Լրահոս
Օրվա լրահոսը

Անայլընտրանք ընտրություն

Մայիս 19,2009 00:00

Առանց որեւէ մրցակցության, ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Սամվել Նիկոյանը երեկ գաղտնի քվեարկությանը մասնակցած 108 պատգամավորներից 104-ի կողմ ձայները ստանալով, ընտրվեց ԱԺ փոխնախագահ: Դարձյալ առանց այլընտրանքի առաջադրված Արտակ Դավթյանին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուն կողմ քվեարկեցին 102-ը, դեմ՝ 6 պատգամավորներ:

Այս ընտրության ընթացքում, այնուամենայնիվ, եղան սուր պահեր: Առաջինն այն էր, երբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը փորձեց պարզել Սամվել Նիկոյանի կենսագրության որոշ հակասական փաստեր. նա ե՛ւ եղել է ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, ե՛ւ 1987-ին ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: «Ըստ ամենայնի՝ առհավետ դեպի պատմությունը գնացող փիլիսոփայության վերջին ուսումնասիրության ճի՞գն եք արել»,- կեսկատակ ենթադրեց Վահան Հովհաննիսյանը: Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ Էռնեստ Սողոմոնյանը Ս. Նիկոյանին ասաց, թե նրա կենսագրության մեջ իրեն հատկապես այդ հատվածն է դուր եկել, եւ ողջունում է Մարքսի, Լենինի եւ Նժդեհի հետ նրա բոլոր տեսական շփումները:

Արդեն առանց կատակների բախման պատճառ դարձավ «Ժառանգության» քարտուղար Լարիսա Ալավերդյանի պահանջը Սամվել Նիկոյանին՝ որպես ԱԺ փոխնախագահ, զբաղվել հիմնականում ՀՀԿ պատգամավորների բացակայությունների խնդրով. «Մեկ-մեկ ինձ բարեւում են մարդիկ, ես ասում եմ՝ կներեք, ձեզ չեմ ճանաչում: Ասում է՝ ես ԱԺ պատգամավոր եմ»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սրան շատ բուռն արձագանքեց. «Սրանից հետո հերի՛ք է ընդհանուր խոսեք, անունն ասեք այդ պատգամավորի, տեսնենք՝ էդ ո՞ր պատգամավորն է, որին դուք տեսել եք՝ չեք ճանաչել… Հիշողության եթե պրոբլեմ կա՝ դիմեք բժշկի: Չի կարելի, չէ՞, պատգամավորին տենց վարկաբեկել… Խնդրում եմ, մի քիչ կոռեկտ եղեք, ամոթ է»: Լ. Ալավերդյանը հակադարձեց. «Խնդրում եմ՝ ամոթանք տալ այն պատգամավորներին, ովքեր հազվագյուտ են գալիս կամ չեն գալիս ԱԺ»: «Անվանական ասեք՝ ում մասին եք խոսում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը, եւ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, թե չի ճանաչում նրանց: «Չեք ճանաչում, ուրեմն ճանաչեք, ուրեմն դո՛ւք չեք գալիս նիստի: Այ քեզ բան»,- գոռաց ԱԺ նախագահը: Ի դեպ, այս բանավեճից հետո Լարիսա Ալավերդյանը մոտեցել էր ՀՀԿ պատգամավոր Սամվել Սարգսյանին (Վայոց ձորի նախկին մարզպետը) եւ հարցնում էր, թե ինչ է նրա անունը: ԱԺ նախագահի սկսած բանավեճը շարունակեցին ՀՀԿ այլ պատգամավորներ: Մասնավորապես Գագիկ Մինասյանը «Ժառանգությանը» կոչ արեց. «Ուրիշի աչքում չոփը տեսնելուց առաջ ձեր աչքի գերանը տեսեք»: Եվ նշեց, թե խմբակցության նախկին ղեկավարն անցյալ տարիների ընթացքում «երկիր չմնաց, որ չգնա, միջոցառում չմնաց, որ չմասնակցի՝ նույնիսկ կանանց օրգաններին (Նաիրա Զոհրաբյանը տեղից հուշում էր՝ աբորտներին.-Ա. Ի.) վերաբերող»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել