Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՆ՝ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մայիս 19,2009 00:00

\"\"Վաղվա աստղադիտակները նախագծվում, ֆինանսավորվում եւ կառուցվում են համաեվրոպական, համաշխարհային կամ այլ համատեղ ծրագրերով:

Ապրիլի 19-23-ը Լոնդոնի մերձակայքում (Հերթֆորդշիրի համալսարանում) կայացավ Եվրոպական աստղագիտական համագումարը (JENAM-2009): Հիշեցնենք, որ 2009 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հայտարարված է Աստղագիտության միջազգային տարի (ԱՄՏ): Ամենամյա աստղագիտական համագումարն այս տարի իր մեջ ընդգրկում էր նաեւ հատուկ ԱՄՏ-ին նվիրված գիտաժողով:

Ի թիվս Եվրոպայի տարբեր երկրներից համաժողովի ավելի քան 1000 մասնակիցների, Հայաստանից հրավիրված էր նաեւ Հայաստանի աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Ըստ Ա. Միքայելյանի՝ ԱՄՏ-ին նվիրված հատուկ նստաշրջանի ընթացքում բոլոր երկրներից եկածները զեկուցում էին, թե ինչպիսի միջոցառումներ են տեղի ունենում իրենց երկրներում. «Փորձի փոխանակման, հետագա պլանների մշակման առումով շատ օգտակար էր դա: Կան միջոցառումներ, որ ընդհանուր մշակված ծրագրում չկան, եւ կան միջազգային կոմիտեի կողմից առաջարկված ծրագրեր, օրինակ՝ հանրամատչելի եւ կրթական գործունեություն, պատանիների շրջանում աստղագիտական գիտելիքների տարածում եւ այլն: Օրինակ, շատ երկրներում մեծ ստենդներ են պատրաստել, կանգառներում, փողոցներում տեղադրված են: Մենք դա չենք արել ֆինանսական պատճառներով, կփորձենք քաղաքապետարանի հետ համագործակցել, տեսնենք ինչ կստացվի… Փոխարենը նախաձեռնեցինք հանդիպումներ Բյուրականում՝ ստեղծագործական միությունների հետ՝ ճարտարապետների, կոմպոզիտորների, գրողների, թատերական գործիչների եւ նկարիչների…»: Պարոն Միքայելյանը շատ տպավորված էր «Աշխարհի շուրջը՝ 80 աստղադիտակներով» ծրագրի արդյունքներից: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ուղիղ 24 ժամ, «100 ժամ աստղագիտության մասին» ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերում եւ տիեզերքում գտնվող 80 աստղադիտակ, այդ թվում՝ Բյուրականի 2,6 մ-անոց աստղադիտակը, համացանցային ուղիղ ռեժիմով ցուցադրում էին Տիեզերքը: «Յուրաքանչյուր աստղադիտարան պատրաստել էր 20 րոպեանոց տեսանյութ: Աստղագետները հերթով ներկայացրին դրանք եւ պատմեցին կոնկրետ դիտակների պատմությունը՝ երբ է տեղադրվել, ինչ արդյունքներ է տվել, ինչ գիտական հայտնագործություններ են եղել այդ դիտակով…»,- պատմեց նա:

ԱՄՏ-ի կապակցությամբ առաջարկված ծրագրերից պարոն Միքայելյանը կարեւորում է հատկապես «Պատուհան դեպի տիեզերք» պորտալի ստեղծումը: Պորտալում նախատեսվում են աստղագիտական նորություններ, ուղիղ ռեժիմով երկնքի քարտեզներ, Լուսնի փուլերը, հարցուպատասխան հայտնի աստղագետների հետ, եւ այս կարգի հանրամատչելի տեղեկատվություն ցանկացողների համար՝ «մեծ քանակի ուսումնական նյութ, որ ցանկացած հետաքրքրվող կարողանա վերցնել այդ նյութերը, նկարներ, դասագրքեր եւ այլն»:

Այնուամենայնիվ, JENAM-2009-ը առաջին հերթին գիտական մեծ միջոցառում էր, եւ քննարկվում էին ապագա խոշոր պլանները: «Դրանք թե ցամաքային, թե տիեզերական դիտակներն են: Տիեզերականը Ջեյմս Վեբի դիտակն է, որը փոխարինելու է Հաբլի հայտնի տիեզերական աստղադիտակին, կառուցվում է նույն ինստիտուտի կողմից եւ կլինի 6,5 մ-անոց, Հաբլի դիտակը 2,4 մ էր: Քննարկվում էր, թե ինչ խնդիրներ կարող է լուծել այս դիտակը. եթե խնդիրներն առաջադրված չլինեն, դիտակն էլ արդարացված չի լինի: Այս դիտակը ՆԱՍԱ-ի նախագիծն է եւ արդեն նախագծման փուլում է: Բացի այդ, կա մի խոշոր՝ Հերշելի անվան տիեզերական ինֆրակարմիր դիտակ, որը վաղուց պատրաստ է, եվրոպական տիեզերական գործակալության նախագիծն է, սա կլինի առայժմ ամենախոշորը՝ 3 մ-անոց աստղադիտակ է լինելու, մայիսի վերջին խոստանում են արձակել: Դիտակը իդեալական վիճակում է, պրոբլեմ չունի, եւ մեկ էլ Պլանկի անվան ռադիոդիտակն է արձակվելու: Իսկ ցամաքային խոշոր նախագծերից ամենատպավորիչը Եվրոպական գերխոշոր դիտակն է՝ The European Extremly large telescope՝ E-ELT, որը 42 մետրանոց հայելի ունի: Այս պահին Երկրի վրա ամենախոշոր դիտակը 10,4 մ-անոցն է: E-ELT-ը ոչ թե միաձույլ հայելի է լինելու, այլ մոտ հազար կտորից հավաքված մեծ միասնական հայելի են ստանալու»,-պատմեց աստղագետը:

Ինչպես շատ այլ աստղադիտակներ, այս հեռանկարային E-ELT-ն էլ, երբ մի քանի տարուց պատրաստ լինի, հավանաբար կտեղակայվի Չիլիում: «Չիլին, Հավայան կղզիները համարվում են լավագույն աստղակլիմա ունեցող երկրները, որտեղ լավագույն դիտումներն են լինում՝ շատ պարզ գիշերներ տարվա 365-ից՝ 300 օրերին: Նախկինում ամեն երկիր իր աստղադիտակը կառուցում էր, Եվրոպայի ամեն երկիրն իր դիտակն ուներ: Բայց Եվրոպան, հատկապես՝ Հյուսիսայինը, ամենավատ տեղերից է, դրա համար այն դիտակները, որոնք քիչ թե շատ պիտանի էին, տեղափոխեցին այլ վայրեր, նորերն էլ արդեն Եվրոպայում չեն կառուցում, այլ՝ Ավստրալիայում, Չինաստանում, Հիմալայներում… Աստղակլիման լավանում է այդքան բարձրությունից, քամիներ չպետք է լինեն, մթնոլորտային տեղումներ չպիտի լինեն եւ այլն… Օրինակ, սովետական 6 մետրանոց աստղադիտակը ժամանակին Հյուսիսային Կովկասում տեղադրեցին եւ մինչեւ այսօր, արդեն 34 տարի, լուրջ արդյունք չունեն: Մեծ դիտակը վատ տեղում ավելի վատ է, քան փոքր դիտակը՝ լավ տեղում»:

Քանի որ աստղադիտակի կառուցումը մեծ ֆինանսների հետ կապված խնդիր է, ներկայումս այդ գործը առանձին երկրներ չեն անում, այլ՝ համապետական միավորումներ: Ցանկացած խոշոր դիտակ նախագծելիս, նախապես այդ դիտակի համար ծրագրեր են մշակում, որպեսզի արժեւորեն, իմաստավորեն դրա կառուցումը: Եվ այդ ծրագրերի մշակումները, քննարկումները բաց են, ու հաճախ դրանց մասնակցում են աստղագիտության բնագավառում հեղինակություն ունեցող աղքատ երկրները նույնպես, ինչպես՝ Հայաստանը: «Ժամանակին մի լավ առաջարկ արեցինք, եւ Սպիցերի տիեզերական դիտակի խորհուրդը դա ընդունեց, եւ այսօր էլ տիեզերքում մեր ծրագիրն իրականացվում է: Հայ աստղագետների հետ հաշվի են նստում»,- փաստում է գիտնականը:

Հ. Գ. Պարոն Միքայելյանը պատմեց նաեւ, որ JENAM-2009-ին ներկայացված ամենահետաքրքիր հայտնագործությունը Ժնեւի աստղադիտարանի աշխատակից Միշել Մայորինն էր: Շվեյցարացի աստղագետը հայտնագործել է արեւային համակարգից դուրս գտնվող մի մոլորակ, որն իր չափսերով եւ իր համակարգի աստղի հանդեպ հեռավորության առումով համատեղելի է Երկրագնդի հետ, գրեթե նույն ջերմաստիճանն ունի, այնպես որ, հավանականությունը, որ այդ մոլորակում կարող է կյանք լինել, ամենեւին էլ փոքր չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել