Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԸ ԿՐԿԻՆ ԿԿԱՆԳՆԻ՞ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Մայիս 19,2009 00:00

\"\"Անցած շաբաթավերջին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը բավարարել է Ստամբուլում գործող հասարակական կազմակերպություններից մեկի հայցը՝ չեղյալ հայտարարելով 2006 թվականին առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Փամուկի դեմ Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել էր: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 2005 թվականին շվեյցարական «Տագես Անցայգեր» պարբերականին տված հարցազրույցում Փամուկն ասել էր. «Մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել Թուրքիայում, բայց որեւէ մեկը չի համարձակվում այդ մասին խոսել»: Սրան ի պատասխան՝ թուրք ազգայնական իրավաբանների մի խումբ դիմել էր դատախազությանը՝ Փամուկին մեղադրելով թուրքական ինքնությունը վիրավորելու մեջ: Փամուկի դեմ հարուցված դատական պրոցեսը խիստ քաղաքականացված էր, դատական նիստերը ուղեկցվում էին ազգայնականների կազմակերպած ցույցերով: Չնայած այս ճնշմանը՝ դատարանը կարճեց Փամուկի դեմ հարուցված գործը: Շատերի կարծիքով՝ դատավորները այս քայլին գնացին, նախեւառաջ, տեղի տալով Արեւմուտքից հնչող կոշտ քննադատությանը:

2006 թվականի դեկտեմբերին, երբ Փամուկին շնորհվում էր գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակը, թուրք գրողը կտրականապես հրաժարվեց անդրադառնալ իր դեմ դատական գործին, ասելով. «Սա տոնակատարության օր է, այսօր ես չեմ ուզում քաղաքական խնդիրների անդրադառնալ»:

Այժմ արդեն քուրդ զինյալների դեմ բախումներում զոհված թուրք զինվորականների ծնողներին միավորող ընկերակցության վեց անդամներ 2005-ին հնչեցված հայտարարությունների համար Փամուկից փոխհատուցում են պահանջում՝ 36 հազար լիրա: Այս նոր դատական հայցի մասին Փամուկը տեղեկացել է իտալական Թուրին քաղաքում, որտեղ մասնակցում էր գրքի տոնավաճառի:

«Ես հասկանում եմ, որ ինձ կրկին կարող են դատել, բայց ես տագնապած չեմ,- ասել է Փամուկը լրագրողներին՝ հավելելով,- ցավոք սրտի, դատարանները իմ երկրում քաղաքական ազդեցության տակ են: Սա, իհարկե լավ չէ, իրականում դատական իշխանությունը պետք է ժողովրդավարության հիմքը լինի: Առանց ազատության չկա արդարություն, այնպես որ, կարծում եմ, ազատորեն խոսելն իմ պարտքն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել