Սեփական ատերերն ինչո՞վ էին մեղավոր
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, կսկսվի Վլադիմիր Մնացականյանի, Լիգիա Հակոբյանի հայցի քննությունն ընդդեմ «Դվին հոլդինգ» կազմակերպության տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի: Հայցվորները տեղեկացրել էին, որ 2007թ. նոյեմբերի 22-ին «Դվին հոլդինգ» կազմակերպությունը սկսել է քանդել Տերյան 13 շենքի թիվ 10 եւ 7 բնակարանները՝ առանց համապատասխան պայմանագիր կնքելու, այն պահին, երբ իրենք տանը չեն եղել: Հայցվորները դիմել են Կենտրոնի ոստիկանություն, ուր բացատրություն է տվել քանդողների բրիգադավար Հարություն Գրիգորյանը: Վերջինս ոստիկանությունում հայտարարել է, որ «սխալմամբ է քանդել Տերյան 13 շենքի թիվ 10 եւ 7 բնակարանների տանիքը» եւ պարտավորվել է 4 օրվա ընթացքում այն վերականգնել: Լուսանկարում պատկերված տանիքը երեկվա դրությամբ դեռ վերականգնված չէր, թեեւ անցել է մեկուկես տարուց ավելի ժամանակ: Հայցվորները դատարանին տեղեկացրին, որ իրենք ստիպված դիմել են դատախազություն, ինչպես նաեւ կատարվել է ապրանքագիտական եւ շինարարատեխնիկական փորձաքննություն: Ըստ փորձագետի եզրակացության, Լ. Հակոբյանին պատճառվել է 485 000, իսկ Վ. Մնացականյանին՝ 262 000 դրամի վնաս: Հայցվորները դատարանից էին պահանջում իրենց պատճառված նյութական վնասի հատուցումը: Թեեւ նրանք դիմել էին ոստիկանություն, որպեսզի քրեական գործ հարուցվի «Դվին հոլդինգի» նկատմամբ, սակայն այն չէր հարուցվել: Ոստիկանության կենտրոնականի բաժնի հետաքննիչ Վ. Հայկարամյանը իր որոշման մեջ հաստատել էր, որ «քանդող բրիգադը» թիվ 7 եւ 10 բնակարանների տանիքը քանդել է անզգուշությամբ, ինչը, ըստ քննիչի, «խոշոր չափ չի առաջացրել, հետեւաբար նրանց արարքում բացակայում է հանցակազմի հատկանիշները, ուստի քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման»:
Երեկ «Դվին հոլդինգ» կազմակերպության նախագահ Ռաֆիկ Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ չեն, թե ովքեր են քանդել նշված բնակարանների տանիքները: Նա ասաց, որ դիմել են թե քաղաքապետարան, թե ոստիկանության Կենտրոնի վարչություն՝ միջոցներ ձեռնարկելու այդ կապակցությամբ: Մեր այն հարցին, թե ովքե՞ր կարող էին քանդել տանիքները, Ռ. Սարգսյանը պատասխանեց՝ նշված բնակարանների հարեւանները կամ «բոմժերը»: Նա հաստատեց, որ «Դվին հոլդինգ» կազմակերպությունը նշված տարածքում կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքների շրջանակներում քանդման աշխատանքներ է իրականացրել, իսկ կազմակերպության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը նշել էր, որ Տերյան 13 շենքի թիվ 8 բնակարանի սեփականատեր Զ. Նիկողոսյանի հետ կնքված պայմանագրի համաձայն է քանդել վերջինիս բնակարանը եւ այդ ընթացքում էլ անզգուշությամբ քանդել է թիվ 7 եւ 10 բնակարանների տանիքը, քանի որ «տանիքների ծածկի հիմնական գերանները միասնական են եղել»: