Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՒՄՈՎ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ

Մայիս 19,2009 00:00

\"\"84-ամյա Լենա Թադեւոսյանը շուրջ 6 ամիս փորձում է իր 55 տարվա տունը սեփականաշնորհել: Սակայն, ըստ տիկին Լենայի, քաղաքապետարանն իր բոլոր դիմումներն անտեսում է եւ ընթացք չի տալիս: «1954 թվականից այս տանն եմ ապրում: Խորհրդային կարգերի փոխվելուց հետո՝ չկարողացա անմիջապես սեփականաշնորհել, քանի որ մենակ կին եմ: Հիմա չորս կողմից ուզում են հողերս զավթեն ու տունս ձեռքիցս խլեն»,- «Առավոտին» դժգոհեց տիկին Լենան: Նրա ներկայացմամբ՝ նախորդ տարվա դեկտեմբերին դիմել է քաղաքապետարան, որպեսզի Սեբաստիա 17ա հասցեի իր տան փաստաթղթերի հիման վրա քաղաքապետարանը չափագրումներ կատարի ու սեփականության վկայական հատկացնի: Տիկին Լենայի պատմելով՝ ամեն անգամ, երբ փորձել է քաղաքապետարանի մեկ պատուհանի միջոցով իր դիմումի պատասխանը ստանալ, նրան ասել են՝ ձեր գործերից դեռեւս տեղեկություն չկա. «Անցյալ տարի դիմում տալու ժամանակ ասացին, թե 45 օրից իմ խնդիրը կլուծվի, վկայականն էլ կտան: Բայց արդեն 166 օր է անցել, ու ոչ չափագրողները կան, ոչ էլ քաղքապետարանում որեւէ պաշտոնյա ուզում է ինձ ընդունել: Իսկ ես սեփականաշնորհման գործընթացի համար պահանջվող 20 հազար դրամը պարտաճանաչ մուծել եմ»: Բազմաթիվ դիմումներից հետո այս տարվա մարտի 31-ին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը որոշում է կայացրել Լենա Թադեւոսյանի գործն ուսումնասիրել, չափագրումներ կատարել եւ այս ամենի իրականացումը պարտադրել ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությանը: Այս որոշումից հետո էլ վերոնշյալ վարչությունը չի զբաղվել տիկին Լենայի դիմումով:

Տան սեփականաշնորհման քաշքշուկը, սակայն, միայնակ թոշակառուի միակ խնդիրը չէ: Տիկին Լենայի պատմելով՝ կողքի տան հարեւաններն էլ բարիդրացիական չեն տրամադրված. «Բավական չէ 4 մետր իմ հողից զավթել են, դեռ մի բան էլ այգուս ծառերի ճյուղերն են կտրատում: Երբ տանը չեմ լինում՝ դռանս կողպեքն են վնասում: Վերջերս չգիտեմ ինչ են արել՝ վերեւի տների կոյուղաջրերը գալիս- լցվում են իմ բակ ու գարշահոտությունից խեղդվում եմ: Ում դիմում եմ՝ ոչ մեկը ինձ չի ընդունում: Քանի անգամ ոստիկանություն եմ դիմել, բայց չեն ընդունում»:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանը վստահեցրեց, որ Լենա Թադեւոսյանի գործով կզբաղվեն եւ տիկնոջն այսօր հրավիրեց իր մոտ՝ ընդունելության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել