Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ Է ՄՂՎԵԼՈՒ»

Մայիս 20,2009 00:00

\"\"Կարծում է Արման Մելիքյանը, միաժամանակ փաստելով, որ գոյություն չունեցող համայնքում չի կարելի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններ

անցկացնել՝ առաջարկելով հետաձգել ընտրությունները:

– Վերլուծելով ավագանու ընտրությունների քարոզարշավի անցած փուլը՝ ի՞նչ կարող ենք արձանագրել, ի՞նչ կտան այս ընտրությունները Հայաստանին:

– Քանի որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի փոխվել մարտի 1-ից ի վեր, ավելին՝ այն անփոփոխ է վերջին տասնամյակների ընթացքում, կարծում եմ, որ այս ընտրություններն ավելի կխորացնեն քաղաքական ճգնաժամը: Ցավոք, այսօր ես շատ ավելի մեծ վստահությամբ կարող եմ պնդել՝ մեծ է հավանականությունը, որ նորից արյունալի բախումներ կլինեն իշխանության եւ ընդդիմության միջեւ:

– Ի՞նչն է նման համոզվածության հիմք տալիս:

– Ընտրությունների արդյունքները կեղծելու համար բոլոր պայմանները մնացել են նույնը: Հաշվի առնելով նաեւ իշխանության նկատմամբ ընտրողների ավելացած անվստահությունը, կարծում եմ՝ իշխանության ստանալիք քվեն բավարար չի լինի Երեւանի ավագանու ընտրություններում լուրջ առավելություն ունենալու համար: Երեւանի համար ճակատամարտ է մղվելու, որի արդյունքը կանխորոշված է սոցիոլոգիական ձեւական հարցումներով: Իշխանությունը հռչակում է, որ ՀՀԿ-ն բացառիկ առավելությամբ է հաղթելու: Չեմ կարծում. եթե հաղթի, ապա բացառապես կեղծիքների միջոցով: Այս պարագայում ընդդիմությունն իր համար պետք է ճակատագրական որոշում կայացնի: Առաջին տարբերակն այն է, որ պետք է համակերպվեն կեղծված ընտրությունների հետ, ինչը հարցականի տակ կդնի ՀԱԿ-ի հետագա գոյության հարցը եւ ուղիղ հարված կհասցնի Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական քաղաքական վարկին: Կամ՝ պետք է որոշում կայացնեն՝ հերթական անգամ անօրինականության դիմած իշխանությանը բոլոր հնարավոր միջոցներով իշխանությունից հեռացնելու համար: Եթե այդ իշխանափոխությունն անգամ տեղի ունենա բռնությունների միջոցով, ապա միջազգային կառույցները եւ օտարերկրյա պետությունները հանդուրժողաբար դա կընկալեն, ընդդիմության գործողությունները դժվար թե սուր քննադատության ենթարկվեն, դրսից հակազդեցություն ստանան:

– Դուք ընդդիմությանը բռնությունների կոչե՞ր եք անում:

– Ես նկարագրում եմ իրավիճակը: Ինքս դեմ եմ բռնություններին: 2008-ի նախագահական ընտրություններից հետո կողմերը կարող էին փորձել համաձայնության գալ՝ երկրի առջեւ կանգնած խնդիրների շուրջ, եւ փորձեին համատեղ ջանքերով հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը: Կողմերից ոչ մեկն այդ ուղղությամբ քայլեր չկատարեց: Բայց հիմնական մեղքն իշխանությանն է, որովհետեւ իշխանությունն է տիրապետում անհրաժեշտ լծակներին: Իշխանության այդ քայլը չէր դիտվի որպես թուլության դրսեւորում, այն հարգանքով կընդունվեր հասարակության կողմից, եւ ընդդիմադիր ուժերն էլ առիթ չէին ունենա իշխանություններին երեսպաշտության մեղադրանքներ ներկայացնելու:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՅԴ-ի ընդդիմադիր կեցվածքին:

– Սա նույնպես գաղափարախոսական հարված էր իշխանությանը: Սակայն զավեշտն անգամ սա էլ չէ, այլ այն, որ անցկացվելիք ավագանու ընտրությունները չեն համապատասխանում Սահմանադրությանը եւ երկրի օրենսդրության տառին:

– Այսի՞նքն։

– Խնդիրն այն է, որ ՏԻՄ ընտրություններ կարելի է անցկացնել արդեն իսկ ձեւավորված համայնքներում: Թեեւ Սահմանադրությամբ Երեւանը հռչակված է որպես առանձին համայնք, սակայն, որպես այդպիսին, Երեւանը փաստացիորեն գոյություն չունի: Գոյություն չունեցող համայնքում չի կարելի անցկացնել ավագանու, քաղաքապետի ընտրություններ: Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է իշխանությունն այս ճանապարհն ընտրել՝ կանխավ հարցականի տակ դնելով ընտրությունների օրինականությունը: Վերջին հաշվով, Երեւանի տարածքում գործում են ՏԻՄ մարմիններ՝ թաղապետարաններ՝ ընտրված ղեկավարներով, որոնք աշխատանքից կարող են հեռացվել դատական ընթացակարգի արդյունքում: Ընտրությունների ավարտից հետո նրանցից ցանկացածը կարող է դատարանում վիճարկել ընտրությունների օրինականության հարցը: Սա լուրջ հարց է, քանի որ դա կարող է տեղի ունենալ անկախ նրանից, թե ըստ ձեւական հաշվարկի՝ ո՞վ հաղթանակ կտանի: Մինչդեռ գործող օրենսդրությունը հնարավորություն տալիս է օրինական ճանապարհով հարցը կարգավորել՝ համայնքները կարող էին միավորվել: Եթե իշխանությունները գնային այս ճանապարհով, ի դեպ, դեռ ուշ էլ չէ եւ կարող են դա անել, անգամ ընտրությունները հետաձգելու միջոցով, իրապես գոյություն ունեցող համայնքում կարելի էր ընտրություն անցկացնել: Այլապես՝ սա հերթական ընտրությունն է, որը պիտի իրականացվի անօրինականության մթնոլորտում՝ ձեւի, կարգի, բովանդակության առումով: Եվ իշխանությունը, եւ ընդդիմությունը, եւ ՍԴ ղեկավարությունը պետք է լուրջ վերաբերվեն այս հարցին եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն: Դա եւս առիթ է, որպեսզի բոլոր կողմերը փորձեն ի մի բերելով ուժերը՝ հաղթահարել այս հարցը: Սա գուցե նաեւ առիթ կտա խուսափելու արդեն իսկ տեսանելի բախումներից: Այլապես մենք հունիսի 1-ին շատ ավելի բարդ իրավիճակում կհայտնվենք, քան հայտնվեցինք անցյալ տարվա մարտի 1-ին:

– Կողմերի մոտ դուք տեսնո՞ւմ եք այդ երկխոսության ցանկությունը:

– Ոչ: Իմ տպավորությամբ, ընդդիմության համար սա հերթական առիթն է փափագված իշխանափոխության գործընթացը իրականացնելու՝ իշխանափոխությունը մոտեցնելու տեսանկյունից: Իշխանության համար սա հնարավորություն է Երեւանում ամրանալու, որովհետեւ ժամանակի ընթացքում կորցրեց նաեւ քաղաքացիների կողմից առկա նվազ աջակցությունն էլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել