Մայիսի 14-ին գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարի պատճառով «Նաիրիտում» զոհված աշխատակիցների հարազատներին գործարանի ղեկավարությունը ոչ միայն գումարային օգնություն կտրամադրի, այլեւ սոցիալական-վերականգնողական երկարաժամկետ աջակցություն կցուցաբերի: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Ընկերությունից նաեւ հայտնում են, որ երեկվանից «Վառգոս» մոնտաժային ընկերության մասնակցությամբ սկսվել են քլորոպրենի արտադրամասի այրված եւ փլուզված տեղամասի ապամոնտաժման աշխատանքները. «Ապամոնտաժումն անհրաժեշտ է տվյալ տեղամասում նոր պայթյունների կամ հրդեհի վտանգն իսպառ չեզոքացնելու, պայթյունի հետեւանքով ապամոնտաժման ենթակա կոնստրուկցիաների վրա թափված եւ սարքավորումների մեջ մնացած քիմիական նյութերը լիարժեքորեն վնասազերծելու, ինչպես նաեւ դեպքի վայրում քննչական մարմինների եւ փորձագետների անվտանգ եւ անխափան աշխատանքը կազմակերպելու համար»:
Միայն ապամոնտաժման աշխատանքները, նախնական գնահատմամբ, կարժենան մոտ 20 միլիոն դրամ: