Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ կին եւ երկու տղամարդ

Մայիս 20,2009 00:00

ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորողները երեկ հաշվետվություն տվեցին անցկացրած քարոզարշավի վերաբերյալ:

«Մեր կյանքում մի շարք անհեթեթություններ գոյություն ունեն: Ես մեկ անհեթեթության եմ ուզում անդրադառնալ: Դպրոցներում, բուհերում գերազանցիկ սովորողների 50%-ից ավելին կանայք են, բայց հետագայում բոլոր համակարգերը ղեկավարում են տղամարդիկ: Ես դիմում եմ մեր բոլոր կանանց, կոչ եմ անում. սիրելի կանայք, ապացուցենք, որ մենք կարող ենք քաղաք ղեկավարել, չէ՞ որ մենք կարողանում ենք ղեկավարել ընտանիք, մենք կարողանում ենք ծաղկեցնել մեր ընտանիքը, հետեւաբար ապացուցենք տղամարդկանց, որ մենք կարող ենք պահել մաքուր Երեւան, զարգացող Երեւան, ինչու չէ՝ երջանիկ Երեւան»,- Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը «Արմենիա-Մարիոթում» հայտարարեց օեկական Դեյզի Հովհաննիսյանը: Իսկ արդեն քարոզարշավի 20-րդ օրը ՕԵԿ ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը մամուլի ասուլիսում ցույց տվեց, որ կանայք ոչ միայն Երեւանը կարող են պահել, այլեւ՝ ցուցակի առաջին եռյակը, քանի որ երեկ երկու տղամարդկանց հետ համատեղ մամուլի ասուլիսում ամենից ակտիվը, ինչպես միշտ, տիկին Բիշարյանն էր: Գնահատելով քարոզարշավի անցած 20 օրերը՝ տիկին Բիշարյանը հայտարարեց, որ քարոզարշավը ընթանում է բավական լավ, եւ ինքը որոշել է բավարար գնահատական տալ քարոզարշավին. «Քարոզարշավի ընթացքում մենք ունեցել ենք 200-ից ավելի հանդիպումներ, տարբեր ձեւաչափերով՝ եղել են դահլիճային հանդիպումներ, սոցիալական տարբեր շերտերի հետ հանդիպումներ, նաեւ՝ բակային հանդիպումներ: Այս բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ Երեւան քաղաքում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար մեր քաղաքական ուժերը պետք է լուրջ աշխատանք կատարեն: Բոլոր համայնքներում մարդիկ բարձրացնում են հիմնականում սոցիալական խնդիրներ, բազմաբնակարան շենքերի խնդիրները, նաեւ՝ համայնքների իրավահավասարության եւ հավասարաչափ զարգացման խնդիրները: Ես գտնում եմ, որ այս քարոզարշավը բավական դրական ազդեցություն է ունեցել մեր քաղաքական թիմի համար, որովհետեւ մենք այդ 200-ից ավելի հանդիպումների ժամանակ մեր նախընտրական ծրագիրը ներկայացրել ենք բակերում, թաղերում, դահլիճներում, որի արդյունքում տեսնում ենք, որ մեր ընտրողների թիվն ավելանում է, շատանում»:

Տիկին Բիշարյանը պատասխանեց ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերություններին վերաբերող հարցերին, լրագրողները ուզեցին իմանալ՝ մի՞թե դրական է այն, ինչ կատարվում է երկու կուսակցությունների շտաբների ներկայացուցիչների միջեւ: Ի պատասխան՝ Հեղինե Բիշարյանը շեշտեց, որ դրական գնահատականը վերաբերում է միայն իրենց թիմի կատարած աշխատանքներին. «Բայց, իհարկե, մենք զերծ չենք մնում այն տհաճ իրողություններից, ինչ տեղի է ունենում այս օրերի ընթացքում: Մենք ուղղակի դատապարտում ենք կատարվածը եւ չենք ընդունում, որ նախընտրական շրջանում պետք է ինչ-որ բախումներ առաջանան, բոլորին հորդորում եմ զերծ մնալ նման բախումներից, որովհետեւ դրանք ցանկալի չեն: Ես կարծում եմ, որ իրավապահ համապատասխան մարմինները կզբաղվեն դրանով եւ իրենց գնահատականը կտան: Ես ուղղակի, որպես կին, հորդորում եմ իրենց՝ զերծ մնալ նման բաներից, որովհետեւ այս ընտրությունները ծրագրերի պայքար է եւ ոչ թե մարդկանց, եւ չի կարելի այդպես մոտենալ այս խնդրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել