Միջազգային երկրորդ ֆինանսական ցուցահանդեսը անտեսված էր թե՛ մասնակիցների, թե՛ այցելուների կողմից:
Պարզվում է, որ Հայաստանում գործող առեւտրային բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները այնպիսի ճգնաժամային վիճակում են գտնվում, որ չեն կարողանում նույնիսկ 100-150 հազար դրամ հատկացնել՝ ցուցահանդեսներին մասնակցելու համար:
Այս ամենի վկայությունն էր մայիսի 16-18-ը Երեւանում անցկացվող «Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ» երկրորդ միջազգային ֆինանսական մասնագիտացված ցուցահանդեսը: Կազմակերպիչների հավաստմամբ՝ հրավիրվել էին ֆինանսական ոլորտի բոլոր պաշտոնյաները՝ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահն ու ոլորտի մյուս ղեկավարները: Սակայն նրանցից որեւէ մեկն իր ներկայությամբ չէր կարեւորել ցուցահանդեսը: Թերեւս այլընտրանք չունենալով՝ ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեց միայն ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը, որն էլ, մի քանի րոպե ցուցահանդեսի փոքրիկ սրահում շրջելուց հետո, հեռացավ: Ուշագրավ է, որ Հայաստանում գործող 22 առեւտրային բանկից մասնակցում էր ընդամենը 4-ը՝ «Հայբիզնեսբանկը», «Անելիք բանկը», «Բիբլոս բանկ Արմենիան», եւ «Կասկադ բանկը»: Տաղավար չէր զբաղեցրել անգամ Կենտրոնական բանկը, որը նախորդ տարի նույն ցուցահանդեսում իր պատվավոր տեղն ուներ:
Չնայած բանկային ոլորտը հենց այն համակարգն է, որն այս կամ այն չափով առնչվում է քաղաքացիների հետ, սակայն այցելուները խիստ պասիվ էին, իսկ եղածներն էլ, ինչպես նշեց մասնակիցներից մեկը. «Հիմնականում գալիս են գրիչ ու բլոկնոտ վերցնելու համար, ոլորտով հետաքրքրված մարդիկ 10% հազիվ են կազմում»: Ի տարբերություն նախորդ տարվա, մասնակիցների թիվը գրեթե կիսով չափ պակասել էր: Թե ինչով էր պայմանավորված միջազգային ֆինանսական ցուցահանդեսի պասիվությունը, «Առավոտը» փորձեց պարզել կազմակերպիչներից: Ցուցահանդեսի կոորդինատոր, ծրագրի ղեկավար Արմինե Հակոբյանի ներկայացմամբ՝ հրավիրվել են ֆինանսական ոլորտում գործող բոլոր կազմակերպությունները, սակայն նրանց մեծ մասը հրաժարվել է մասնակցությունից, պատճառաբանելով, որ ճգնաժամի պայմաններում նման միջոցառումները համարում են շռայլություն: Ա. Հակոբյանի խոսքերով. «Կարծում եմ, որ այս պարագայում կարեւորը ոչ այնքան հնարավորությունն է, որքան ցանկությունը: Այս ցուցահանդեսին մասնակցում են այնպիսի ընկերություններ, որոնք, խոշոր բանկերի համեմատությամբ, շատ ավելի պակաս հնարավորություններ ունեն, այսինքն՝ ֆինանսական կողմն այնքան էլ մեծ նշանակություն չունի, մանավանդ որ, տաղավարների համար վճարվող գումարն այնքան էլ մեծ չէ»: Ըստ Ա. Հակոբյանի, առեւտրային բանկերի ներկայացուցիչները ցուցահանդեսին չմասնակցելը պատճառաբանել են նաեւ նրանով, թե այնքան վատ վիճակում են գտնվում, որ ստիպված են որոշ մասնաճյուղեր փակել, բացի այդ, նրանք չեն կարողանում եղած վարկերի պահանջարկը բավարարել, հետեւապես անտեղի կլինի ներկայանալ հանրությանը եւ գովազդվել այն դեպքում, երբ նոր հաճախորդներ ներգրավելու ցանկություն եւ հնարավորություն չկա: «Կարծում եմ, պետք է ճիշտ հակառակը լիներ, նրանք կարող էին գալ, մասնակցել ու մարդկանց ցույց տալ, որ իրենք կան, գործում են եւ առանձնապես խնդիրներ չունեն»,- նշեց Ա. Հակոբյանը:
Ցուցահանդեսի 20 մասնակիցների մեծ մասն էլ մեզ հետ զրույցում ձախողված միջոցառման մեղքը բարդում էր կազմակերպիչների վրա ու ասում, որ լավ կազմակերպելու եւ հանրությանը լավ տեղեկացնելու դեպքում թե մարդիկ եւ թե ոլորտի ներկայացուցիչներն ավելի շատ կլինեին:
«Առավոտը» հատուկենտ այցելուներից փորձեց պարզել նաեւ, թե ի՞նչ նպատակով են այցելել ցուցահանդես: Նրանք, ովքեր տեղեկացված էին, թե այն ինչ թեմայով է, ասացին, որ իրենք հետաքրքրված են հիմնականում հիփոթեքային եւ բիզնես- վարկերի տրամադրմամբ: Մի քանի երիտասարդներ էլ ասացին, որ եկել են գործ փնտրելու: Նրանք մոտենում էին բանկերի եւ ապահովագրական ընկերությունների ղեկավարներին եւ հարցուփորձ անում ազատ աշխատատեղերի վերաբերյալ:
Այցելուների մեջ մեծ մաս էին կազմում հատկապես նրանք, որոնք այցելել էին՝ իրենց ընկերության գովազդն անելու, նրանք շրջում էին տաղավարներով եւ իրենց այցեքարտերն էին փոխանցում այս կամ այն բանկիրին:
Նշենք նաեւ, որ ֆինանսական համակարգը ներկայացնող ցուցահանդեսին մասնակից գովազդային թերթերն ու ամսագրերը ավելի շատ էին, քան ոլորտի ընկերությունները: Մամուլի ներկայացուցիչներին գայթակղել էր, թերեւս, ցուցահանդեսի բնույթը, նրանք հույս ունեին, որ բանկիրներն ու խոշոր վարկատուները կդառնան իրենց թերթի հիմնական գովազդատուներից մեկը:
Սակայն միջոցառումն այնքան քչերին էր հետաքրքրում, որ, այցելուների պակասից ձանձրանալով, հենց բացման օրը, արդեն կեսօրին, իրեն «բիզնես-տեղեկատվական» համարող թերթերից մեկը հավաքեց թերթի հին համարները, որոնք բերել էր մարդկանց բաժանելու համար եւ լքեց տաղավարը: