Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ. «ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ Է»

Մայիս 19,2009 00:00

Անդրեյ Բիտովի ապրիլյան այցելությունը Հայաստան՝ այնքան մշակութային եւ հատկապես գրական ներուժ ու լիցքեր հաղորդեց, որ օրերի մեջ դեռ դառնալու են խոհ ու բառ, վերադառնալու են գրականության միջոցով, պարզապես ապրելու-գրելու մղում եւ բարություն են աննկատ սփռելու: Բայց ուզում եմ հատուկ ասել. Բիտովը նոր, դեռ անգիր այս «հայկական դասերով» մեզ կրկին սովորեցնում է կարդալ-սիրել-փայփայել մեր մեծին, մեր Հրանտ Մաթեւոսյանին:

Մի առիթով նկատել էր, որ գրողները լինում են երկու տեսակի. ոմանք աշխարհին ասում են. «Ես այսպիսին եմ» (օրինակ՝ Պուշկինը), ոմանք՝ «Դուք այսպիսին եք» (օրինակ՝ Դոստոեւսկին): Գրողների միությունում կայացած հանդիպմանը, ահա, հետաքրքիր եւ՝ ոչ այնքան, հարցերի եւ միշտ անկրկնելի պատասխանների ընթացքում մտմտում էի այս հարցը: Արդեն հանդիպման ավարտին հաջողացրի հարցնել. «Այդ իմաստով ինչպիսի՞ գրող է Հրանտ Մաթեւոսյանը»: Մտաբերեց «Լիտերատուրնայա գազետային» տված իր հարցազրույցը: Եվ պատասխանեց այնպես, որ կարելի էր մտածել, թե այդ մասին ինքն արդեն մտածել է եւ պատասխանը նոր չէ գտնելու:

«Հրանտ Մաթեւոսյանը աշխարհին ասում է. «Ես այսպիսին եմ»: Եվ Հրանտ Մաթեւոսյանը աշխարհին ասում է. «Դուք այդպիսին եք»: Նայած թե դիտանկյունը որն է: Մաթեւոսյանը ունիվերսալ է»:

Ա. Բիտովը մեղմորեն առարկեց կարծիքին, թե գուցե իր դասակարգումը վերաբերում է պոեզիային եւ արձակին ընդհանրապես, որ, վերջին հաշվով, բանաստեղծն է ասում՝ «Ես այսպիսին եմ» (որպես օրենք՝ առավել լրիվ տարբերակն է՝ «Սիրեք ինձ, որովհետեւ ես այսպիսին եմ»), իսկ արձակագիրն ասում է՝ «Աշխարհն այսպիսին է» (իբրեւ շարունակություն՝ «Կուզեք՝ սիրեք, կուզեք՝ ոչ, սա է»): Բայց «առարկված» այս կարծիքով էլ Մաթեւոսյանին տված Բիտովի բնութագրումը ճիշտ է, որովհետեւ Մաթեւոսյանի գրականության մեջ պոեզիայի շունչ ու թեւեր կան, պատկերներ, այլախոսություն եւ բառերի հանդիպման զուտ պոետական գյուտեր, բայց՝ մնալով արձակի մեջ, նման անտառի, որտեղ վիթխարի կաղնիները քնքուշ ձնծաղիկների, մանուշակների, ըստ տրամադրության՝ անուն ունեցող եւ դեռ անանուն բոլոր անտառավորների հետ անխզելի համակեցություն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել