Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

10-ՆՅԱԿԻ ՎԵՐՋԻՑ ԱՌԱՋԻՆՆ ԵՆՔ

Մայիս 19,2009 00:00

\"\"Չնայած «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանները հաջող հանդես եկան

Մայիսի 16-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում կայացավ «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս «Եվրատեսիլը» ամենաթանկարժեքն էր 54-ամյա մրցույթի ողջ պատմության ընթացքում. ծախսվել է 46 եւ ավելի միլիոն դոլար:

Հաղթող ճանաչվեց Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը իր «Fairytale» («Հեքիաթ») երգով՝ հավաքելով ռեկորդային 387 միավոր: Հետեւաբար հաջորդ տարի «Եվրատեսիլը» կայանալու է Նորվեգիայում՝ մայիսի 18-22-ը: Միամտություն է կարծելը, թե հաղթում է լավագույն երգը կամ հմայիչ կատարողը. ընդհանրապես հաղթանակը շնորհվում է այն երկրներին, որոնք ընդունակ են «Եվրատեսիլ» հյուրընկալելու:

«Եվրատեսիլ-2009»-ի մրցանակակիր Ալեքսանդր Ռիբակը հայտարարեց, որ հաղթանակի համար նա պարտական է իր բելառուսական ծագման եւ նորվեգական անձնագրի «համադրությանը». բելառուսները մելանխոլիկ-զգացմունքային են, ամենաերջանիկ մարդիկ էլ ապրում են Նորվեգիայում: Ա. Ռիբակն ասել է, որ իր կարծիքով լավագույն երգը Ուկրաինայի մասնակցինն էր, լավագույն կատարումը՝ իսլանդուհի Յոհաննայինը:

Վերջինս, սակայն, երկրորդ հորիզոնականում է, երրորդում է Ադրբեջանը՝ Արաշ եւ Այսել դուետով, նրանց հետեւում են Թուրքիան, հինգերորդում՝ Մեծ Բրիտանիան: Հայաստանն ընդամենը 10-րդ տեղում է, չնայած Ինգա եւ Անուշ Արշակյաններն ավելի հաջող հանդես եկան, քան նախորդ «Եվրատեսիլներին» Հայաստանը ներկայացրած երգիչները: Թե ինչո՞ւ նրանց Սփյուռքի հայահոծ համայնքներից միավորներ չտրվեցին՝ նախորդ տարիների պես, տարբեր կարծիքներ են շրջանառվում. ա) Սփյուռքը նեղացած է Հայաստանի իշխանություններից՝ Ցեղասպանությունն ուրանալու համար, բ) շատերին դուր չի եկել FRESH ART-ի ստեղծած մեր աղջիկների մռայլ ու խիստ ասիական կերպարը, թույլ երգը, գ) քվեարկության արդյունքները կեղծվել են, դ) պատճառը վատ PR-ն է, ե) ոմանց էլ զայրացրել է այն, որ մրցույթից առաջ «Կոմեդի քլաբի» տղաները վանկարկել են ՀՀԿ-ի եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի «Առաջ, Հայաստան» կարգախոսը (մի քիչ փոխված շարադասությամբ՝ «Հայաստան, առաջ»), զ) դա հատուկ «ակցիա» էր, որ Ռոբերտ Քոչարյանի հարս Սիրուշոյի գրաված 4-րդ հորիզոնականը ոչ ոք չհաղթահարի եւ այլն:

Տեղեկացրել էինք, որ, Ադրբեջանի պնդմամբ, «Եվրատեսիլի» կազմակերպիչները հրաժարվեցին արցախյան «Մենք ենք, մեր սարերը» հուշարձան-խորհրդանիշից (հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյան), սակայն Հայաստանի քվեարկության արդյունքները ներկայացնելիս Սիրուշոն ցուցադրաբար պահեց այն թղթապանակը, որի վրա «տատիկի եւ պապիկի» պատկերն էր, ինչը ծիծաղելի պատասխանն էր ադրբեջանական քայլերի ու ստացած բարձր միավորների պարագայում:

Դառնալով «Եվրատեսիլին», կրկին փաստենք, որ, չնայած իր որդեգրած ապաքաղաքական սկզբունքներին, այն քաղաքականացված մրցույթ է, որտեղ ի հայտ են գալիս մասնակից երկրների՝ միմյանց հանդեպ համակրանքներն ու հակակրանքները, քաղաքական ենթատեքստով ռեւերանսները եւ այլն: Օրինակ, հենց քաղաքական պատճառներով Վրաստանը հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլին», եւ ինչպես ԶԼՄ-ներին հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին, ի նշան Վրաստանի հետ համերաշխության ու ի պաշտպանություն ստեղծագործական ազատության, եվրոպական լավագույն խմբերն այս օրերին Թբիլիսիում էին՝ սատարելու համար «Եվրատեսիլին» չմասնակցած Վրաստանը ներկայացրած երաժիշտներին: Armenia today-ի փոխանցմամբ էլ, Ադրբեջանը ներկայացրած Այսելն ու Արաշը Բաքու են վերադարձել «Ղարաբաղ» անունը կրող ինքնաթիռով:

Ինչպես «Առավոտին» փոխանցեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնից, իրենց «թեժ գծին» քաղաքացիներից մեկն էլ հայտնել է, որ հայերին ուրիշի մշակույթը սեփականելու մեջ անհարկի մեղադրող Ադրբեջանն իրեն է վերագրել Թավրիզում գտնվող իրանցի պոետների դամբարան-պանթեոնը, որի պատկերը «Եվրատեսիլում» օգտագործվել է Ադրբեջանի մասին պատմող տեսահոլովակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել