Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱԿ-Ի

Մայիս 19,2009 00:00

 Ուրիխանյանի ղեկավարած կուսակցությունը դատի կտա Տեր-Պետրոսյանի ղեկավարած դաշինքին

«Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանում ստեղծվել է մի քաղաքական միավորում, որը համառորեն օգտագործում է «ՀԱԿ» հապավումը եւ շրջանառության մեջ է դրել այն՝ որպես «Հայ ազգային կոնգրես» նշանակություն ունեցող կրճատ անվանում, ինչի կապակցությամբ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը պատրաստվում է հայցով դիմել դատարան եւ պահանջել, որպեսզի հետագայում արգելվի հապավման գործածությունը որեւէ այլ նշանակությամբ, բացի «Հայաստանի առաջադիմական կուսակցություն»,- մայիսի 15-ին Հայաստանի առաջադիմական կուսակցությունը նման գրությամբ դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին: Առաջադիմականները ԿԸՀ նախագահից պահանջում են՝ «արգելել Երեւանի ավագանիների ընտրությունների նախընտրական քարոզչության եւ այլ առիթների ժամանակ այդ հապավման գործածությունը որեւէ այլ քաղաքական կազմակերպության կամ դաշինքի կողմից, ինչպես նաեւ բացառել քվեաթերթիկում նման հապավման առկայությունը»: Սույն պահանջը հիմնավորվում է այսպես. «Համաձայն ՀՀ Կուսակցությունների, ինչպես նաեւ ֆիրմային անվանումների մասին օրենքների՝ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում հաստատված եւ գրանցված «ՀԱԿ» հապավումը ունի միմիայն «Հայաստանի առաջադիմական կուսակցություն» նշանակությունը»: Այս առիթով ԿԸՀ լրատվական կենտրոնում «Առավոտին» պարզաբանեցին, որ Հայաստանի առաջադիմական կուսակցությունից նման որեւէ դիմում չեն ստացել, սակայն եթե ստանան էլ՝ «այս պարագայում ԿԸՀ-ն որեւէ գործառույթ ունենալ չի կարող, դատարանի խնդիր է»: Նաեւ տեղեկացրին, որ քվեաթերթիկներում հապավումներ չեն լինելու, նշվելու է դաշինքի ամբողջական անվանումը:

Իսկ, արդյոք, ժամանակավրեպ չէ՞ առաջադիմականների այս ոգեւորությունը, քանի որ Հայ ազգային կոնգրեսը, իբրեւ կուսակցությունների միավորում, գրանցվեց շատ ավելի վաղ, եւ միայն դրանից ամիսներ անց հայտնի դարձավ, որ Երեւանին ընտրություններ են սպասվում: «Առավոտի» հարցին Հայաստանի առաջադիմական կուսակցությունում այսպիսի պարզաբանում տվեցին. «Մինչ այդ Կոնգրեսն ինքն իր ներսում էր «ՀԱԿ» հապավումն օգտագործում եւ երեւի իրավունք ունեին ներքին օգտագործման համար կիրառել հապավումը, բայց երբ գնում են ԿԸՀ՝ պետական կառույց, այդ դեպքում իրավունք չունեն օգտագործել, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ այդ հապավումը պատկանում է մեր կուսակցությանը»: Իսկ հարցը հիմա են որոշել վիճարկել, որովհետեւ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում «ՀԱԿ» հապավումը մշտապես կիրառվել է՝ վերագրվելով Հայ ազգային կոնգրեսին: «Առավոտի»՝ մտավախություն ունեք, որ Կոնգրեսը առաջադիմական կուսակցության իմիջո՞վ կհիմնավորվի քաղաքական դաշտում, հեգնանքի արձագանքը առաջադիմականների կողմից եղավ զուսպ. «Այդ հապավումը մեզ է պատկանում, եւ մենք պատրաստվում ենք տեր կանգնել դրան: Այս պահին հարցի բարձրացումն ընտրությունների հետ չենք կապում, պարզապես, գործընթացն հիմա ենք սկսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել