Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ Ո՛Չ ՄԵԿԻՆ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ»

Մայիս 20,2009 00:00

\"\"Երեկ ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Գագիկ Բեգլարյանը

Եթե մինչ այժմ ՀՀԿ համամասնական ցուցակի ներկայացուցիչները հայտարարում էին, թե իրենք նախընտրում են ընտրողների հետ անմիջական շփումները՝ երեկ Նորք- Մարաշ համայնքի բնակիչների հետ նրանց հանդիպումն առավել հիշեցնում էր գրական-երաժշտական երեկո՝ հետագա ճաշկերույթով: Եվ դրա առաջին «մեղավորը» Նորք-Մարաշի համայնքապետարանն էր, որի նախաձեռնությամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ուտելիքով ծանրաբեռ սեղաններ էին շարվել, մատաղ էր արվել, բացի այդ՝ կազմակերպվել էր համերգ: Եվ այնպես զուգադիպեց, որ Երեւանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը հանդիպման վայր մուտք գործեց «Վաղարշապատ՝ մեր ապագա» երգի ներքո:

Հանդիպմանը մշակութային ուղղվածություն տվեցին նաեւ ելույթ ունեցողներից շատերը: Այսպես՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի առաջատար դերասանուհի Մարիամ Ղազարյանը, որը ՀՀԿ-ի ցուցակում 24-րդն է՝ իր ելույթում մաղթեց, որ մայիսի 31-ին «կարողանանք այնպես ուրախանալ, ինչպես սասունցիներն էին ուրախանում»: Եվ ասմունքեց.

Պարեց Սասունն ու ողջ աշխարհը զարմացավ,

Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հասկացավ,

Որ պար չէ սա, այլ մի ազգի պատմություն:

Ավելի ուշ, դասականին փոքր- ինչ խմբագրելով, ասմունքեց Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Վլադիմիր Մսրյանը, որն էլ ՀՀԿ-ի ցուցակում 11-րդն է:

Ինչքան որ հուր կա իմ սրտում՝ բոլորը ձեզ,

Ինչքան կրակ ու վառ խնդում՝ բոլորը ձեզ,

Բոլորը տանք ու նվիրենք՝ մեզ ոչ մի հուր թող չմնա,

Դուք չմրսեք ձմռան ցրտում, ձեր ցավը տանեմ, բոլորը՝ ձեզ:

Սակայն անդրադառնանք հանդիպման ոչ մշակութային հատվածին: Գագիկ Բեգլարյանը ելույթում հայտարարեց. «Մայիսի 31-ը ոչ մեկի համար պաշտոն ունենալու, քաղաքապետարանում բաժնի պետ կամ վարչության պետ աշխատելու, իշխանափոխության կամ չգիտեմ՝ քաղաքական դիվիդենդ շահելու օր չի։ Մայիսի 31-ը մեր՝ երեւանցիներիս ծննդյան օրն է լինելու։ Մենք բոլորս մայիսի 31-ին քվեարկելու ենք այնպես, որ կարողանանք ապագա 4 տարին ապրենք մեր երազած Երեւանում»: Ավելի վաղ խոստովանեց. «Նորք-Մարաշն ինձ համար շատ հարազատ տեղ է: Չկա մի երեւանցի, որ երիտասարդ տարիներին Նորք-Մարաշ՝ Ատոյի բար հաճախած չլինի: Չկա մի երեւանցի, որ ամեն օր չսպասի՝ ե՛րբ պիտի խաղողն օրհնվի Նորք-Մարաշում, որ խաղող ուտենք: Ու շատ եմ զարմանում, երբ որ մարդիկ Նորք-Մարաշը հայտնաբերում են իրենց կյանքում՝ այս գեղեցիկ տաճարով»: Վերջին ակնարկն ակնհայտորեն ուղղված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը նույն վայրում մայիսի 5-ի հանդիպման ժամանակ դրվատանքով էր խոսել 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհված Արմենակ Արմենակյանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին՝ որպես բացահայտում նշելով, թե այն վերջին շրջանում կառուցված եկեղեցիներից ամենաճաշակովներից է եւ հայկական ճարտարապետությանը հարազատ:

Գագիկ Բեգլարյանը երեկ մոմ վառեց այդ եկեղեցում, որի զանգերը հնչեցրին իր պատվին: Եվ «Առավոտի» հարցին, թե ի՞նչ խնդրեց Աստծուց՝ հաղթանա՞կ մայիսի 31-ին, պատասխանեց, թե ինքը մոմ վառելիս ոչինչ չի խնդրում, ու կատակեց, թե ընդհանրապես՝ Աստծուն չի անհանգստացնում մանր հարցերով:

Ի դեպ, ելույթ ունեցող կանանցից մեկը հայտարարեց. «Ինչպես ներկա նախագահ Սերժ Սարգսյանի հաղթական երթն այստեղից սկսվեց՝ այնպես էլ ներկա գործող եւ չեմ կասկածում՝ ապագայի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հաղթական երթը կսկսվի այստեղից»: Հանդիպման ավարտին, երբ ՀՀԿ թեկնածուն արդեն հեռանում էր՝ հնչում էր մի երգ հետեւյալ կրկներգով. «Ախ, ման արի, ման արի: Մեր թաղերի յան արի»:

Այս գրական-երաժշտական երեկոյի համեմատ՝ բավական սուր ու լարված անցավ հաջորդ հանդիպումը, որը Կոնդի բնակիչների հետ էր: Այստեղ արդեն ո՛չ պոեզիայի սիրտ ունեին, ո՛չ էլ տոնախմբության: Իրացման գոտի հայտարարված Կոնդի բնակիչներն ուղղակի շուրջկալի մեջ էին առել Գագիկ Բեգլարյանին ու անընդհատ հարցեր էին տալիս իրենց սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ: Այստեղ իրեն տեր ու տիրակալի պես էր պահում Կոնդի Վաչոն՝ Վաչագան Չիբուխչյանը, որը ոմանց թույլ չտվեց հարց տալ՝ գոռալով. «Վրա մի՛ տվեք, կողքի՛ կանգնեք: Սա անհատական հարց չի՛: Սա գլոբա՛լ հարց ա»:

Բայց մինչ այս ամենը կլիներ՝ ՀՀԿ թեկնածուն հասցրեց հանդես գալ կարճ ելույթով, որտեղ կոչ արեց ձայները չփոշիացնել. «Հանուն մի քանի օբյեկտի կամ անձնական խնդիրների՝ մենք Երեւանը, մանավանդ Կոնդը, ո՛չ մեկին չենք տալու: Երեւանը լինելու է երեւանցիներինը»: Նրանց էլ խոստացավ, թե անելու է այն ամենը, «ինչ մինչեւ այսօր ձեզ համար անհնարին է թվացել: Դուք լավ գիտեք, որ Կենտրոնի թաղապետ աշխատելով՝ ես ձեր խնդիրները ձեզնից լավ գիտեմ: Բայց հավատացեք՝ միշտ չէ, որ կարողացել եմ ձեր կողքին լինել: Մայիսի 31-ին մենք կունենանք այնքան հնարավորություն, որ դուք անմիջապես՝ հաջորդ օրվանից դա զգալու եք ձեր վրա»:

Ու դրանից հետո Գագիկ Բեգլարյանը հայտնվեց կոնդեցիների շրջափակման մեջ: Այդ ընթացքում ելույթ ունեցավ ՀՀԿ ցուցակում 25-րդը՝ Լեւոն Իգիթյանը, որը «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի գլխավոր ճարտարապետն է. «Ես Երեւանի քաղաքաշինական խորհրդի անդամ եմ եւ շատ լավ գիտեմ էն, ինչ կատարվում է քաղաքի հետ: Եվ ուզում եմ ասել. երբ Կոնդի հարցը քննարկվում էր, Գագիկ Բեգլարյանը, Կենտրոնի թաղապետ եւ քաղաքաշինական խորհրդի անդամ լինելով, այդ քննարկմանը չեկավ, որովհետեւ այն ծրագիրը, որը մտադիր էին ներկայացնել՝ ինքը դեմ էր դրան»:

Լեւոն Իգիթյանն ասաց, թե քաղաքապետի թեկնածուների մեջ կան կարգին մարդիկ. «Ինձ համար, բացի մեկից՝ բոլորը հարգանքի արժանի են: Բայց էդ բոլոր թեկնածուները փորձ չունեցող մարդիկ են»: Եվ նշեց, թե մեր քաղաքը փորձադաշտ չի. «Չեմ ուզում, որ սիրողական մարդ գա՝ 4 տարի ուսումնասիրի, թե ինչ պիտի անի»: Բայց այստեղ ներկա կանանցից մեկի համբերությունը սպառվեց ու գոռաց. «Մենք Բեգլարյանին ենք ուզում լսել, իջի՛»: Լեւոն Իգիթյանը խոսափողն անտրտունջ զիջեց ՀՀԿ քաղաքապետի թեկնածուին, որն արձանագրեց. «Ժողովուրդ ջան, տեսա՞ք, որ Իգիթյան Լյովան չկարողացավ ձեզ բան բացատրի: Ուրեմն՝ լսեք ինչ եմ ասում իրոք երեւանցու պես: Մայիսի 31-ին ընտրություններ են, բազմաթիվ հարցեր ինձ ուղղեցիք: Տղամարդու պես եմ ասում՝ նայելու եմ ձեր ընտրածը, ձեր տոկոսը, ձեր քանակը: Կապահովե՞ք կոնդեցու թասիբը, ընտրացուցակում կտեսնե՞մ, որ կոնդեցին 80 տոկոսով իր թաղեցու հետ է՝ ոչ մի հարց ականջի հետեւ չի մնալու: Էս մայրիկների շատ հարցեր ստանալու են դրական պատասխան: Մենակ ընենց չլինի, որ օրինակ՝ Նորագյուղից սկսենք դրական պատասխան տալ՝ հասնենք Կոնդ, 3 տարի անցնի»: Կանայք սկսեցին գոռալ. «Պարոն Բեգլարյան, ախր մենք քեզ երկու անգամ ընտրել ենք: Եվ 19 տարի է անցել, անօթեւան ենք մնացել, ոչ մի հարց չի լուծվում»: ՀՀԿ թեկնածուն ի պատասխան՝ ասաց. «19 տարի սպասել եք՝ սպասեք 15 օր, թասիբով ներկայացրեք ձեր ձայները ընտրական հանձնաժողով եւ ինձնից ստացեք բոլոր դրական պատասխանները»: Գնա՝ աշխատի. նրան պատվիրեց Վաչագան Չիբուխչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել