Հայաստանում գործող որեւէ առեւտրային բանկից վարկով ավտոմեքենա ձեռք բերելիս՝ հաճախորդին բանկից սովորաբար ուղարկում են ապահովագրական այս կամ այն ընկերություն՝ մեքենան ապահովագրելու համար: Պարզվում է, սակայն, շատ քչերն են հասկանում, թե ինչու են ապահովագրում իրենց մեքենան: «ISG ինշուրանս» ընկերության ակտուար Զառա Մկրտչյանի ներկայացմամբ. «Մեր հաճախորդները հիմնականում գալիս են մեզ մոտ բանկերից: Նրանք գալիս են ու ասում՝ բանկի թուղթը կտա՞ք: Եվ հիմնականում չեն հասկանում, թե ինչ թուղթ է իրենց ձեռքում եւ ինչի համար է այն պիտանի: Ինքնակամ մեր ծառայություններից օգտվում են միայն նրանք, ովքեր երկար ժամանակ արտերկրում են ապրել եւ հասկանում են ապահովագրության իմաստը»:
Ըստ Զ. Մկրտչյանի՝ վարորդներից շատերը չեն հասկանում, որ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված «թղթի» միջոցով, վթարի կամ այլ դժբախտ պատահարների դեպքում իրենք կարող են բավականին մեծ չափերի հասնող փոխհատուցում ստանալ, իսկ հասկացողներն էլ՝ որպես կանոն, օգտվում են առիթից: Օրինակ, միտումնավոր վնասում են ինչ-ինչ խնդիրներ ունեցող ավտոմեքենան՝ ապահովագրական ընկերությունից գումար «պոկելու» համար: Սակայն նրանց մանրամասն բացատրվում է, որ փոխհատուցում կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ վթարը տեղի է ունեցել իրենց կամքից անկախ՝ ոչ իրենց մեղքով:
Նշենք, որ Հայաստանում չի իրականացվում նաեւ արտերկրում մեծ տարածում գտած կյանքի ապահովագրությունը: Պատճառն այն է, որ մեր երկրում շատ քչերին է հետաքրքրում այն, թե մահից հետո ով եւ ինչ միջոցներով կհոգա իր հուղարկավորության ծախսերը: Այդ իսկ պատճառով, «Առավոտի» հետ զրույցում մի քանի ապահովագրական ընկերություններից որեւէ մեկը չնշեց, որ երբեւիցե իրենց դիմել է մեկը, ով ցանկացել է ապահովագրել իր կյանքը: Ըստ Զ. Մկրտչյանի, նման գործարքներ անելու համար՝ Հայաստանում ապահովագրական շուկան դեռեւս զարգացած չէ, իսկ մարդիկ էլ առանձնապես չեն վստահում, որ մի քանի տասնամյակ շարունակ ապահովագրական ընկերությանը գումար մուծելու դեպքում, հետագայում իրենց ժառանգները կարող են ստանալ այդ գումարը, կամ ամսեամիս որոշակի գումար վճարելու դեպքում իրենք կարող են ապահովել իրենց ծերությունը՝ հետ ստանալով ոչ միայն կուտակած գումարը, այլ նաեւ տոկոսները: