Շաբաթ օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթել է 53-ամյա Դալյա Գրիբաուսկայտեն: Նա կրթությամբ տնտեսագետ է, վերապատրաստում է անցել ամերիկյան եւ եվրոպական համալսարաններում: Ալգիրդաս Բրազաուսկասի նախագահության ժամանակ Գրիբաուսկայտեն աշխատում էր որպես ֆինանսների նախարար: Լիտվայի՝ 2004 թվականին Եվրամիության անդամ դառնալուց հետո նա զբաղեցնում էր բյուջեի եւ ֆինանսների գծով եվրահանձնակատարի պաշտոնը: Նախընտրական արշավի ժամանակ Գրիբաուսկայտեի ընդդիմախոսներն օգտագործում էին այն փաստը, որ թեկնածուն ամուսնացած չէ, ինչպես նաեւ, որ նրա հայրը խորհրդային շրջանում աշխատում էր որպես սովորական վարորդ, սակայն բնակարան էր ստացել Վիլնյուսի կենտրոնական մասում: Նրանք ուշադրություն էին դարձնում նաեւ այն փաստի վրա, որ Գրիբաուսկայտեն սովորել էր Լենինգրադի համալսարանի երեկոյան բաժնում՝ միաժամանակ աշխատելով գործարաններից մեկում: Ըստ այդ քարոզչության, Խորհրդային Միությունում բոլոր գործարանները գաղտնի էին: Արդյունքում Գրիբաուսկայտեի 80%-անոց վարկանիշը իջել էր մինչեւ 50%, սակայն դա էլ բավարար էր նախագահական ընտրություններում հաղթելու համար:
Ընտրվելուց հետո, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, նորընտիր նախագահը առաջնահերթ խնդիր էր համարել կոռուպցիայի դեմ պայքարը: «Ես նկատի ունեմ օլիգարխիզացիան,- հայտարարել է Գրիբաուսկայտեն։- Մեր քաղաքական վերնախավի մի մասը, միանալով որոշ մեդիա մագնատների հետ, պաշտպանում է իր սեփական շահերը: Դրա դեմ պետք է պայքարել, քանի որ այդ ճանապարհը շարունակելով՝ մենք գնում ենք դեպի փակուղի»: