Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻՆ ՇԱՏ ԲԱՆ ՊԵՏՔ ՉԷ

Մայիս 19,2009 00:00

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի բնակիչները սերնդեսերունդ եւ հարյուրամյակներով պահպանում են Վարդան Զորավարի հիշատակը:

\"\"\"\"
Գյուղապետ Կարեն Դոլմազյանը «մեղադրում» է համայնքային բյուջեին, իսկ ակնաղբյուրցիներին
մնում է հպարտանալ Վարդան Զորավարի հավերժ ներկայությամբ:

Անցած հանգստյան օրերը տոնական էին Տավուշի մարզի Խաշթառակ, Լուսահովիտ, Դիտավան եւ Ակնաղբյուր գյուղերի համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ այս գյուղերում սոցիալական ծրագրեր են իրականացվել: Հիմնադրամի Հոլանդիայի տեղական մարմնի հովանավորությամբ՝ 36, 77 միլիոն դրամով հիմնանորոգվել է Խաշթառակի բուժկետը, հիմնադրամի Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի մարմինների 154 միլիոնով նորոգվում եւ կահավորվելու է նույն գյուղի դպրոցը: Մայր աթոռի 84 միլիոնով գազիֆիկացվել են Խաշթառակն ու Լուսահովիտը, հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի եւ ՀՅԴ Կանադայի հանձնախմբի մոտ 60 միլիոն դրամով Ակնաղբյուր գյուղի համար ապահովվել է գազիֆիկացում, խմելու եւ ոռոգման ջուր, Արմեն եւ Նատիա Էքսէրճիէանների 91 միլիոն դրամով կառուցվել է Դիտավանի համայնքային կենտրոն-գյուղապետարանը եւ գազիֆիկացվել ողջ համայնքը:

Մենք եղանք Ակնաղբյուրում եւ Խաշթառակում: Խաշթառակի այսօրվա ու վաղվա մասին՝ մեր թերթի առաջիկա համարներից մեկում: Իսկ Ակնաղբյուրում գյուղացիներն ուրախ են: Ասում են, որ իրենց նկատմամբ ուշադրության կոնկրետ ու գործնական դրսեւորումներն ու քայլերն արդեն տեսնում են: Այ, եթե ղեկավարները լեռների մեջ կորած իրենց փոքրիկ համայնքում մի քանի կարեւոր հարցեր էլ լուծեն, հաստատ գոհ ու երջանիկ կլինեն:

73-ամյա Ռոզա Շահնազարյանին մտահոգում են գյուղի երիտասարդները, որոնց կյանքի լավագույն տարիներն անցնում են դատարկության մեջ: «Խեղճ ջահելները զբաղվելու, օրն անցկացնելու ոչ մի տեղ չունեն: Հողի ու գոմի գործերը վերջացնում են՝ դուրս են գալիս զբաղվելու: Բայց ինչո՞վ, ո՞նց… Ամեն օր իրիկունները պարապ-սարապ հավաքվում, նստում են քարերի վրա, դեսից-դենից զրուցում ու գնում տուն: Մի կուլտուրական տեղ չկա, որ հավաքվեն, մի խաղ խաղան, մարզվեն, գոնե էդ ձեւով հետաքրքիր դարձնեն իրենց օրը»,- մայրաքաղաքից եկած լրագրողին այսպես ներկայացրեց վիճակը Ռոզա տատը:

Ռոզա տատի եւ նրա հարեւանների պատկերացմամբ՝ երիտասարդների ժամանցի վայրը կարող է դառնալ գյուղապետարանի շենքը, որտեղ կարելի կլիներ տարատեսակ միջոցառումներ կազմակերպել: Եթե շենքը լիներ, եթե շենքը քանդված չլիներ:

Անցած դարի 30-ական թվականներին կառուցված շենքը քանդվել է 2005 թվականի ամռանը՝ ուժեղ կարկտահարությունից: Արդեն երեք տարի է՝ Ակնաղբյուրում վարչական շենք է ծառայում գյուղի վերջում գտնվող մասնավոր մի տուն, որտեղ հասնելու համար գյուղացիներից մեծ համարձակություն է պահանջվում եւ որի վարձակալության համար տարեկան 3.5 միլիոն դրամ է ծախսվում: «Շենքը գյուղից էնքան հեռու է, որ եթե մի «դակումենտ» է պետք լինում, զինվում եմ փայտով՝ նոր ճամփա ընկնում, որ հանկարծ շների բաժին չդառնամ»,-ասաց Ռոզա Շահնազարյանը:

