապետի գալը նպաստել է լարվածության լիցքաթափմանը: Թաղապետին որեւէ մեկը չի քաշքշել, եւ դրա վերաբերյալ մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը»:

Հավելենք ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության հաղորդագրությունը, թե ժամը 20:00-ի սահմաններում ԲՀԿ շտաբի մոտ ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված վայրում 7 մարդ է գտնվում՝ 3-ը՝ ՀՀԿ-ից, 4-ը՝ ԲՀԿ-ից: Նրանք հրավիրվել են ոստիկանության բաժին, որտեղ այդ մարդիկ իրենց բացատրություններում նշել են, թե որեւէ վիճաբանություն, քաշքշոց տեղի չի ունեցել, այլ ուղղակի «զրուցել եւ բանավիճել են քաղաքական եւ գաղափարական հարցերի շուրջ»:

Ըստ ոստիկանության՝ «ռազբորկայի» վերաբերյալ եւս մի հաղորդում ստացվել է 00:25-ի սահմաններում Լուկաշին փողոցից: Զանգահարողը հայտարարել է, թե վիճաբանություն է տեղի ունենում ՀՀԿ-ի շտաբի մոտ: Ժամանած օպերատիվ աշխատակիցները պարզել են, որ շտաբի մոտ շուրջ 30 մարդ է հավաքվել՝ բոլորն էլ ՀՀԿ շտաբի անդամներ, եւ, բնականաբար, վեճ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել