Աշոտ Մանուչարյանի ղեկավարած «Սոցիալիստական ուժերի միությունը» հրապարակ է նետել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սեփական պատկերացումները:
Ըստ միության անդամ Արա Նեդոլյանի՝ «Հայ եւ թուրք ժողովուրդների մեջ եղած խնդիրները պայմանավորված են Օսմանյան կայսրության փլուզման հետեւանքով անհրաժեշտ դարձած հայ-թուրքական տարածքային տարանջատման գործոնով: Նման տարանջատման անհրաժեշտության արձանագրումը եւ դրա համապատասխան իրավական ձեւերի որոնումը միջազգային հանրության կողմից սկսվել են դեռեւս 1878 թ. Բեռլինյան կոնգրեսում: Նախկին Օսմանյան կայսրության բնիկ հայ բնակչության իրավունքները եւս ամրագրված են այժմ ուժի մեջ գտնվող ՄԱԿ-ի «Բնիկների իրավունքների մասին» հռչակագրով:
Այսպիսով, արդարությունն եւ միջազգային օրենքը միանշանակորեն պահանջում են, որպեսզի Օսմանյան ժառանգությունը արդարացիորեն բաշխվի կայսրության բոլոր ժողովուրդների միջեւ, ներառյալ հայ եւ թուրք ժողովուրդների»: Մեր զրուցակիցը գտնում է, որ ցեղասպանությունից հետո կնքված բոլոր հայ-թուրքական, ինչպես նաեւ դրանց վերաբերվող այլ պայմանագրերի օրինականությունը պայմանավորված է նրանով, թե ինչքանով են նրանք արդարացի եւ օրինականորեն լուծում հայ-թուրքական տարածքային տարանջատման, ինչպես նաեւ նախկին կայսրության հայ բնիկների իրավունքների վերականգնման հիմնահարցը: «Սոցիալիստական ուժերի միությունը» գտնում է, որ այդ չափանիշները պետք է հիմք ընդունվեն նաեւ արդի հայ-թուրքական ցանկացած բանակցությունների համար: Ուստի՝ առաջարկում են. «Ստեղծել միջազգային հովանու տակ գործող հայ-թուրքական հանձնաժողով (Բեռնի խումբը), որը կմշակի սփյուռքահայության իրավունքների վերականգնումը Թուրքիայում՝ համաձայն ՄԱԿ-ի հռչակագրի, կճշտի Թուրքիայի եւ ՀՀ սահմանագիծը, կմշակի Թուրքիայի կողմից հայերի Ցեղասպանության ճանաչման կարգը եւ ժամկետները: Հանձնաժողովի կողմից մշակված բանաձեւերը հավանության են արժանանում ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայության կողմից: Հայկական կողմը ստեղծում է համապատասխան համահայկական կառույց այս եւ նմանատիպ հանրաքվեներ անցկացնելու համար: Թուրքիան կատարում է համապատասխան վավերացման գործողություններ: Համաձայնության՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկրների միջեւ բացվում են սահմանները եւ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ»: