Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Չեն բացվում՝ փակ են

Մայիս 19,2009 00:00

Ընտրություններին մասնակից կուսակցությունների մի մասը չի բացում ֆինանսական հաշվետվությունները

Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու անդամների ընտրությունների նախօրեին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) որոշեց պարզել ընտրություններին մասնակցող կուսակցություններից եւ կուսակցությունների դաշինքներից, թե որքանով են նրանց ֆինանսական հաշվետվությունները բաց եւ հրապարակային:

Այս նպատակով ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու հարցումներ է ուղարկել առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին՝ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, ԺԿ-ին, ՀԱՍԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՀԱԿ դաշինքին, խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ տվյալ կուսակցության ստացած՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին եւ այդ կուսակցության 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճեն:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետում հարցմանը պատասխանել են միայն ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն: Ի դեպ, երկու կուսակցություններն էլ պատասխանը տրամադրել են առձեռն:

ՀՀԿ-ին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվություն կատարել է միայն «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն՝ 6 785 000 դրամ: Իսկ ՀՅԴ-ին նվիրատվություն կատարել է երկու ֆիզիկական անձ՝ Կարինա Կանդարյանը՝ 10 միլիոն դրամ եւ Գագիկ Գեւորգյանը՝ 15 միլիոն դրամ:

Ժողովրդավարական կուսակցությունից (նախագահ՝ Տիգրան Կարապետյան) ԻԱԿ-ը «պատասխան» ստացավ հեռախոսով. ԺԿ հաշվապահը բանավոր նշեց, որ իրենք պարտավոր չեն նման տեղեկատվություն տալու, եւ, ընդհանրապես, մեր ի՞նչ գործն է: Բայց երբ տեղեկացրինք, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն արդեն պատասխանել են ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցմանը, ինչպես նաեւ հիշեցրինք, որ հայցվող տեղեկատվությունը չստանալու դեպքում այն կստանանք դատական կարգով, կուսակցությունն ուղարկեց գրավոր պատասխան, որը, սակայն, թերի էր: Տրամադրվել էր միայն նվիրատվության չափի մասին տեղեկատվություն, սակայն ֆինանսավորման աղբյուրը բացահայտված չէր:

Իսկ ՀԱՍԿ-ի ներկայացուցիչն էլ զանգել եւ վրդովված հարցնում էր. «Էս մեր գլխին դատախա՞զ եք դարձել»: Փաստորեն, կուսակցությունը մուտք է գործում քաղաքական դաշտ՝ անտեղյակ հրապարակային գործելու իր պարտականությունից:

ԻԱԿ-ի հարցմանը ընդհանրապես չեն պատասխանել ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱՍԿ-ը եւ ՀԱԿ-ը՝ չտրամադրելով իրենց ֆինանսական հաշվետվությունների պատճեն:

Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավի հիմնական դրույթներից են հրապարակայնությունը, թափանցիկությունը եւ հանրության առջեւ հաշվետու լինելը, սակայն ԻԱԿ-ի ուսումնասիրությունը փաստեց հակառակը:

Ի դեպ, ՀՅԴ-ի 2008թ. ֆինանսական հաշվետվությունը կարող եք կարդալ www.foi.am կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել