Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ի քննարկումն անսպասելի չէր

Մայիս 19,2009 00:00

Մի՞թե Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղեկատվության աղբյուրը միայն իր համակիր թերթերն են

Մայիսի 15-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու եւ մայիսի 7-ին Պրահայում հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում մեր երկրի դիրքորոշման կոշտացման «Սերժ Սարգսյանի դեմարշին» Արեւմուտքի պատասխան դիտարկեց մասնավորապես հետեւյալը. «ԵԽԽՎ-ն անսպասելիորեն որոշեց իր հունիսյան նստաշրջանում կրկին քննարկման դնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը»: Նշենք, սակայն, թե այն, որ մեր հարցը քննարկվելու է ԵԽԽՎ հունիսի 22-ից մեկնարկող նստաշրջանում՝ հայտնի էր ավելի վաղ, քան տեղի էին ունեցել պրն Տեր-Պետրոսյանի վկայակոչած բոլոր իրադարձությունները: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 27-ին, երբ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվեց մեր հարցը՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել էր «Առավոտին», որ հունիսյան նստաշրջանում կլինի զեկույց համազեկուցողների կողմից (տես՝ https://new.aravot.am/am/articles/politics/59847/view «ԵԽԽՎ-ն Հայաստանի հարցը կքննարկի հունիսին» հրապարակումը): Դավիթ Հարությունյանը երեկ պնդեց, թե մեր հարցի քննարկումը բնավ անսպասելի չի մտել օրակարգ. «Ամենեւի՛ն: Դա ծրագրված գործընթաց էր: Քննարկումը պետք է տեղի ունենար: Խնդիրը միայն այն էր, թե ե՛րբ դա տեղի կունենար՝ ապրիլի՞ն, թե՞ հունիսին: Դեռեւս հունվարին եմ հայտնել, որ վստահ եմ՝ ապրիլին հարցը չի քննարկվի եւ կքննարկվի միայն ամառային նստաշրջանում: Այսինքն՝ որեւէ նոր բան, որեւէ անակնկալ չի եղել՝ սկսած անցած տարվա վերջից»:

Կարելի է ենթադրել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդման համար հիմք էր ծառայել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստից 10 օր անց ՀԱԿ համակիր թերթերից մեկի հրապարակումը, որում ներկայացված էր, թե հարցն անսպասելի է ներառվել օրակարգում: Նա հենց ՀԱԿ համակիր մի քանի լրատվամիջոցների վկայակոչեց՝ որպես «Սերժ Սարգսյանի դեմարշին» Արեւմուտքի պատասխան մատնանշելով նաեւ հետեւյալը. «Պարզվեց, որ ԱՄՆ-ի կառավարության 2010թ. բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 40%-ով կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը, դադարեցնել ԼՂՀ-ին հատկացվող հումանիտար օգնությունը»: Մինչդեռ մայիսի 9-ի այդ հրապարակումներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մայիսի 14-ին պատասխանել է տարածված հատուկ հաղորդագրությամբ, որն այժմ էլ տեղադրված է դեսպանատան պաշտոնական կայքէջում՝ https://www. usa.am/ news/2009/may/news051409_arm.php: Դեսպանն այստեղ մասնավորապես հայտնում է. «Օբամայի վարչակազմի ներկայացրած հայտում 2010 ֆինանսական տարում Հայաստանի համար պահանջվող գումարը (30 մլն դոլար) 25%-ով ավելի է 2009 ֆինանսական տարում Հայաստանի համար Բուշի վարչակազմի պահանջած գումարից (պահանջվել էր 24 մլն դոլար, իսկ Կոնգրեսն այդ գումարը կրկնապատկեց): Հայաստանին 2010 ֆինանսական տարում հատկացվելիք օժանդակության փաստացի ծավալների մասին Կոնգրեսը դեռ որոշում չի ընդունել: Ինչ վերաբերում է ֆինանսավորման տրամադրմանը Լեռնային Ղարաբաղին, ապա բյուջետային հայտ Կոնգրեսին երբեւէ չի ներկայացվում, քանի որ բյուջետային գործընթացում այդպիսի մեխանիզմ նախատեսված չէ: Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրման հարցը կարգավորվում է ավելի ուշ՝ Կոնգրեսի ու Վարչակազմի միջեւ բյուջեի բանակցման ընթացքում»:

Այսքանից հետո մնում է զարմանալ՝ մի՞թե սեփական խոսքի նկատմամբ խիստ պահանջկոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի աղբյուրը միայն ԶԼՄ-ներն են, թե՞ նման պնդումների պատճառն ուղղակի քաղաքական նպատակահարմարությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել