Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Փարաջանովյան շունչ՝ Հայաստանում

Մայիս 19,2009 00:00

Հայրենիք է ժամանել Մոսկվայի փարաջանովյան թատրոնը՝ «Վրեժ կլուծեմ սիրով» բեմադրությամբ

Մայիսի 22-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Վրեժ կլուծեմ սիրով» բեմադրության պրեմիերան՝ նվիրված Փարաջանովի ծննդյան 85-ամյակին: Երեկ «Հայելի» ակումբում այս մասին տեղեկացրեց Մոսկվայի Փարաջանովի անվան մշակութային կենտրոնի եւ վերջինիս կից թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայազգի Վլադիմիր Գաբբեն: 15 տարի առաջ է ստեղծվել այս թատրոնը: Մոսկվայի մշակույթի կենտրոնը, բացի թատերական ներկայացումներից, ունենում է նաեւ երեկոներ՝ նվիրված փարաջանովյան օրագրերին, կինոսցենարներին, հանդիպումներ են լինում արվեստագետների հետ: Ըստ Վ. Գաբբեի, ներկայացումների 70%-ի հանդիսատեսը մոսկվացիներն են, բայց հայկական համայնքն էլ է ակտիվ: Այսօր թատրոնն իր խաղացանկում ունի 15 բեմադրություն: Ղեկավարի խոսքով՝ թատրոնի գեղարվեստական ոճը բխում է փարաջանովյան էսթետիկայից ու փիլիսոփայությունից: «Քանի որ ոչ մեկս իրավունք չունենք փոխել, վերստեղծել փարաջանովյան գույները, թատրոնն ավելի շատ հարցազրույցի մեջ է նրա արվեստի ու թողած հանելուկների հետ»,- նշեց Վլադիմիր Գաբբեն:

Ըստ նրա՝ «Ժամանակակից հայ թատրոնը արժանի է ավելի բարձր մակարդակի: Իհարկե, կան տաղանդավոր արվեստագետներ, բայց նրանց պակասում է քաղաքական, կազմակերպչական, պետական հովանավորությունը, որպեսզի հայ թատրոնն իր արժանի տեղն ունենա մեր օրերում»: Բանախոսի ղեկավարած թատրոնին օգնում է ՌԴ մշակույթի նախարարությունը, բայց կան նաեւ հայ եւ ռուս հովանավորներ: Կենտրոնը շատ միջոցառումներ, փառատոներ է կազմակերպում, հրավիրվում են հյուրեր արտասահմանից, որպեսզի հասկացվի ու չմոռացվի Փարաջանով երեւույթը, իսկ դրան հասնելու համար, Վ. Գաբբեի խոսքերով, մեծ ջանք ու եռանդ է պետք: Վլ. Գաբբեն ասաց նաեւ, որ սեպտեմբերին Մոսկվայում էլ են պատրաստվում մեծ հոբելյանական փառատոնի՝ նվիրված Փարաջանովի 85-ամյակին:

Ինչ վերաբերում է հայաստանյան պրեմիերային, վերջինիս բեմադրության հիմքում Փարաջանովի վերջին՝ «Խոստովանություն» կինոսցենարն է, որտեղ Փարաջանովն անդրադառնում է նախնիների հոգիների ու ստվերների որոնմանը. այն գերեզմանը, որտեղ նրանք էին, այլեւս դատարկ է: Գերեզմանից դուրս եկած հոգիները գալիս են հերոսի երազների մեջ: Ներկայացման մեջ դերակատարուհու «ներսում» բարդ, հոգեբանական պայքար է գնում. նա որոշում է լռել: Հանդիսատեսը, սակայն, բացի փարաջանովյան երազներից, ունի նաեւ անձնական երազներ, որոնց մասին մարդիկ, դժբախտաբար, կամ մոռանում են, կամ ժամանակ չեն ունենում:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ «Եվրատեսիլում» այս տարի Հայաստանի վարկանիշի ցածր լինելու մասին Վ. Գաբբեի կարծիքը: Ըստ նրա՝ «Եվրատեսիլը» միայն մրցույթ չէ, այն ունի նաեւ քաղաքական բնույթ, եւ յուրաքանչյուր երկիր, որ ներկայացնում է իր ներկայացուցիչներին, պետք է նաեւ մեծ ջանքեր ներդնի կազմակերպչական առումով եւս: Հայրենակիցներիս պես կարծում եմ, որ մեր ելույթը ուներ բարձր մակարդակ: Հայաստանը Մոսկվայի հետ քիչ է աշխատում, շատ կուզենայի, որ մինչեւ «Եվրատեսիլը», մի քանի օր առաջ Մոսկվայի յուրաքանչյուր հեռուստաալիք ներկայացներ մեր յուրահատուկ զույգին: Այն, ինչ տեսանք այս «Եվրատեսիլում», 10-րդ տեղին արժանի չէր…»: Արվեստագետը, սակայն, չցանկացավ քաղաքական տեսանկյունից խոսել, ասաց՝ ուղնուծուծով արվեստագետ է եւ չի ցանկանում խառնվել քաղաքականությանը:

Վլադիմիր Գաբբեի խոսքերով՝ «Հայաստանն այսօր Եվրոպայի աչքերում կարող է ավելի մեծ տեղ գրավել: Մենք շատ «փակ» ենք, անընդհատ կարծում ենք, որ արդեն ամեն ինչ արված է, եղածը հերիք է, մենք էլ ամենալավն ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել