Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՀԱՅ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՑԻ

Մայիս 19,2009 00:00

Ազնավուրը՝ Արցախում

Նախօրեին Շարլ Ազնավուրն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ինչպես հաղորդել է «Արմինֆոյի» սեփական թղթակիցը Ստեփանակերտից, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել համերգ՝ Ազնավուրի պատվին, որի ընթացքում ելույթ են ունեցել ֆրանսիացի երգչուհի Լիզ Սարյանը եւ Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ազնավուրին շնորհել է Ղարաբաղի ամենապատվավոր մրցանակը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, որին երգիչն արժանացել է հայ ժողովրդի առջեւ բացառիկ ծառայությունների եւ վաստակների համար։ Աշխարհահռչակ շանսոնիեն մասնակցել է իր անունով կոչված մշակույթի կենտրոնի բացման արարողությանը, այցելել է Գանձասար: Շարլ Ազնավուրը նշել է, որ միշտ ցանկացել է լինել Ղարաբաղում եւ հույս է հայտնել, որ սա իր վերջին այցը չի լինի։ Ազնավուրի հետ ԼՂՀ էր մեկնել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Շքանշան՝ Ազնավուրին

Երեկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում կայացավ ցերեկույթ՝ նվիրված Շարլ Ազնավուրին: Ներկա էին ինչպես անվանի երաժիշտներ ու մտածողներ, այնպես էլ Ազնավուրի արվեստով հրապուրված երկրպագուներ:

Ելույթ ունեցավ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ նշելով. «1988-ին՝ աղետալի երկրաշարժի օրերին, Փարիզում էի եւ ականատես եղա, թե ինչ հոգեկան աջակցություն ցուցաբերեց Շարլ Ազնավուրը Հայաստանին ու հայ ժողովրդին: Ես շնորհակալ եմ այս մեծ մարդուն, որը յուրաքանչյուր հայի խիղճն է, յուրաքանչյուր հայի մարդասիրությունը»:

Ցերեկույթին մասնակցում էր նաեւ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որը հանդես եկավ թե՛ հայերեն, թե՛ ֆրանսերեն կատարումներով: Մաեստրոն էլ կես կատակ- կես լուրջ Ազնավուրին պարի էր հրավիրում: Օրվա խորհուրդը ամփոփվեց ադամանդակուռ «Արարատ» շքանշանով, որ հանձնվեց Ազնավուրին՝ իբրեւ մեծ հայրենասերի, որը հաճախ է կրկնում. «Ես 100 տոկոսով հայ եմ, 100 տոկոսով՝ ֆրանսիացի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031