Ակնաղբյուրի երիտասարդ մայ րերին էլ մանկապարտեզի խնդիրն է հուզում: Նոյեմբերյան քաղաքից Ակնաղբյուր հարս եկած Ռուզան Անանյանը երեք երեխա ունի, որոնց հարցերով զբաղվելու եւ խնամքի լուրջ խնդիր է առաջանում, երբ սկսվում են հողի մշակման աշխատանքները: «Շատ կուզեի, որ երեխաներս մանկապարտեզ հաճախեին, շփվեին իրենց հասակակիցների հետ, մի բան սովորեին: Ի վերջո՝ ապահով ու անվտանգ լինեին: Փողոցը երեխայի դաստիարակության տեղ չի: Սա հասկանում եմ, բայց քանի որ ուրիշ տարբերակ չունենք, ստիպված փողոցն ենք դարձնում նրանց խաղի վայր՝ այն ժամանակ, երբ ընտանիքով մտնում ենք հողամաս՝ աշխատելու»,- ասաց երիտասարդ մայրը:

Մանկապարտեզի հարցում գյուղացիների դժգոհության եւ բողոքի մասին իմանալով, Ակնաղբյուրի ղեկավար, արդեն երկրորդ անգամ գյուղապետի պաշտոնը զբաղեցնող հանրապետական Կարեն Դոլմազյանը զարմացավ: Ասաց՝ ինչի՞ են բողոքում, եթե գյուղը երբեւէ մանկապարտեզ չի ունեցել: Իսկ հարցին, թե՝ երբեւէ չունենալը խանգարո՞ւմ է ապագայում ունենալու հեռանկարին, գյուղապետն ասաց. «Դուք գիտեք՝ փոքր համայնքների փոքր բյուջեները մանկապարտեզ պահելու հնարավորություն չեն տալիս»: Ակնաղբյուրում ապրում է 500 մարդ: Գյուղապետ Դոլմազյանի ասելով՝ բյուջեն հազիվ աշխատավարձերին է հերիքում:

Գյուղապետի փոխանցմամբ, Ակնաղբյուրի զարգացման ծրագրի մեջ, բացի գյուղը գազիֆիկացնելուց ու ոռոգման ջրի հարցը լուծելուց, ներառված է եղել նաեւ գյուղապետարանի շենքի հիմնախնդիրը, որը, վարչական շենք լինելուց բացի, նաեւ մշակույթի կենտրոն ու բուժամբուլատորիա կարող ճառով լինել:

Ակնաղբյուրի ամենանշանավոր ու պատմական վայրը՝ Զորավար Վարդան Մամիկոնյանի տնկած հազարամյա ծառն է: Պատմում են, որ Հյուսիսային Կովկասում հաղթական ճակատամարտից հետո Վարդան Մամիկոնյանը մայրաքաղաք Արտաշատ վերադառնալիս մի պահ դադար է առել աղբյուրի մոտ եւ հենց աղբյուրի կողքին էլ կաղնու շիվ տնկել: Ծառը դարձել է սրբավայր, մարդիկ մոմեր են վառել: Ոմանք ասում են՝ մի մոմից էլ ծառը այրվել է, ուրիշները պնդում են, որ ծառը տապալվել է քամուց: Վարդան Զորավարի տնկած ծառի կողքին կանգուն է մարշալ Հովհաննես Բաղրամյանի տնկած ծառը: Մեր օրերում՝ 2007 թվականին, տապալված, բայց ապրող կաղնու հենց հարեւանությամբ մատուռ է կառուցվել եւ Սուրբ Վարդան անվանակոչվել:

Ակնաղբյուրցիները հավատում են եւ իրենց հյուրերին հավատացնում, որ Վարդան Զորավարի ուժն ու հզորությունը ապրում են նրա տնկած ծառի մեջ: Ասում են, եթե այստեղ բարձրաձայն արտահայտես ցանկություններդ, դրանք կիրականանան, եթե ձեռք տաս ծառին՝ զերծ կլինես հիվանդություններից: Սուրբ Վարդանի մատուռը եւ ծառի մերձակայքը երբեք դատարկ չեն մնում, միշտ ինչ-որ մեկը կա, որ կամ մոմ է վառում, կամ սեփական աչքերով տեսնել է ուզում պատմական անցքերի բաղկացուցիչներից մեկը: Վարդան Զորավարի եւ նրա տնկած ծառի պաշտամունքն այստեղ այնքան մեծ է, որ անգամ ցուրտ ու մութ տարիներին տապալված ծառի վրա ձեռք չեն բարձրացրել՝ սրբապղծություն են համարել: Պահել, պահպանել են, ցանկապատել տարածքը: Զորավարի ծառը ուխտատեղի դարձնելուց բացի, ակնաղբյուրցիները այն վերածել են նաեւ զինակոչիկներին ճամփու դնելու հանգրվանի. բանակ զորակոչվածներն այստեղից են ճանապարհվում զինվոր դառնալու, այստեղ են մոմ վառում, ծառ տնկում, երդվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել