Աբխազիայում գտնվող ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը երեկ առաջին անգամ իր տարակուսանքը հայտնեց Բելառուսի՝ Վրաստանից անջատված երկու հանրապետությունների ճանաչման հարցում դիրքորոշման վերաբերյալ: «Ինձ թվում է, որ Բելառուսը չափից դուրս երկար է պատրաստվում այդ հարցին,- հայտարարել է Գրիզլովը։- Ես հասկանում եմ, որ պետք չէ շտապեցնել, բայց մեզ ասում էին, որ ճանաչումը տեղի կունենա ապրիլ ամսին, սակայն դա տեղի չունեցավ»: Գրիզլովը նշեց նաեւ, որ գիտի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ այդ խնդիրը լուծելու պատրաստակամության մասին: Բելառուսից կախված է նաեւ եւս մեկ աշխարհաքաղաքական խնդիր՝ արդյոք Աբխազիան կմտնի՞ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ: Պետդումայի նախագահը ընդգծում է, որ դա առաջին հերթին պայմանավորված է Բելառուսի կողմից Աբխազիայի անկախության ճանաչմամբ: Newsru.com-ը նշում է, որ Լուկաշենկոն մայիսի սկզբին ասել է, թե իր երկրի խորհրդարանում չկա միասնական կարծիք՝ ինչպես վարվել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հետ: «Մենք ուզում ենք անել այնպես, որ մարդիկ հասկանան իշխանության գործողությունները, ընկալեն դրանք որպես գիտակցված, մտածված եւ հավասարակշռված»,- հայտարարել է Լուկաշենկոն: