Առաջիկա ընտրությունների համատեքստում երեկ արդեն երկրորդ սկանդալային միջադեպն է արձանագրվել ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ: Հերթական այս միջադեպը՝ լայնածավալ ծեծկռտուքը հիշյալ կուսակցությունների ակտիվի միջեւ, տեղի է ունեցել Սիլիկյան թաղամասում՝ «3-րդ գյուղ»: Միջադեպը տեղի է ունեցել այդ թաղամասում ՀՀԿ-ի շտաբ կատարած Աջափնյակի թաղապետ, ՀՀ գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանի այցի ընթացքում: Ականատեսների պատմելով, նրան ուղեկցած Աջափնյակի թաղապետի տեղակալ, ավելի շատ «Ալյումինի Արմեն» մականունով հայտնի Արմեն Բաղդասարյանը 3-րդ գյուղում ԲՀԿ-ի նախընտրական շտաբի մոտ հայտարարել է, թե թաղամասում «Բարգավաճի» բոլոր շտաբները պիտի փակվեն: Շտաբի պատասխանատու Վահան Կարապետյանի հետ ունեցած լեզվակռիվը հենց թաղապետի տեղակալի ջանքերով վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում տուժել են թե՛ թաղապետի տեղակալը, թե՛ ԲՀԿ շտաբի պետն ու նրա համակիրները:
«Առավոտի» տեղեկություններով, ծեծելու գործում առավելությունը եղել է հօգուտ ԲՀԿ-ականների, որոնք հասցրել են պատռել նաեւ թաղապետ Ռուբեն Հովսեփյանի շորերը: Ականատեսներն ասացին, թե թաղապետին նրա մարդիկ ուղղակի փախցրել են ԲՀԿ-ականների ձեռքից, իսկ ծեծվածների մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են եղել, այդ թվում՝ Աջափնյակի ավագանու ՀՀԿ-ական անդամներից մեկը: Կարճ ժամանակ անց Սիլիկյան թաղամասում մարդիկ տեսել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի «կորտեժը», եկել են նաեւ դատախազության եւ ոստիկանության աշխատակիցները, որոնք շուրջկալի մեջ են առել 3-րդ գյուղը: Թաղամասի բնակիչների ասելով, վերջիններս փորձել են ստանձնել կողմերի միջեւ հաշտեցնողի դերը, ինչից ենթադրվում է, որ կատարվածին իրավական ընթացք չի տրվի, իսկ «ռազբորկան» շարունակվել է մինչեւ ուշ երեկո՝ արդեն «խոպան» կոչվող տեղանքում: