Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱՊԱՀՈՎՎԻ

Մայիս 19,2009 00:00

\"\"Երեկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը եւ առաջին տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը լրատվամիջոցներին հրավիրել էին՝ ծանոթանալու ՄՀՀ-ում ընթացող նախապատրաստական վերջին աշխատանքներին ու պատասխանելու նրանց հետաքրքրող հարցերին:

«Առավոտը» նախապատրաստության մասին հնարավորին չափ մանրամասն արդեն իրազեկել է մարզասերներին: Այնպես որ, հնչած հարցերին կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չկար: Այսօր ներկայացնում ենք նոր տեղեկություններ:

Դերենիկ Գաբրիելյանը հատուկ ընդգծեց, որ այն, ինչ արվում է այսօր, ոչ այնքան ֆեդերացիայի միջազգային հեղինակության բարձրացման համար է, որքան՝ մարզաձեւը հանրապետությունում ավելի զարգացնելու, Հայաստանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու: «Մենք ուզում ենք անպայման պատանիների աշխարհի անդրանիկ առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով,- ասաց նա,- ուզում ենք, որպեսզի Երեւան ժամանող շուրջ հինգ տասնյակ երկրները տեսնեն ու համոզվեն, որ հայերը հյուրասեր ժողովուրդ են, որ Հայաստանում խաղաղություն է, որ մենք ագրեսոր չենք: Ցանկանում ենք հետագայում ընդունել նաեւ մեծահասակների աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններ: Եվ այդ գործում ֆեդերացիային բավականին լուրջ աջակցություն կարող եք ցույց տալ դուք՝ լրագրողներդ: Խնդիրներ եղել են ու դեռ կան: Բայց դրանք լուծվում են: Ամենամեծ խնդիրը, թերեւս, մրցավարությունն էր: Քանի որ պայքարն ընթանալու է երկու ռինգերում, ԱԻԲԱ-ի պահանջով պետք է աշխատի առնվազն 32 մրցավար: Խնդիրը լուծելու նպատակով ԱԻԲԱ-ի նախագահը դիմել է մեր ֆեդերացիայի ղեկավարին, որն էլ համաձայնել է չեզոք երկրներից ԱԻԲԱ-ի չորս մրցավարի՝ Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից եւ Սիրիայից, իր ու ֆեդերացիայի հաշվին հրավիրել Հայաստան»:

Արման Մուրադյանն ավելացրեց, որ Հայաստանում առաջին անգամ է օլիմպիական մարզաձեւից աշխարհի առաջնություն անցկացվում, թեկուզ՝ պատանեկան: Ընդհանուր բյուջեն կազմել է 200 մլն դրամ, որից 34 միլիոնը տրամադրել է կառավարությունը, մնացածը ներդրել է ֆեդերացիան: «Պատանի մարզիկների թիվը, ըստ նախնական հայտերի, կլինի 314 հոգի, իսկ ընդհանուր առմամբ մենք սպասում ենք շուրջ 700 հյուրի: Ադրբեջանը, չնայած մեր հրավերին, որոշել է չմասնակցել: Դա մեզ համար անակնկալ չէր: Բայց եթե ապագայում այնտեղ մեր մարզաձեւից նման մակարդակի մրցում լինի, եթե նրանք մեզ պաշտոնապես հրավիրեն եւ եթե մենք համարենք, որ դա մեզ մարզական առումով անհրաժեշտ է՝ կմասնակցենք, խնդիր չեմ տեսնում»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:

«Առավոտը» հետաքրքրվեց:

– Կուբայի հավաքականը ցանկություն էր հայտնել Երեւան ժամանել առաջնության մեկնարկից մոտ 10 օր առաջ եւ մեր ընտրանու հետ համատեղ հավաք անցկացնել: Բայց չի եկել: Ինչո՞ւ:

– Նրանց խնդրանքը մենք պատրաստվել էինք լիուլի բավարարել՝ բոլոր ծախսերը մեզ վրա վերցնելով: Ու այդ մասին տեղեկացրել էինք: Սակայն ելնելով մեր բռնցքամարտիկների շահերից, առաջարկել էինք, որպեսզի նրանք էլ հետագայում մեր հավաքականներից մեկի համար իրենց մոտ նման հավաք կազմակերպեն: Հավանաբար, այդ պատճառով հրաժարվեցին: Երեւում է՝ ճգնաժամն այնտեղ ավելի խորն է:

– Խոզի գրիպը օրեցօր տարածում է ընդգրկման երկրների շրջանակը: Երեւան են ժամանելու շուրջ 50 երկրների քաղաքացիներ: Հիվանդությունը Հայաստանում տարածվելու վտանգ չե՞ք տեսնում:

– Նախ Մեքսիկան, որտեղ ծագել է այդ հիվանդությունը, ինքն է հրաժարվել առաջնությանը մասնակցելուց: Բացի դա, մեր կազմկոմիտեի անդամ է նաեւ առողջապահության նախարարը: Համոզված եմ, որ հնարավոր բոլոր վտանգները հաշվի են առնված: «Զվարթնոց» օդանավակայանում բժշկական խիստ վերահսկողություն է սահմանված ժամանող ուղեւորների վրա: Այնպես որ, եթե խոզի գրիպի անգամ չնչին կասկած լինի, կարծում եմ, համապատասխան բոլոր միջոցառումները կկիրառվեն, ընդհուպ՝ մինչեւ երկիր մուտք գործելն արգելելը:

Երկրներն սկսել են ժամանել

Մայիսի 23-ին մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի պատանեկան անդրանիկ առաջնության մասնակիցներն սկսել են ժամանել մրցավայր:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին Երեւան է ժամանել 10 հոգուց կազմված առաջին պատվիրակությունը Իռլանդիայից՝ Պատրիկ Հուլլիգանի ղեկավարությամբ: Այդ երկիրը ներկայացված է լինելու 52, 54, 57, 63 եւ 70 կգ քաշային կարգերում: Իռլանդացիները հանգրվանել եւ մարզվում են Աբովյանի մարզահամալիրում: Թիմը Երեւան կտեղափոխվի մայիսի 22-ին:

Այսօր կազմակերպիչները դիմավորելու են Ղազախստանի պատվիրակությանը, որը ամենաներկայացուցչականներից է լինելու՝ 30 հոգի: Նրանց հատկացվել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը, որտեղ առաջնության ողջ ընթացքում հավաքականը բնակվելու եւ մարզվելու է: Ղազախները հանդես են գալու բոլոր 13 քաշային կարգերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել