Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ

Մայիս 19,2009 00:00

Այդ մասին վկայեց Արաբկիր համայնքի ընտրողների հետ երեկվա հանդիպումը

«Ես կարծում եմ, որ դե-յուրե լքելով կոալիցիան՝ ՀՅԴ-ն դե-ֆակտո մնացել է իշխանությունում»,- երեկ «ԱրմԻնֆո»-ին ասել էր ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: «Echannel» կայքէջն էլ երեկ հրապարակել էր Ժողովրդական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանի գնահատականը. «Դաշնակցությունն ընդդիմություն չէ: Երեք օրում ընդդիմություն չեն դառնում: Եթե այդպես է՝ ուրեմն, դուք էլ կարող եք դառնալ Հռոմի Պապը: Դաշնակցության վրայից դեռ պորտֆելների հոտ է գալիս»: Այս գործիչները թերեւս փոքր-ինչ վերանայեին իրենց գնահատականները, եթե երեկ երեկոյան ներկա լինեին Արաբկիր համայնքում ընտրողների հետ ՀՅԴ հանդիպմանը: Մի քանի մեջբերումներ անենք հնչած ելույթներից, որոնցից արդեն բնավ չէր գալիս «պորտֆելի հոտ»:

ՀՅԴ Արաբկիրի տարածքային կոմիտեի ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը, որը վարում էր այդ հանդիպումը՝ իր ելույթում մասնավորապես ասաց. «Քաղաքապետարանի ոչ թափանցիկ եւ կոռումպացված գործունեությունը, ապօրինի շինարարությունները, հողազավթումը, երեխաների խաղավայրերի եւ կանաչապատ տարածքների զավթումը, ծառահատումները, հանրային գերակա շահի անվան տակ բնակիչներին իրենց սեփական տներից վտարումը, անօրինական դրամահավաքները դպրոցներում ու մանկապարտեզներում, թատրոնների եւ մշակութային մյուս օջախների անմատչելի լինելը ժողովրդի լայն զանգվածների համար, հարկերի եւ տուրքերի անհամաչափ լինելը, բուժման բարձր սակագներն ու մունիցիպալ ոստիկանության բացակայությունը՝ ահա այն հարցերն են, որոնք փոխանցվել են մեր քաղաքապետի թեկնածուին, եւ մենք հետամուտ ենք լինելու այդ հարցերի ծրագրված եւ հիմնական լուծմանը»:

Հաջորդը ելույթ ունեցավ ԱԺ նախկին փոխնախագահ Հրայր Կարապետյանը, որն իշխանությունից դուրս գալու ՀՅԴ որոշման մասին խոսելով՝ հայտարարեց. «Մենք կարող ենք միայն եւ միայն այն դեպքում կիսել պատասխանատվությունը, եթե մեր քաղաքականությունն ու մեր սկզբունքներն իսկապես կյանքի կկոչվեն: Մենք չե՛նք կարող պատասխան տալ այսօր իշխող կոռուպցիայի համար, չե՛նք կարող պատասխան տալ նախկին սխալների համար եւ առավել եւս՝ չե՛նք կարող պատասխան տալ այն բանի համար, որ այսօր խաղում են մեր երկրի ապագայի եւ ճակատագրի հետ»:

ՀՅԴ համամասնական ցուցակում 5-րդը՝ Մարի Թիթիզյանը, հավաքվածներին դիմելով, ասաց. «Եթե դուք որոշեք սատարել այն քաղաքական ուժին, որն ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ գալիս ու ձեր փողոցներն ասֆալտապատում է կամ բակերը լուսավորում՝ դա ձեր ընտրությունն է՝ իհարկե: Բայց իմացեք՝ բոլոր բացասական երեւույթները, որոնք տիրում են մեր մայրաքաղաքում՝ շարունակվելու են. անտերությունը, կաշառակերությունը, ամենաթողությունը, անկանոնությունը»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր ելույթում որպես իրենց ցուցակին մաս կազմող գործիչների առավելություն՝ նշեց, թե նրանք չունեն մականուններ: Մի տարբերություն էլ նշեց ՀՅԴ եւ այլոց կազմակերպած հանդիպումների կապակցությամբ, թե իրենց մասնակիցներն «այլ թաղամասերից ավտոբուսներով չեն բերված»: Նկատենք, որ այդ պատճառով էլ հավաքվածներն այնքան էլ բազմաքանակ չէին եւ հիմնականում հենց ՀՅԴ անդամներ էին կամ համակիրներ:

Սակայն դառնանք Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանի ելույթին. «Մայիսի 31-ին իսկապես վճռական ընտրություն է լինելու: Ոչ միայն նրա համար, որ մենք ընտրելու ենք մայրաքաղաք Երեւանի իշխանություններին, այլեւ նրա համար, որ մենք մայիսի 31-ին պետք է պատասխանենք շատ կարեւոր մի հարցի՝ արդյոք մենք վստահելո՞ւ ենք ազգային արժեք ներկայացնող ուժի, թե՞ շարունակելու ենք ապրել անարդարության, կոռուպցիայի, ամենաթողության պայմաններում»: Նա պնդեց, թե ՀՅԴ-ն մի շարք հարցերի վերաբերյալ իր մոտեցումներով տարբերվում է ընտրապայքարին մասնակցող այլ ուժերից: Այդ խնդիրներից առաջնահերթն, ըստ Արծվիկ Մինասյանի՝ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների պատասխանատվության ու դերակատարության հարցն է. «Եթե մենք հետեւում ենք այսօր վարվող քաղաքականությանը՝ տեսնում ենք բացարձա՛կ անտարբերություն եւ բացարձա՛կ անպատասխանատվություն: Մեր քաղաքացիները գրեթե ամեն օր բախվում են անարդարության, ամեն օր գնդակի նման այս ու այն կողմ են ընկնում: Ամեն օր նրանց նկատմամբ կիրառվում է հոգեբանական բռնություն, բռնություն նրանց ապագայի նկատմամբ: Նաեւ ֆիզիկական բռնություն, երբ ճանապարհին վրաերթի են ենթարկում եւ պատասխանատվության չեն ենթարկվում մարդիկ, որոնք այս կամ այն օլիգարխի թիկնապահն են, այս կամ այն պաշտոնյայի բարեկամը կամ հարազատը: Սա այսօրվա կառավարման համակարգն է: Սա այսօրվա իրավիճակն է: Իրավիճակ, երբ մեր ոստիկաններին մեր քաղաքացիները նայում են վախվորած: Մեր ոստիկանները մեր քաղաքացիներին նայում են իբրեւ պոտենցիալ հանցագործների: Այս իրավիճակը շարունակել այլեւս հնարավո՛ր չէ»: Նաեւ նշեց. «Չի կարող լինել այնպես, որ մի օր զարթնեք, եւ իշխանությունները ձեզ սիրեն, հարգեն, եթե նրանք ընտրվում են կեղծիքներով, եթե նրանք իրենց հարստությունը դիզում են մե՛ր, ձե՛ր, բոլորի՛ս առօրյա աշխատանքն օգտագործելով: Չի կարող լինել այնպես, որ այդ իշխանությունը մտածի ձեր մասին: Եվ հետեւաբար՝ չի կարող այն իշխանությունը, որը վերարտադրվում է փողի զոռով եւ վարչական լծակների միջոցով՝ մտածի մեր քաղաքացիների մասին, անհնա՛ր է: Նա այս ամենն օգտագործելու է սեփական հարստությունն ավելացնելու, սեփական բիզնեսն առավել ծաղկեցնելու, սեփական դերակատարությունն ու կլանային համակարգն ավելի մեծացնելու համար: Հետեւաբար՝ մենք բոլորս միասնաբար պետք է ո՛չ ասենք փողի իշխանությանն ու վարչական լծակներով պարտադրվող քվեարկություններին»: Կոալիցիոն երկու ուժերին ուղղված այս ակնհայտ ակնարկներից բացի՝ նաեւ խոսեց այն մասին, թե դպրոցները ենթարկվում են քաղաքական ճնշումների, ուսուցիչները գործիք են դառնում այս կամ այն քաղաքական ուժի ձեռքում:

Քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն հայտարարեց, թե հարկ է ձեւավորել ազգային քաղաքապետարան. «Երեւանի քաղաքապետը պետք է լինի ազգային պետական գործիչ, այլ ոչ թե բիզնեսմեն՝ այն իմաստով, որ ողջ իշխանությունը ծառայեցնի սեփական բիզնեսը հարստացնելու, եւս մի հերթական տարածք սեփականաշնորհելու համար կամ տալու այս կամ այն օլիգարխին: Եվ ոչ էլ այն անձինք, ում համար ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է՝ չեն կարող լինել ազգային գործիչներ, ինչքան էլ գեղեցիկ բառերի տակ թաքցնեն իրենց ձգտումները: Հնարավո՛ր չէ: Ազգային պետական գործիչ կարող են լինել նրանք, ովքեր դաստիարակվել են այդպես, ովքեր այդ արժեքները կրում են իրենց հոգում եւ այդ մտքերը չեն արտահայտում միայն այն ժամանակ, երբ դրանք անհրաժեշտ են իրենց իշխանության գալու համար»:

Այս ամենից հետո հիշեցնենք, որ դեռեւս մի ամիսն էլ չի լրացել, ինչ ՀՅԴ-ն հայտարարեց իշխանությունից դուրս գալու մասին:

Հ. Գ. Հավելենք, որ Աջափնյակի բնակիչների հետ մայիսի 17-ի հանդիպման ժամանակ էլ Արծվիկ Մինասյանը հայտարարել է. «Երեւանի քաղաքապետը պիտի կարողանա ընդդիմախոսը լինել իշխանությունների, պահանջել եւ առաջնորդվել Երեւանի եւ երեւանցու շահերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել