Վանաձորի տարեցների տան յուրաքանչյուր բնակիչ հոգու խորքում հույս ունի, որ զավակները մի օր իրենց տուն են տանելու
«Երկրաշարժից կինս մահացավ, տունս քանդվեց: Այն ժամանակ Կիրովականից տեղափոխվեցի Երեւան, որից հետո էլ տեղափոխվեցի ծերանոց»,- մեզ հետ զրույցում պատմեց Վանաձորի տարեցների տան 82-ամյա բնակիչ Ռաֆայել Արմաղանյանը, որն այստեղ է 1993 թվականից: Նա ծերանոցի ամենատարեց եւ «ստաժավոր» բնակիչներից է: Ինչպես ինքն է պարծենալով նշում՝ «այստեղի առաջին վետերանն եմ»: Ռաֆայել Արմաղանյանը մասնագիտությամբ շինարար-ինժեներ է: Երեք աղջիկ ունի, բայց, ինչպես ինքն է պատմում, «նրանք ցրված են աշխարհով մեկ»:
Նախորդ տարի ՀՀ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով հիմնանորոգման է ենթարկվել «Գեւորգ եւ Սիրվարդ Գարամանուկ» անունը կրող ծերանոցը: Այն, որպես ծերախնամ հաստատություն, ստեղծվել է 1993-ին, իսկ 2001-ին տարեցների տունը փոխանցվել է Հայ օգնության ֆոնդին (ՀՕՖ):
Տարեցների տան տնօրեն Տիգրան Քոչարյանի խոսքերով՝ «ծերանոց» բառը մեծահասակների մոտ տխրության եւ լքվածության զգացում է առաջացնում, ուստի ծերերին չնեղացնելու համար ծերանոցի անունը փոխվել է, այժմ այն պարզապես կոչվում է «տարեցների տուն»: Այժմ ծերանոցում ապրում է 55 բնակիչ: Նրանք մեզ հետ զրույցում որքան էլ ջանում էին իրենց անհոգ եւ ուրախ ձեւացնել, թաքցնելով հուզմունքը, միեւնույն է, նրանց բոլորի աչքերն էլ տխուր էին:
Ամուսիններ Յուրա եւ Հայկանուշ Հովհաննիսյանները մոտ 20 տարի առաջ գաղթել են Կիրովաբադից: Նրանք էլ զավակներ ունեն ու թոռներ. «24 թոռ, 8 ծոռ ունենք, բայց ծերանոցում ենք: Ամուսնությունից հետո աղջիկներիցս ամեն մեկն իրա մարդուն բռնեց ու մեզ էլ բրախեցին»: Ամուսինների պատմելով՝ յոթ տարի ծերանոցում են. «Արդեն ընտելացել ենք ու համակերպվել այս կյանքին»:
«Հիմիկվա երիտասարդները ծեր չեն հարգում, լրիվ ուրիշ են»,- մեզ հետ զրույցն այսպես սկսեց Ամալյա Մակոյանը՝ ծնված Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: «Երեխաներ չեմ ունեցել: Ամուսինս մահացավ, մենակ չմնալու համար եկա այստեղ»: Նրա ներկայացմամբ, հարազատների մեծ մասը դրսում են, միայն քրոջ երեխաներն են, որ երբեմն-երբեմն գալիս են իրեն տեսակցության: Տիկին Ամալյան, չցանկանալով հարազատներին քննադատել, ասաց. «Երիտասարդ են եւ երեւի ուզում են մենակ ապրել»:
Սիրիահայ Ռաֆիկ Ղազարյանի կյանքի պատմությունն այլ է: «1964 թվականից Հայաստանում եմ ապրում: Հայրս, մայրս մահացան, եղբայրներս մահացան: Աշխատում էի շինարարությունում: Մի աղջիկ, մի տղա ունեմ, վիճակները շատ վատ էր: Երկու սենյակում էինք, էլ ապրել չէր լինում: Մի թոռնիկ ունեմ, որին կարոտում եմ, բայց չեմ ուզում գան, անհարմար եմ զգում»,- ասաց 70-ամյա Ռ. Ղազարյանը: Նա տարեցների տանն է արդեն 5 ամիս: Ինչպես Ռ. Ղազարյանը պատմեց՝ այստեղ գալու որոշումն իրենն է եղել. «Չէի ուզում մնալ ոչ ոքի հետ: Հարսի թեւի տակ, դե, գիտեք, հնարավոր չէ ապրել»:
Ծերանոցի բնակիչների ներկայացմամբ, այստեղ իրենց առօրյան հետաքրքիր է անցնում. «Խնամքը լավ է, ապահով ենք, տաք ճաշ ենք ուտում, շաբաթը մի անգամ բաղնիք ենք գնում, լվացք անում, մի խոսքով՝ համերաշխ, մի ընտանիքի պես ապրում ենք»: Նրանց խոսքերով՝ նայում են միմյանց ու մխիթարվում:
Թեեւ վանաձորյան այս օջախում ամեն ինչ արվում է, որպեսզի ծերերն իրենց ընտանեկան միջավայրում զգան, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ծերանոցի ամեն մի բնակիչ հոգու խորքում սպասում է հարազատ զավակի այցին: Նրանք նույնիսկ այդ տարիքում մեծ հույսեր ունեն, որ հարազատներն իրենց ծերանոցից տանելու են՝ հենց որ նրանց սոցիալական պայմանները բարելավվեն: