Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Մայիս 19,2009 00:00

Կադրերը որոշում են ամեն ի՞նչ

Սկիզբը՝ նախորդ համարներում

\"\"Զարգացած երկրների փորձն ու մարդկության պատմությունը մեզ համոզում են, որ տվյալ հասարակության կամ երկրի գլխավոր հարստությունը ոչ թե ընդերքի պարունակությունն է, լինի դա ոսկի, թե նավթ, այլ մարդկային ուղեղն ու նրա նպատակային օգտագործման համակարգը: Ցանկացած երկրի ուժն ու զարգացման աստիճանը կախված են նրանից, թե տվյալ երկրում ինչպես են գնահատում մարդկանց ունակությունները, ինչ համակարգեր են ստեղծվում ուղեղի գնահատման ու բնությունից ընձեռված ունակությունների՝ ըստ բնագավառի օգտագործման համար: Օրինակ՝ եթե բնությունից խոհարարի ունակություն ժառանգածը ինչ-ինչ հանգամանքներում նախարար է նշանակվում, իսկ նախարարացուն՝ խոհարար, ապա արդյունքում՝ նախարարության բնագավառն է կործանվում, իր հերթին էլ հանրության ճաշն է անհամ ստացվում: Ուշադիր քննեք ու ինքներդ նման տասնյակ օրինակներ կհայտնաբերեք մեր առօրյա կյանքում:

Կադրային ընտրության խնդիրը ռազմավարական նշանակություն ունեցող կարեւորագույն ոլորտներից մեկն է եւ մեծ նշանակություն ունի մեր երկրի զարգացման, նրա ճակատագրի խնդրում: Այո, ճակատագրի խնդիր է: Մի պարզ օրինակ: Հեշտ չէ փոքրիկ երկրում Երեւանի պես մի այսպիսի հսկա մեգապոլիս պահելը: Երեւանը, երկրի համեմատ աններդաշնակ մեծանալով, ունեցել է նաեւ իր բացասական դերը երկրում: Իսկ դրա հետեւանքներն այսօր մենք զգում ենք ամենուր: Սա իրենց տեղում չգտնվող մարդիկ են արել: Քաղաքը լափում, ներծծում է երկրի ուժերը, ամեն ինչ՝ տնտեսություն, մշակույթ, կենտրոնացնում մի կետում: Սա եւս իր հերթին բարոյահոգեւոր անկման, աղքատության աղբյուր է: Մի պարզ օրինակ եւս. գլխավոր ճարտարապետի անձից չէ՞ր կախված քաղաքի հին թաղամասերի, XIX դարի քաղաքային մթնոլորտի անխնա ավերումը: Քաղաքի գեղեցիկ անկյուններից մեկը՝ Ղանթարը ավերվեց, ինչ է թե՝ արձանացած Լենինը, Շահումյանը, Մյասնիկյանը իրենց հրապարակներից պետք է տեսնեն իրար: Մեր աչքի առաջ ավերվում է Աբովյանի փողոցի 19-րդ դարի մթնոլորտը: Երեւանյան քաղաքային հին մթնոլորտը ավերվեց մեր աչքի առաջ, կորցրինք սեւ տուֆից կառուցած շքեղ տները՝ իրենց փայտաշեն գեղեցիկ դռներով, պատուհաններով, հարթաքանդակներով: Սա նաեւ բարոյական կորուստ է: Բայց չէ՞ որ կար հինը պահպանելու եվրոպական հարուստ փորձը:

Կրթվածությու՞նն էր պակասում, թե՞ կիրթ լինելը…

Հազարավոր մարդիկ, դիմելով զանազան խաբեությունների ու կեղծիքների, լքում են երկիրը, եվրոպական զանազան երկրներում ներկայանում են որպես հալածված սեռամոլներ, ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, նույնիսկ ադրբեջանամետ, թուրքամետ հայացքների համար հալածյալներ: 1990-ականներին երկրից հեռանալու միջոցը փախստականի վկայականն էր: Հարյուրավոր մարդիկ կարողացել են խաբեությամբ կամ կաշառքով նման վկայական ստանալ ու փախստականի արտոնյալ կարգավիճակով հայտնվել արտերկրում: 90-ականների սկզբին Պյատիգորսկի միլիցիայի վարչությունում ցույց տվեցին հայաստանյան հայրենակցական կազմակերպության ներկայացուցչից առգրաված երեւանյան մի հսկա պայուսակ՝ լցված փախստականի կնքված, ստորագրված վկայականներով: Ցանկացած դասալիք կարող էր այն գնել եւ իրեն ապահով զգալ հայրենիք վերադառնալու պարտականությունից:

Մենք չպետք է շռայլություն թույլ տանք կադրային խնդրում, մասնագետ ու կարող մարդկանց բաժանենք տարբեր կուսակցությունների: Համապետական, հասարակական շահերի տեսանկյունից նման բաժանումը անհեթեթություն է դառնում: Շատ ու շատ մարդիկ նման ոչ արդարացի բաժանման զոհ են դարձել, որի արդյունքում տուժում են ե՛ւ անհատը, ե՛ւ հասարակությունը, ե՛ւ երկիրը: Նրանցից շատերը հեռացել են երկրից կամ դարձել իներտ ու անմասնակից՝ հասարակական իրադարձությունների նկատմամբ:

Կադրերի ընտրության խնդրում հաճախ մերժողական դիրքորոշմամբ կորուստ ենք ունենում սկզբունքային մարդկանց առումով: Պատասխանատու պաշտոնյաները խուսափում ու վախենում են այդպիսի մարդկանցից: Նրանք գերադասում են թույլ, շողոքորթ մարդկանց տեսնել իրենց շրջապատում: Իսկ արդյունքում թե իր եւ թե երկրի կորուստը շատ ավելի մեծ է լինում:

Կառավարության, նրա այս կամ այն օղակի ձեւավորման ժամանակ ինչո՞ւ չի կիրառվում մրցութային համակարգը: Տվյալ պաշտոնի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը, իսկ ընտրությունը կարելի է թափանցիկ դարձնել: Նման ձեւով ընտրվածից էլ կպահանջվի իր իսկ ծրագրի իրականացումը: Ասենք, երկրի տվյալ նախագահը լավ չի ճանաչում երկրի կադրային հնարավորությունները: Արդյունքը երկրի համար ողբալի է դառնում: Թվում է, թե մշակույթը երկրորդական ոլորտ է: Նախորդ նախագահներից մեկի ժամանակ պատահական կին, որը ոչ մի կապ չուներ մշակույթի, արվեստներից եւ ոչ մի ճյուղի հետ, հենց մշակույթի նախարար էր նշանակվել: Նա պատկերացում անգամ չուներ, թե ինչ ոլորտ պետք է կառավարի: Իսկ նրա գլխավոր ծրագիրը պետք է լիներ երկրի բարոյահոգեւոր անկման կանխումը, քանի որ այս համատարած ճգնաժամի հիմքը մշակույթից հասարակության կտրված լինելն է: Սա անհաջող նախարար նշանակելու միակ օրինակը չէ: Կարելի է տասնյակ նմանատիպ օրինակներ բերել: Ու տասնյակ տապալված ծրագրեր, անգործության մատնված ոլորտներ:

Ի՞նչ կերպ են ընտրվում մեր երկրի դեսպանները, որոնց մի մասը սահմանված ժամկետը ավարտելուց հետո որոշեց հայրենիք չվերադառնալ: Պարզվում է, որ հենց նրանք, մոռացած իրենց պարտականությունները, հիմնականում զբաղվել են իրենց դիմողներին տեղեկանք վաճառելով: Ես չէի հավատում, երբ իմ ընկերները բողոքում էին այս կամ այն երկրում նշանակված մեր դեսպաններից: Սակայն այն, ինչ տեսա Մոսկվայում ՀՀ դեսպանատանը կից հյուպատոսարանում, գերազանցում են բոլոր տեսակի պատմությունները: Հյուպատոսարանի կարիքն ունեցող, ասենք՝ տեղեկանք ստանալու համար ցանկացած անձ այստեղ իրեն ոչ միայն վիրավորված, այլեւ ստորացված է զգում: Նախ, ոչ մի կերպ չես կարող հեռախոսով կապվել հյուպատոսարանի հետ: Հենց այդտեղից էլ սկսվում է քաշքշուկը: Հյուպատոսարանի մուտքը բակի կողմից փակված է մետաղյա ցանցով: Մարդիկ օր ու գիշեր հերթ են կանգնում՝ տեղեկանքի համար: Իսկ ցանկացած տեղեկանք այստեղ վաճառվում է: Երբ ես տեսախցիկով հայտնվեցի հյուպատոսարանի բակում, մարդիկ շրջապատեցին ինձ ու խնդրեցին անպայման երեւանյան լրատվամիջոցով պատմել իրենց տառապանքների մասին, որի պատճառը դեսպանատան ու հյուպատոսարանի ղեկավարությունն է, սանձարձակ բյուրոկրատիան, անպատժելիությունն ու ամենաթողությունը: Իսկ այս երեւույթին ականատես օտար մարդիկ մտածում են, որ Հայաստանը արտահանել է իր սովորական աշխատաոճը:

Տնտեսական, դրա հետ էլ կադրային ոչ ճկուն քաղաքականության, կոպիտ սխալների հետեւանքով երկրի գլխավոր հարստությունը՝ մարդկային ուղեղները, դուրս է հոսում երկրից: Մեր երկրում աճեցրած պատրաստի մասնագետները գնում են օտար երկրներին ծառայելու: Իհարկե, միշտ չէ, որ նրանք իրենց համապատասխան ասպարեզ են գտնում: Անշուշտ, անհրաժեշտ է ոչ թե պայքարել այս երեւույթի դեմ, այլ կառավարելի դարձնել այն՝ ի շահ պետության, անհրաժեշտության դեպքում ետ վերադարձնել այդ հարստությունը: Կարելի է օգտագործել եւ Չինաստանի օրինակը:

Հակառակ սպասվածին, ո՛չ մտավորականները, ո՛չ էլ վերնախավի այրերը համառորեն չեն խոսում բարոյահոգեւոր անկման կամ վերելքի ճանապարհների մասին: Ամեն ոք զբաղված է քաղաքական կամ նույնիսկ մշակութային հիերարխիայում իր տեղը որոնելով ու ամրապնդելով: Մտավորականությունն իր հերթին այս պայմաններում կազմալուծվում, բարոյալքվում է: Անբարոյականությունը թափանցում է մշակույթի, գրականության, գիտության ոլորտները:

Իհարկե, կադրային խնդիրը սկսվում է ընտանիքից, մանկապարտեզից ու դպրոցից, փողոցից, որտեղ քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ ձեւավորվում է ապագա մասնագետը: Կադրային հարցն ընդգրկում է մի համակարգ, որտեղ կարեւոր դեր ունի դարերի ընթացքում ազգի կուտակած կենսափորձը, ազգային մշակույթը, գրականությունը: Այն օրգանապես փոխկապակցված է մեր երկրի տնտեսական ու մշակութային կյանքի հետ: Մենք կադրային հարցերում կամայականություններ թույլ տալու իրավունք եւ ժամանակ չունենք:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել