Հանգստյան օրերին Չեչնիայում փնտրում էին դաշտային հրամանատար Դոկու Ումարովի (նկարում) գրոհայինների ջոկատը, որը շաբաթ օրը ինգուշական գյուղերից մեկում մի քանի հոգու պատանդ էր վերցրել, իսկ այնուհետեւ փոխհրաձգության մեջ էր մտել տեղացի ոստիկանների հետ: Մարտի ժամանակ մահացել է երկու գրոհային, որոնցից մեկը արաբ էր, մյուսը, ենթադրաբար՝ ադրբեջանցի, հաղորդում է gazeta.ru-ն: Եվս մի ահաբեկչություն ուրբաթ օրը տեղի ունեցավ Գրոզնիում: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն՝ երկու ոստիկանների հետ միասին: Շաբաթ օրը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն իր մոտ է հավաքել ուժային կառույցների ղեկավարներին եւ արգելել այլեւս արտասանել «համաներում» բառը: «Մենք բազմիցս արդեն հնարավորություն ենք տվել գրոհայիններին՝ խաղաղ կյանքին վերադառնալու,- ասել է Կադիրովը,- նրանք, ովքեր ցանկություն ունեին տուն վերադառնալու, արդեն իսկ վերադարձել են, իսկ անտառում մնացել են նրանք, ում մենք այլեւս խնդիր չունենք համոզելու: Մեզ մնում է միայն հատուկ օպերացիաների մեթոդը եւ գրոհայինների ոչնչացումը, եթե նրանք դիմադրություն ցույց տան»:
Կիրակի օրը Կադիրովը ժամանեց Ինգուշեթիայի մայրաքաղաք Մանաս եւ իր գործընկեր Յունոս-բեկ Եվկուրովի հետ հայտարարեց երկու հանրապետություններում հակաահաբեկչական գործողությունների մասին: Չեչնիայի նախագահի գնահատականներով, գրոհայինների թիվը մոտավորապես 50-70 է: