Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑՎԵԼ Է «ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 19,2009 00:00

Ո՞ւմ վստահել կյանքի ամենակարեւոր օրը

Գեղեցիկ հարսի զգեստ, շպար, ինքնատիպ վարսահարդարում, շքեղ ձեւավորված հարսանյաց սրահ, ծաղկե կոմպոզիցիաներ, տարոսիկներ, մոմեր, մեղրամիս… Բոլոր այս նախապատրաստությունները սպասվելիք հարսանյաց արարողության խորհրդանիշներ են:

Հարսանյաց արարողությունների նախապատրաստումը շատերի համար գլխացավանք է, բայց նաեւ հաճելի հոգս: Օրինակ, 49-ամյա Հերիքնազը վերջերս է «ազատվել» նմանատիպ հաճելի գլխացավանքից: «Մի ամիս առաջ ես եւ ընտանիքս իրարանցումների մեջ էինք: Իսկապես դժվար գործ է հարսանյաց արարողություն կազմակերպելը: Հատկապես, երբ ամեն ինչ ամուսնանալ պատրաստվող զույգերի ցանկությամբ եւ ճաշակով է արվում. դահլիճի ընտրություն, երաժիշտներ, զգեստ, ծաղիկներ, եկեղեցու ամրագրում, ձեւավորում, տան սեղանի պատրաստություններ ու համապատասխան զարդարում… Ու այդ ամենի հետ մեկտեղ՝ մտածմունք, որ երեխադ այլեւս ուրիշ ընտանիքում է ապրելու, ուրիշի հարկի տակ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Հերիքնազը, ում աղջկա հարսանյաց հանդեսը կայացել էր վերջերս:

Քաղաքակիրթ երկրներում հարսանյաց հանդեսի արարողության նախապատրաստական աշխատանքների համար կան հատուկ կազմակերպություններ, որոնք իրենց վրա են վերցնում տվյալ արարողության կազմակերպչական աշխատանքները: Հայաստանում ամեն ինչ այլ է:

Օրերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում անցկացվեց 6-րդ Հարսանյաց ցուցահանդես-վաճառքը, որտեղ ներկայացված էին հարսանյաց, գեղեցկության, ծաղկի սրահներ, էսթետիկայի եւ սպա կենտրոններ, ոսկյա իրերի եւ զարդերի խանութներ, դիզայն եւ դեկորացիա, մեղրամիս կազմակերպող տուրիստական գործակալություններ, մեքենայի եւ այլ պարագաների վարձույթի առաջարկներ:

«Առավոտի» հետ զրույցում ցուցահանդեսի կազմակերպիչ, «Արմենիա Մարիոթի» մարկետինգի կոորդինատոր Գայանե Հարությունյանն ասաց. «Ցուցահանդեսը նպատակ ունի հնարավորություն տալ Հայաստանի շուկայում իրենց հաստատուն դիրքն ունեցող, շուկա նոր մուտք գործող, կայացման փուլում գտնվող տասնյակ կազմակերպությունների, ընկերությունների, անհատ ձեռներեցների՝ ներկայացնել իրենց ծառայությունները, նորամուծություններն ու առաջարկները: Այս ցուցահանդեսը սոսկ ավանդույթ չէ, որն արդեն 6-րդ տարին է անցկացվում, եւ ոչ էլ մրցահարթակ, որտեղ հազարավոր այցելուների առջեւ մասնակիցները ներկայացնում են իրենց բազմազան ծառայությունները եւ գրավում ապագա հաճախորդների ուշադրությունը: Այն մի խաչմերուկ է, որը մեծ հնարավորություն է ընձեռում համագործակցության առումով՝ ծանոթություններ, գործնական կապերի հաստատում, որի արդյունքում հնարավոր կլինի նորապսակների եւ նրանց ընտանիքների առջեւ բացել առաջարկների մեծ փաթեթ՝ հարսանյաց հանդիսությունն անմոռաց անցկացնելու համար»: Հայաստանում հարսանյաց հանդիսությունների կազմակերպման կուլտուրայի մասին Գ. Հարությունյանը նկատեց. «Արտասահմանում հարսանեկան արարողության կազմակերպման գործընթացին շատ լուրջ են վերաբերվում: Այսինքն՝ դա չի ընկնում ոչ հարս ու փեսայի, ոչ էլ նրանց ծնողերի վրա. կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք իրականացնում են արարողության նախապատրաստական, կազմակերպչական եւ անցկացման գործընթացը: Մեզ մոտ դեռ այդ պրոֆեսիոնալիզմը չկա, չկան անհատներ, որոնց կարելի է վստահել երիտասարդ զույգերի կյանքի ամենակարեւոր օրը: Դրա համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալների թիմ, քանի որ հարսանեկան արարողությունը բավականին լուրջ աշխատանք է: Հայաստանում սիրում են ամեն ինչ անձամբ, տանջվելով անել: Մարդկանց մոտ դեռեւս պակասում է վստահությունը: Դա էլ երեւի գալիս է մեր արմատներից, զավակների նկատմամբ հիվանդագին վերաբերմունքից»:

Գ. Հարությունյանի ձեւակերպմամբ՝ պետք է հասկանալ, որ հարսանիքը սովորական արարողություն չէ. «Դա մի օր է մարդու կյանքում, որի համար ոչինչ չարժե խնայել: Ուրախալին այն է, որ վերջին երկու տարիների ընթացքում մեզ մոտ հարսանեկան արարողությունների նկատմամբ լուրջ վերաբերմունք է նկատվում: Արդեն շատ քչերի մոտ կհանդիպես գորգի վրա «բամբակե» տառերով գրված «Երջանկություն նորապսակներին» արտահայտությունը, որը ծառայում է իբրեւ զարդարանք: Դրան փոխարինելու են եկել շքեղ ծաղկե կոմպոզիցիաները: Մեծ ուշադրություն է դարձվում սեղանի ձեւավորմանը: Հարսանյաց հագուստների ընտրության մեջ կա փոփոխություն, մեր հայուհիների ընտրած զգեստները շքեղ ու շլացնող են: Արդեն մրցակցություն կա հարսանյաց հանդեսներ իրականացնող դահլիճների միջեւ: Ուշադրությունից դուրս չի մնացել նաեւ դահլիճների ձեւավորումը: Ծառայությունների մակարդակը Հայաստանում բարձրացել է, բայց, միեւնույն է, բարձրանալու տեղ դեռ շատ ունենք: Օրինակ՝ մտնում ես հարսանյաց սրահ, վերջինիս շքեղությունը շլացնում է, բայց քեզ ոչ ոք չի մոտենում, չի բարեւում, հետեւաբար՝ սրահի շքեղությունն էլ աչքիդ չի գալիս»:

Հայաստանում հարսանյաց հանդեսների կազմակերպման կուլտուրայի մասին խոսեցինք նաեւ «Բրաբիոն ֆլորա սերվիսի» PR-մենեջեր Ծովինար Սարգսյանի հետ: Ըստ նրա. «Վերջերս նկատելի փոփոխություններ կան. հայերը սկսել են մեծ ուշադրություն դարձնել ծաղկե կոմպոզիցիաներին՝ ծաղիկներով դահլիճը, եկեղեցին ձեւավորելու առումով: Այսօր հայերը չեն վախենում նորություններից, հեշտությամբ եւ համարձակ գնում են նորամուծությունների: Օրինակ, համարձակ կոմպոզիցիաները շատ հաճույքով կարող են գնել: Լինում են դեպքեր, երբ դրանք պատրաստելիս մտավախություն ենք ունենում, որ կարող է ճիշտ չընկալվել, որովհետեւ չափազանց համարձակ է, բայց, միեւնույն է, գնում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել